«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2004-02-14 | #26, 2004-02-17 | #27, 2004-02-18


«ՆՎԱԳՍ ՄՆԱ ՀԻՇԱՏԱԿՈՂ...»

Հիշելով Արտեմ Մեջինյանին

Հինգ-վեց տարի առաջ նրան կարելի էր տեսնել փողոցում նվագելիս։ Շատերը գուցե չգիտեին, բայց գոնե մասնագետները ճանաչում էինՙ Արտեմ Մեջինյանն էր նվագում, նա, ով արվեստագետի հարուստ կենսագրություն ուներ եւ շատ բանով էր հարստացրել հայ երգի պատմությունը։

1939 թ. մասնակցել է Երեւանում տեղի ունեցած ժողգործիքների մրցույթին։ Նույն թվին ֆիլհարմոնիայի ժողգործիքների նվագախմբի հետ մասնակցել է Մոսկվայում կայացած հայկական արվեստի ու գրականության տասնօրյակին, արժանանալով «Աշխատանքի գերազանցության համար» մեդալի։ 1946 թ. ռադիոյի ժողգործիքների համույթի ղեկավար Արամ Մերանգուլյանի հրավերով ընդունվում է համույթի կոնցերտմեյստեր եւ մենակատար։

Աշխատանքին զուգահեռ աշխատել է Ռ. Մելիքյանի ուսումնարանումՙ որպես դասատու։

1956 թ. երկրորդ անգամ մասնակցել է Մոսկվայում կայացած հայկական արվեստի ու գրականության տասնօրյակին։ Պարգեւատրվել «Պատվո նշան» շքանշանով եւ Հայաստանի գերագույն խորհրդի պատվոգրով։ Համերգների ժամանակ նա հանդես էր գալիս Շարա Տալյանի, Շողիկ Մկրտչյանի, Արաքսի Գյուլզադյանի, Վաղարշակ Սահակյանի եւ այլոց հետ։ Մեջինյանը ոչ միայն տաղանդավոր, վիրտուոզ քամանչահար էր, այլեւ գերազանց ստեղծագործող։ Նա երգեր է ստեղծագործել հայտնի գրողների տեքստերովՙ Ավ. Իսահակյան, Հ. Շիրազ եւ այլք։ Մեջինյանն ունի նաեւ սեփական ստեղծագործություններՙ «Երգ պար», «Արփենիկ», «Գայանե» պարերը։ 1961-ին Մեջինյանին շնորհվել է Հայկական ԽՍՀ-ի վաստակավոր արտիստի կոչում, իսկ 1986-ինՙ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում։ Ա. Մեջինյանի կատարմամբ ձայնագրված երիզները հայկական ռադիոյի ոսկե ֆոնդում են։

Նրա նվագն իր հուզականությամբ ու մեղեդայնությամբ հուզում է ունկնդիրներին, եւ նրանք միշտ մեծ սիրով լսում են։

Ժող. արտիստ, բազմաթիվ մրցանակների դափնեկիր, քամանչահար, կոնցերտմեյստեր Ա. Մեջինյանի երգերը գրված են գուսանական արվեստի լավագույն ավանդույթներով։ Երգերի մեղեդայնությունը եւ խոսքերը քնարական են։ Մեջինյանի երգերը կատարում են լավագույն երգիչները, ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում։

Ա. Մեջինյանի երգերն ամփոփված են նրա հեղինակությամբ հրատարակված երկու գրքերումՙ «Սրտի ձայնով» («Սովետական գրող» հրատարակչություն, Երեւան, 1981 թ.), «Ժողովրդական քնար» (համահեղինակային, Երեւան, 1986 թ.)։

ՌՈՒԲԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4