«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2004-02-14 | #26, 2004-02-17 | #27, 2004-02-18


ՄԱԴՐԱՍԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՅԸ

Մադրասը քաղաք է Հարավային Հնդկաստանում, Բենգալյան ծոցի ափին։ Տամիլնադ նահանգի վարչական կենտրոնն է։ 1971-ին, ըստ «Հայկական սովետական հանրագիտարանի» տվյալների, ունեցել է 2470 հազ. բնակիչ։ Մադրասահայ համայնքը կազմավորվել է XVI դարում։ 1547-ին կառուցվել է առաջին հայկական եկեղեցին, 1772-ինՙ Ս. Աստվածածինը, որը գործում է ցայսօր։ Հայերը մասնակցել են Մադրասի կառավարմանն ու բարգավաճմանը։ Անգլիացիների գալուց առաջ Չին Փաթայի (Մադրասի) կառավարիչը եղել է հայազգի Ղոգազը (հավանաբարՙ Ղուկաս- Հ. Ծ.)։ Մադրասահայեր Շահամիր Շահամիրյանը, Մովսես Բաղրամյանը, Հարություն Շմավոնյանը մեծ դեր են խաղացել հայ ազատագրական գաղափարախոսության ձեւավորման գործում։ 1794-ին Մադրասում է լույս տեսել հայ մամուլի առաջնեկ «Ազդարարը»։ Առաջինը մադրասահայերն են կազմել (1783-ին) համայնքային կանոնադրությունՙ «Տետրակ, որ կոչի հորդորակ», ըստ որի համայնքի բարձրագույն մարմինը տարեկան ընդհանուր ժողովն էր։ Մադրասահայության թվի մասին առանձին տեղեկություն չկա հանրագիտարանում, սակայն նշված է, որ հնդկահայ համայնքները ստվարացել են XVII-XVIII դդ., երբ հաշվել են շուրջ 20-25 հազար մարդ, որոնք հիմնականում բնակվել են շուրջ 20 առեւտրակենտրոններումՙ Ագրա, Կալկաթա, Բոմբեյ, Մադրաս, Հայդարաբադ, Դաքա, Լահոր, Դելի եւ այլ քաղաքներում։ Բարգավաճել են հատկապես առաջին չորս քաղաքների համայնքները։ Հանրագիտարանային այս տեղեկություններին ծանոթանալուց հետո հետաքրքիր է կարդալ ստորեւ թարգմանաբար ներկայացվողՙ Մադրասում BBC անգլիական ռադիոընկերության թղթակից Չարլզ Հեւիլենդի հոդվածը հայ համայնքի ներկա դրության մասին։

Հարավային Հնդկաստանի Մադրաս քաղաքը մի ժամանակ հպարտանում էր իր հայկական ծաղկուն համայնքով։ Այժմ, սակայն, ընդամենը երկու հայ է մնացել այնտեղ։ Նրանցից մեկը Մայքլ Սթիվն է, 35 տարեկան, քաղաքի հայկական եկեղեցու նվիրյալ պահապանը։ Արդեն ինը տարի նա ապրում է այնտեղ եւ խնամում 18-րդ դարից կանգուն մնացած եւ տեղի երբեմնի հայկական ներկայությունը հավերժացնող մայր տաճարը։ Իր ավագ գործընկերոջՙ 90-ամյա Գրիգորի մահվանից հետո նա է վերցրել այդ պարտականությունը։ Ս. Աստվածածնի կոնաձեւ գմբեթով եկեղեցին գտնվում է Ջորջթաունի հայկական փողոցի եռուզեռից հեռու։ Սա Մադրասի առեւտրական հին կենտրոնն է, որը ճանաչված է նաեւ «Չեննոյ» անունով։ Մոտիկ է նավահանգստին, բազմամարդ է եւ կեղտոտ։ Բայց բավական աշխույժ է եւ կենսունակ։ Փողոցում որոշ առեւտրականներ վաճառում են սանդալներ, գոտիներ, գլխարկներ, իսկ ատաղձագործները եւ այլ արհեստավորները ցուցադրում են իրենց վարպետությունը։

Ճռռացող փայտյա դռնից եկեղեցու տարածք մտնելով բացվում է բոլորովին տարբեր մի աշխարհ, որտեղ վանդակներում փակված թռչունների ծլվլոցն է իշխում։

«Հայերն այս եկեղեցին կառուցել են Մադրասի ֆրանսիական գրավման օրերին կործանված նախկինՙ 1712-ին կառուցված եկեղեցու փոխարեն, նույն վայրում, որտեղ նաեւ գերեզմանատունն էր», բացատրում է Մայքլը։

Մադրասի պատմության հայտնի վավերագրող Մութիայի վկայությամբ, հայկականից բացի Մադրասում գոյություն են ունեցել նաեւ հրեական, պորտուգալական, հոլանդական, ֆրանսիական եւ գերմանական համայնքներ։ Հայերի մեծ մասը առեւտրականներ են եղել կամ փախստականներ հիմնականում Պարսկաստանից, Միջագետքից եւ Հայաստանից։ «Առեւտուրը (բամբակ, տեքստիլ, արժեքավոր քարեր, փայտանյութ, կանեփ, համեմունք) ծավալվել է դեպի Արեւմտյան եւ Արեւելյան Ասիա։ Հայերը չափազանց հավատացյալ ժողովուրդ են եղել եւ առատաձեռնորեն նվիրաբերել են եկեղեցիներին», պատմում է նա։ Ս. Աստվածածին եկեղեցին, որտեղ երգչախմբի համար հատուկ տեղ կա եւ նստարաններՙ 130 հոգու համար, դեռեւս գործում է։ Տարեկան չորսից վեց անգամ պատարագ է մատուցվում, երբ քահանա հոր ուղեկցությամբ այնտեղ են ժամանում մի խումբ հայեր Կալկաթայից, որտեղ այժմ 140 հայ կա։ Մայքլն ինձ ցույց տվեց 1668-ին տպագրված մեծ սուրբ գիրք, որն այդ առիթներով օգտագործվում է։ «Հին ծիսակատարությունները կատարվում են նույն ձեւով։ Ոչինչ չենք փոխել», ասում է նա։

Աստիճանավոր փայտյա խորանը զարդարված է Հիսուսի կյանքը պատկերող կտավներով։ Զանգակատան փայտյա սանդուղքներով բարձրանալով, մենք տեսանք վեց հսկայական զանգեր, որոնցից երկուսըՙ թվագրված 1837, բերված են Լոնդոնի «Ուայթչափել բել ֆաունդրի» գործարանից, որը հիմնականում զանգեր է պատրաստում անգլիական հայտնի Բիգ Բենի եւ Ֆիլադելֆայի «Լիբերտի բելի» համար։

Ամեն կիրակի առավոտյան Մայքլը երեք զանգերը հնչեցնում է միաժամանակ, դանդաղ եւ հանդիսավոր շնչով պատելով ամբողջ Մադրասը։ Այստեղՙ եկեղեցու բակում թաղված են մի քանի հեղինակավոր անձնավորություններ, որոնցից են հայր Հարություն Շմավոնյանը, մահացած 1824-ին։ Նա այդ վայրերում տպագրել է առաջին հայկական թերթը։ Մայքլը նաեւ հպարտ է, որ անկախ Հայաստանի առաջին սահմանադրությունը գրի է առնվել Մադրասի հայկական համայնքումՙ 1781 թվին։ Միայն 200 տարի անց անկախ Հայաստանի երազանքն իրականություն դարձավ։

Իսկ Մայքլի երազանքն է դարձյալ տեսնել հայկական ընտանիքների հոսք դեպի Մադրաս։ «Չնայած ես երբեք ինձ մենակ չեմ զգում։ Շարունակում եմ կատարել իմ պարտականությունները», ասում է նա ավելացնելով, որ իրենից բացի մեկ ուրիշ հայ էլ կա քաղաքում, որը եկել է պայմանագրով տեղի ռեգբիի խումբը մարզելու։ Ըստ Մութիայի, այդ մարդը պարզապես շարունակում է ավանդույթը, համաձայն որի արդեն 30-40 տարի հայերը գլխավոր դերակատարություն ունեն այդ մարզաձեւում։

Քայքայված տներով հարուստ քաղաքի ընդհանուր տեսարանի վրա հայկական եկեղեցին ամուր է կանգնած եւ համապատասխան ֆինանսական միջոցներ ունի որոշակի վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար։ Իսկ Մութիան գովաբանում է Մայքլին եւ նրա նախնիներին։ «Մադրասի պատմության 100 տարին սերտորեն կապված է այն մարդկանց հետ, որոնք այդ եկեղեցում պաշտամունք են կատարել։ Նրանք հրաշալի գործ են կատարելՙ վառ պահելով հայկական ժառանգության այս կենտրոնը», ասում է նա։

Պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4