Կրթության ոլորտում բարեփոխումները վաղուց ժամանակի պահանջն են դարձել, եւ մինչ դրանց իրականացումը նոր ծրագիրը դրվել է հասարակական լայն քննարկման։ Հանրապետության բոլոր մարզերի ուսուցիչները, դպրոցի տնօրենները հնարավորություն ունեն մասնակից դառնալու բարեփոխումների նախապատրաստական փուլին, անել առաջարկություններ։
Երեկ հերթը Կոտայքի մարզի մանկավարժներինն էր։ Մարզպետարանում ծավալված քննարկմանը ներկա էին շուրջ 80 դպրոցների տնօրեններ եւ ուսուցիչներ, մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը, նախարարության մասնագետներ։
Կրթության եւ գիտության նախարարը մանկավարժներին ներկայացրեց հիմնական բարեփոխումները, որ ենթադրում է նոր կրթակարգը։ Բարեփոխումների առանցքում ընկած է աշակերտը, նրան իբրեւ անձի, ժողովրդավարական երկրի քաղաքացու դաստիարակելու խնդիրը։ Ուսուցումն իրականացվելու է ինտերակտիվ մեթոդով, ինչը դասաժամի ընթացքում հնարավորություն կտա ուշադրության կենտրոնում պահել յուրաքանչյուր աշակերտի։ Չեն լինելու վատ եւ լավ աշակերտներ, ամբողջ պատասխանատվությունն աշակերտի ստացած գիտելիքների համար կրելու է ուսուցիչը։ Հայտնի է, որ այսօր հանրակրթական դպրոցում տրվող գիտելիքների որակը բավարար չէ, նշում է նախարարը, անհրաժեշտ է, որ երեխային գիտելիքները տրվեն ոչ թե ժամանակավոր, այլ ամբողջ կյանքի համար։
Համաշխարհային բանկն այս տարվա հունվարին հաստատել է 45 մլն դոլար արժողությամբ «Կրթության որակի եւ համապատասխանության ծրագիրը», որը պետք է իրականություն դառնա առաջիկա տասը տարիների ընթացքում։ Եվրոպական չափանիշներին կրթական համակարգի համապատասխանեցումն, ըստ Սերգո Երիցյանի, իրականացվելու է ազգային հենքի վրա, հայոց լեզու, գրականություն առարկաներին ցուցաբերվելու է առանձնահատուկ մոտեցում։
Օպտիմալացման ծրագրում ամենացավոտը թերեւս հարցի սոցիալական կողմն էՙ հազարավոր ուսուցիչներ կրճատվեցին աշխատանքից։ Կրթության եւ գիտության նախարարի խոսքով, ի սկզբանե նախատեսված է եղել 20 հազար 500 ուսուցչի կրճատում, սակայն հաջողվել է թիվը նվազեցնել մինչեւ 4 հազար 600-ի։ Սերգո Երիցյանը վստահեցնում է, որ կրճատված ուսուցիչներն առաջիկա երկու տարիներին կվերադառնան դպրոց, ինչը հնարավոր կդառնա վերապատրաստումից հետո նախադպրոցական եւ ավագ դպրոցի համակարգը կյանքի կոչելուց հետո։ Մինչ այդ նախատեսված է իրականացնել 2,5 մլն դոլարի սոցիալական ծրագրեր։ Ի դեպ, 12-ամյա կրթության անցնելու ծրագիրը նախարարին ուղղված հարցերից մեկն էր. 18 տարեկան երիտասարդը ի՞նչ պետք է անի դպրոցում։ Սերգո Երիցյանը նշեց, որ 12-ամյա կրթությունը հնարավորություն կտա այժմ սեղմ դասավանդվող ծրագիրը մատուցել ավելի երկար ժամանակահատվածում։ Բացի այդ, 18 տարեկանն ավելի հասուն տարիք է կյանք մտնելու համար։
Հրազդանի թիվ 1 դպրոցի տնօրեն Գոհար Մովսիսյանը նշում էր, թե կրթօջախներն անհրաժեշտ է ապահովել նյութատեխնիկական բազայով, բնագիտական առարկաներն ուսուցանելու համար չկան լաբորատորիաներ, ի վերջո, դեռեւս լուծված չէ դպրոցների ջեռուցման հարցը։ Սերգո Երիցյանը հայտնեց, որ առավելագույնը երկու տարվա ընթացքում հանրապետության բոլոր դպրոցներում կլուծվի նյութատեխնիկական բազայի հարցը, բոլոր դպրոցները կլինեն վերանորոգված եւ ջեռուցվող։
Հաջորդ տարի նախատեսվում է մանկավարժների աշխատավարձը դարձնել 45 հազար դրամ, 2006 թ.-ինՙ 65 հազար դրամ։ Նախարարի խոսքով, հավելյալ 20 հազար դրամ է տրվելու այն ուսուցիչներին, ովքեր կմեկնեն աշխատելու գյուղական դպրոցներ, նրանց կտրվեն վարկ եւ բնակարան։ Հայտնի է, որ այսօր գյուղական համայնքներում ուսուցչի 500 թափուր տեղ կա, մանկավարժները, մանավանդ երիտասարդները, խուսափում են գյուղի դպրոցում դասավանդելուց։ Սակայն նշված խրախուսումը գյուղական դպրոցներում որակյալ կրթություն ապահովելու միակ ծրագիրը չէ։ Այս տարվանից բուհերում ուսանելու արտոնյալ պայմաններ կստեղծվեն գյուղական բնակավայրերի այն ուսանողների համար, ովքեր կհամաձայնեն վերադառնալ եւ աշխատել գյուղի դպրոցում։
Կոտայքի մարզի մանկավարժները նոր կրթակարգի վերաբերյալ իրենց առաջարկությունները գրավոր կներկայացնեն կրթության եւ գիտության նախարարություն։ Իսկ առաջիկա օրերին քննարկումները կշարունակվեն նաեւ հանրապետության մյուս մարզերում։
Մ. Հ.