«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2004-02-14 | #26, 2004-02-17 | #27, 2004-02-18


ՀՈՒՆԳԱՐԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ ԽԱՂՈՎ ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԿԻՊՐՈՍՅԱՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

Ավանդույթի համաձայն, փետրվարին Կիպրոսում 8 հավաքականների մասնակցությամբ անցկացվում է ֆուտբոլի միջազգային մրցաշար։ Այս տարի այն կմեկնարկի փետրվարի 18-ին։ Երկրորդ անգամ այդ մրցաշարին մասնակցելու հրավեր է ստացել Հայաստանի ազգային հավաքականը, որը մրցավայր է մեկնել փետրվարի 15-ին։ Փաստորեն, կիպրոսյան մրցաշարով ՀՀ հավաքականը կսկսի նախապատրաստությունը ֆուտբոլի աշխարհի 2006 թ. առաջնության ընտրական մրցաշարին։ Բնականաբար, հավաքականի գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցան մրցաշարը դիտում է որպես նախապատրաստական փուլ, ուստի այդ հանդիպումներին մասնակցելու համար հավաքական է հրավիրել մի խումբ երիտասարդ ֆուտբոլիստների։ Նրանց թվում են փյունիկցիներ Ապուլա Բետեն, Կառլ Լոմբեն, Նդումբուկ Բալեպ Բան, Ժորա Հովհաննիսյանը, Գալուստ Պետրոսյանը, Էդգար Մանուչարյանը, Լեւոն Փաչաջյանը, Կարեն Ալեքսանյանը, որը վերջերս է տեղափոխվել «Փյունիկ», «Միկայից»ՙ Դավիթ Գրիգորյանը, «Բանանցից»ՙ Արարատ Առաքելյանը, Ռուսաստանի «Ավտոդորից» ՀՀ երիտասարդական հավաքականի ավագ Բարսեղ Կիրակոսյանը։ Լեգեոներներից Կիպրոսում հանդես կգան Արմեն Համբարձումյանը, Սարգիս Հովսեփյանը, Արթուր Ոսկանյանը, Ռոմիկ Խաչատրյանը, Եղիշե Մելիքյանը, Արա Հակոբյանը, Արտավազդ եւ Արման Քարամյանները։ Հարցականի տակ է Ալբերտ Սարգսյանի մասնակցությունը, որը վերջերս պայմանագիր է կնքել «Ալանիայի» հետ։ Նրանցից բացի, հավաքական են հրավիրվել նաեւ Տուդոր Զեչիուն, Ալեքսանդր Թադեւոսյանը, Աղվան Մկրտչյանը։

Մասնակից 8 հավաքականները վիճակահանությամբ բաժանվել են զույգերի։ Հաջորդ խաղերում հանդիպելու են հաղթողները, պարտվողները եւս զույգեր են կազմելու։ Այսօր Հայաստանի հավաքականը մեկնարկային տուրում ուժերը չափելու է Հունգարիայի ընտրանու հետ, որի ղեկը վերջերս ստանձնել է նախկինում հանրահայտ գերմանացի ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսը։ Մրցող մյուս զույգերն ենՙ Լատվիա-Ղազախստան, Ռումինիա-Վրաստան, Կիպրոս-Բելառուս։ Վաղը կմրցեն զույգերում հաղթած թիմերը, պարտվողներն էլ նոր զույգեր կկազմեն։ Նշենք, որ Հայաստան-Հունգարիա զույգի հաղթողը (պարտվողը) մրցելու է Լատվիա-Ղազախստան զույգի մրցավեճում հաղթած (պարտված) թիմի հետ։ Նույն սկզբունքով կանցկացվեն նաեւ 3-րդ տուրի հանդիպումները։ Փաստորեն, յուրաքանչյուր հավաքական Կիպրոսում կանցկացնի 3-ական հանդիպում։

Ֆուտբոլասերներին տեղեկացնենք, որ Հայաստանի հավաքականն առաջին անգամ կիպրոսյան մրցաշարին մասնակցել է 2000 թ.։ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ մեր ընտրանին առաջին խաղում լրացուցիչ ժամանակում (հիմնականըՙ 1-1) 2-1 հաշվով հաղթեց Մոլդովայի ֆուտբոլիստներին։ Այդ խաղում հաշիվը 45-րդ րոպեին բացեց Ռաֆայել Նազարյանը, ապա Պոպովիչը վերականգնեց հավասարակշռությունը։ Մեր հավաքականին հաղթանակ պարգեւեց Կարեն Դոխոյանի խփած գոլը։ 1-4-րդ տեղերի համար մրցապայքարում ՀՀ հավաքականը նախ զիջեց Կիպրոսի ընտրանուն (2-3)։ Այդ խաղում եւս հաղթողը որոշվեց լրացուցիչ ժամանակում։ Մեր ֆուտբոլիստներն առաջին խաղակեսից հետո զիջում էին 0-2 հաշվով, սակայն ընդմիջումից հետո Արթուր Պետրոսյանն ու Արման Քարամյանը հավասարեցրին հաշիվը։ Հանդիպման ելքը վճռվեց 114-րդ րոպեին, երբ ՀՀ հավաքականի դարպասին նշանակվեց 11 մ հարված։ Այն հստակ իրացրեց կիպրոսցի Միլենկո Սպոլյարիչը։ Հաջորդ խաղում եւս հայ ֆուտբոլիստները պարտվեցինՙ այս անգամ զիջելով Վրաստանի հավաքականին (1-2)։ Մեր թիմից աչքի ընկավ Վարդան Խաչատրյանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4