«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2004-02-14 | #26, 2004-02-17 | #27, 2004-02-18


ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ

«Հո շախմատ չե՞ս խաղում», - ասում են մարդիկ, երբ մեկը երկար է մտածում։ Տարածված է այն կարծիքը, թե շախմատիստները խիստ, մտազբաղ մարդիկ են, կամ գոնեՙ շատ լուրջ են խաղի ժամանակ։ «111 շախմատային ժպիտներ». հավաքածու, որ գալիս է ապացուցելու, որ իրականում նրանք սրամիտ, կատակել, ժպտալ ու ծիծաղել սիրող մարդիկ են։

Շախմատային լրագրող Գագիկ Հովհաննիսյանը, որ արդեն ավելի քան 30 տարի «Շախմատային Հայաստան» հանդեսի գլխավոր խմբագիրն է, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը, իր գործունեության ընթացքում լսել եւ ականատես է եղել ամենատարբեր հետաքրքրական, ծիծաղաշարժ դեպքերին, վերջերս դրանք հավաքել եւ հրատարակել է «111 շախմատային ժպիտներ» գրքույկում։

Հեղինակն առանձին բաժնով ներկայացրել է Տիգրան Պետրոսյանին վերաբերող հետաքրքրական դրվագները, ծիծաղաշարժ պատմությունները։ Օրինակՙ «Մրցախաղի վերջին պարտիայի ավարտից հետո, երբ Տիգրան Պետրոսյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը, Վանիկ Զաքարյանը Երեւանից զանգահարեց Մոսկվա, մրցախաղի մամուլի կենտրոն։ Հեռախոսը վերցրեց գրոսմայստեր Սալո Ֆլորը։

- Խնդրում եմ, հեռախոսի մոտ կանչեք որեւէ հայի, - ասաց Զաքարյանը։

- Այսօր այստեղ մենք բոլորս հայ ենք - պատասխանեց Ֆլորը»։

Հեղինակը գրում է, որ Երեւանի շախմատիստի տանն անցկացվող Հայաստանի պատանեկան առաջնության օրերին ծնողներից մեկը յուրաքանչյուր տուրից առաջ մոտենում էր բակում տեղադրված Տիգրան Պետրոսյանի կիսանդրուն, համբուրում այն եւ աղոթում իր որդու հաջողության համար։ «Հավանաբար, Պետրոսյանը շախմատի պատմության մեջ միակ դեմքն է, որը սրբապատկերի դեր է կատարում», - գրում է հեղինակը։

Ներկայացված են նաեւ գրոսմայստերների, շախմատային արքաների հետ կապված հետաքրքրական դրվագներ։ Օրինակՙ «Հանրահայտ գրոսմայստերներից մեկը դիմեց Տալին.

- Մի՛շա, այսօր ես ելույթ եմ ունենում հեռուստատեսությամբ։ Ի՞նչ ասեմ հեռուստադիտողներին։

- Նրանց արժեքավոր խորհուրդ տվեք. թող ռադիո լսեն. այնտեղ վաղը ելույթ եմ ունենալու ես»։ Կամ «Կերեսը, երբ դեռ փոքրիկ տղա էր, որոշ ժամանակ պարապում էր վարպետ Միկենասի մոտ։ Անցավ երեսուն տարի, եւ մի անգամ Միկենասն անզգուշորեն ասաց մեծ շախմատիստ դարձած Կերեսին..

- Պաուլ, իսկ դու հիշո՞ւմ ես, ինչպես էի ես քեզ շախմատի դասեր տալիս։

- Այո, իհարկե, - պատասխանեց Կերեսը եւ ժպտաց, - եւ ինչ երջանկություն է, որ ես այն ժամանակ քեզանից ոչինչ չսովորեցի»։

Այս բոլոր պատմությունները ցույց են տալիս, որ շախմատային կյանքն էլ լի է բազում ծիծաղաշարժ պատմություններով։

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4