«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2004-02-14 | #26, 2004-02-17 | #27, 2004-02-18


ԱՆՎՏԱՆԳ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻ, ԱՆԳԱՄ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Անկախ սոցիալ-տնտեսական հիմքից, պաշտոնի առկայությունից եւ դրա բարձրությունից, յուրաքանչյուրս մեր առօրյայի որոշակի ժամանակահատվածում վերածվում ենք ճանապարհային երթեւեկության կողմիՙ ուղեւորի, հետիոտնի, վարորդի։ Ու թերեւս հենց դա էլ բացատրում էր երեկ Ազգային ժողովում տիրող աշխուժությունը, «Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին» աննախադեպ օրենքի նախագծի քննարկման ընթացքում։

Քննարկմանը մասնակցած բոլոր պատգամավորներն էլ առաջին հերթին ընդգծում էին ճանապարհային երթեւեկության կողմերի իրավասությունների եւ պարտականությունների ոչ հավասարազոր արտացոլումն օրենքի նախագծում եւ, մեղմ ասած, հումորով վերաբերվում օրենքում տեղ գտած ոչ հստակ ձեւակերպումներին, ասենքՙ օրվա մութ ժամանակը բացատրվում էր որպես մթնշաղի վերջի եւ աղջամուղջի սկզբի միջեւ ընկած ժամանակահատված, որն այլ կերպ չէր սահմանվում։

Օրենքի մեկ այլ կետ հնարավորություն է ընձեռում անհրաժեշտության դեպքում ժամանակավորապես երթեւեկությունը սահմանափակել կամ դադարեցնել, խաչմերուկները կամ հատումները կարգավորել ձեռքովՙ առանց փայտիկի։ Ոստիկանն իրավունք ունի կանգնեցնելու ցանկացած ավտոմեքենա, եթե կասկածում է վարորդին ոչ սթափ, հիվանդ կամ հոգնած լինելու մեջ, բայց այդ դեպքում պարտավոր է որոշակի բացատրություն տալ։ Կարելի է պատկերացնել, թե քանի տասնյակ բացատրություն հնարավոր է ուղղակի հնարել մարդուն, ասենք, հոգնածություն վերագրելու համար։

Ըստ օրենքի նախագծի, անթույլատրելի տարածքում կանգնեցված մեքենան պետք է տարվի տուգանային հրապարակ, իսկ մեքենան հետ ստանալու հնարավորություն տերը կստանա 5 օրվա ընթացքում։ Ուշացնելու դեպքում կհետեւեն տուգանքներ։ Օրինագծով սահմանվել է նաեւ մոպեդ, ձի կամ ավանակ քշելու իրավունք ունեցող անձանց տարիքը։ Առաջինը թույլատրվում է 16 տարեկանից, երկրորդըՙ 14-ից։

Այսուհետեւ հեծանվորդների, լծասայլերի, բեռնակիր եւ հեծկան կենդանիների շարասյուները երթեւեկելի մասով շարժվելիս պետք է բաժանված լինեն խմբերի, որոնցից յուրաքանչյուրում ենթադրվում է առավելագույնը 10-ական միավոր։ Այսինքնՙ պատկերացնենք այսպիսի իրավիճակ. նախրապանը պարտավոր է երթեւեկելի ճանապարհով կամ երկաթուղային գծանցերով կենդանիներին այս կամ այն կողմը քշելիս բաժանել խմբերի, դրանց միջեւ պահպանելով 80-100 մետր հեռավորություն, իսկ եթե, ինչպես նախագծում նշված է, այդ գործողությունները կատարվում են օրվա մութ ժամերին, այսինքնՙ մթնշաղից աղջամուղջ, ապա նախրապանը պարտավոր է կենդանիներին տեղափոխել սանձից բռնած։ Այլապես խախտած պիտի լինի օրենքը։

Բարեբախտաբար, պատգամավորները պատկերացնելով ենթադրելի իրավիճակի զավեշտալի լինելը, ընդգծեցին օրենքի նշված կետերի վերանայման, խմբագրման անհրաժեշտությունը։

Կարեւորվեց նաեւ պետհամարանիշների, հատկապես, ինչպես իրենքՙ պատգամավորներն էին ասում, հեղինակավոր (պրիստիժնի) պետհամարանիշների արդարացի բաշխումը եւ առաջարկվեց դրանք բաշխել աճուրդի կարգով, ինչը որոշակի գումար կբերեր բյուջե։ Ողջունելով Մհեր Շահգելդյանի այս առաջարկը, Հերմինե Նաղդալյանն առաջարկեց բոլոր պատգամավորներին վաղը եւեթ հանձնել իրենց ավտոմեքենաների հեղինակավոր պետհամարանիշը։ Ոստիկանության պետի տեղակալ Արարատ Մահտեսյանը ոստիկանական գործառույթում աճուրդ մտցնելն ուղղակի անհարիր համարեց եւ վստահեցրեց, որ հեղինակավոր կոչված համարանիշների տրամադրումը չի ուղեկցվում որեւէ պահանջով, երբեմն տրվում է լավության կարգով։ Բացի այդ, անգամ նշված համարանիշով ավտոմեքենաներն են տարվում տուգանային հրապարակ։ Պրն Մահտեսյանի հավաստմամբ, վերջերս տուգանային հրապարակում թյուրիմացաբար հայտնվել է նաեւ նախարարներից մեկի ավտոմեքենան։

Պետավտոտեսչության համակարգում կոռուպցիայի կրճատման տեսանկյունից կարեւորվեց ինչպես վերը նշվածը, այնպես էլ պետավտոտեսչության համակարգի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը, ինչը ներկայումս 26-85 հազար դրամ է։

Պատգամավորներն ընդգծեցին, որ հարկավոր է հրաժարվել նաեւ օրինագծի այն կետից, որը սահմանում է, թե ուղեւորափոխադրման իրավունք պետք է ունենան մինչեւ 65 տարեկան անձինք, քանի որ դա ենթադրում է գործազուրկների բանակի համալրում։ Ճանապարհային երթեւեկության անվտանգության օրենքի անհրաժեշտությունը թերեւս ոչ մի հայաստանաբնակ չի ժխտի, սակայն օրենք, որում համարյա վարորդ են համարվում ձիավորն ու նախրապանը, որտեղ շեշտվում են պարտականությունները եւ չեն ուրվագծվում իրավունքները, որտեղ ձեւակերպումները չափազանց շատ սողանցքեր են թողնում, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի պնդմամբ էլ պետք չէ կյանքի կոչել եւ ներկայացված օրենքի նախագիծը հարկավոր է ոչ թե մերժել, այլ ենթարկել մանրակրկիտ լրամշակման, ինչի համար էլ պետք է տրամադրվի 2 ամիս ժամանակ։ Գուցե այդ ընթացքում օրինագիծը լավագույնս լրամշակվի եւ իրոք ապահովի անվտանգ երթեւեկություն։

Ինչեւէ, արդեն իսկ մի քանի տասնյակ առաջարկներ կան օրինագծի վերաբերյալ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4