«Ազգի» հարցազրույցում Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը գնահատում է անցած տարվա գործունեությունը
¬ Պրն Աբրահամյան, գո՞հ եք անցած տարուց։ «Քաղաքականություն» անվանակարգով Ռուսաստանի կենսագրական ինստիտուտը Ձեզ «Տարվա մարդ» ճանաչեց այնպիսի մարդկանց հետ մեկտեղ, ինչպիսիք են նախագահ Պուտինը, Սերգեյ Գլազեւը, Սերգեյ Միրոնովը, Գենադի Սելեզնյովը եւ ռուսաստանցի մի ամբողջ շարք այլ նշանավոր քաղաքական ու հասարակական գործիչներ։ Ինչպե՞ս եք գնահատում անցած տարին ՌՀՄ գործունեության մեջ եւ Ձեր անձնական կյանքում։
¬ Գանգատվելը մեղք կլիներ։ Ինձ թվում է, որ անձամբ ինձ եւ բազմաթիվ հայերի համար անցած տարին կարելի է համարել արտակարգ արգասավոր եւ հաջող։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւ ՄԱԿ-ն ինձ արժանացրին քաղաքակրթությունների երկխոսության գծով բարի կամքի դեսպանի պատվավոր կոչման։ Այս ուղղությունը վճռական է արդի աշխարհում, հատկապես 2001 թ. սեպտեմբերի 11-ից հետո, երբ աշխարհը թեւակոխեց այսպես կոչված քաղաքակրթությունների պատերազմի փուլ։ Կամ մենք կգտնենք քաղաքակրթությունները հաշտեցնելու եւ համաձայնության ու հանդուրժողության հասնելու հնարավորություն, կամ էլ իրոք 21-րդ դարը կդառնա պատերազմների, երկրագնդի բնակչության մեծ մասի եւ Արեւմուտքի զարգացած երկրներում այսօր ապրող «ոսկե միլիարդի» միջեւ անհանդուրժողականության ու ատելության դար։
Չեմ կարող չասել, որ մեր հաստատակամ ու արգասավոր գործունեության շնորհիվ իրականացվեց մի հավակնոտ նախագիծ, որի մասին մենք խոսում էինք ՌՀՄ-ի ու դրա կազմակերպական կառույցների զարգացմանը զուգընթաց, թե հերթական քայլը պետք է դառնա Համաշխարհային հայկական կազմակերպության ստեղծումը։ Այդ խնդիրն առաջ քաշվեց դեռ 2002 թ. անցկացված միջազգային խորհրդաժողովում։ Եվ այդ խնդիրը մենք կատարեցինք, չնայած կազմակերպչական ու քաղաքական վիթխարի դժվարություններին։ Չնայած Մոսկվայում հոկտեմբերին այդ կոնգրեսի կազմակերպման առնչությամբ շատ-շատերի արտահայտած հոռետեսությանը, մեզ հաջողվեց ապահովել աշխարհի բոլոր կողմերի հայկական քաղաքական ու հասարակական կազմակերպությունների գերակշիռ մեծամասնության մասնակցությունը։
Համագումարին ներկա էին Հայաստանի խորհրդարանում ներկայացված քաղաքական բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները, Հայաստանի եւ սփյուռքի առաջատար հասարակական ու ստեղծագործական կազմակերպությունների ղեկավարները։ Այդ իրադարձության պսակը դարձավ երկու նախագահներիՙ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը, որոնք ողջերթի խոսք ասացին նոր կազմակերպությանը, որն ստեղծվել է ի շահ Հայաստանի եւ սփյուռքի հայերի զարգացման, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության ավանդական բարեկամական ու բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման։ Այնպես որ, ինչպես անձնական, այնպես էլ հասարակական առումով կարող եմ գոհ լինել անցած տարվա արդյունքներից։
- Պրն Աբրահամյան, Ռուսաստանում անցյալ տարի անցկացվեցին Պետական դումայի ընտրություններ։ Ինչպե՞ս եք գնահատում Ձեր կազմակերպության մասնակցությունն այդ ընտրություններին։
¬ Իրոք, հարկ է նշել ՌՀՄ գործունեության նաեւ այդ ուղղությունը։ Եվ այս առումով մեր միության գործունեությունը դարձավ բեկումնային, քանզի մեզ հաջողվեց այդ ընտրություններում, չնայած մեր կազմակերպության կարճ պատմությանը, հասնել նոր մակարդակի եւ այն բանին, որ մեր կազմակերպության հետ ուզեցին գործակցել ընտրարշավին մասնակցած փաստորեն բոլոր առաջատար քաղաքական գործիչները, քաղաքական կուսակցություններն ու դաշինքները։ Սա վկայում է, որ մեր կազմակերպությունն իրոք ունի ռեալ կառույցներ, կազմակերպական արդյունավետ հիմքեր, տեղեկատվական հնարավորություններ, ֆինանսական աղբյուրներ։ Միայն նման կազմակերպությունների հետ են իրենց հարաբերությունները կառուցում քաղաքական լուրջ կուսակցությունները, դաշինքները եւ քաղաքական գործիչներըՙ ակնկալելով ընտրություններում ստանալ դրանց օգնությունն ու աջակցությունը։ Ուզում եմ հուսալ, որ դա կդառնա լավ ավանդույթ։ Մենք ՌՀՄ մոսկովյան կենտրոնակայանում հանդիպումներ ենք ունեցել ընտրություններին մասնակցած առաջատար կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Դրանց թվում կարելի է նշել հանդիպումները «Հայրենիք» դաշինքի ներկայացուցիչների, ՌԴ Կոմկուսի ղեկավարների եւ մի շարք այլ կազմակերպությունների առաջնորդների հետ։ Այդ հանդիպումների ժամանակ կուսակցությունների ու դաշինքների ղեկավարները մեր կազմակերպության ներկայացուցիչներին բացատրում էին իրենց նախընտրական ծրագրերը եւ խոսում Ռուսաստանում ազգամիջյան հարաբերությունների խնդիրների լուծման իրենց ընկալման մասին։ Ինձ թվում է, որ ինչպես մեր կազմակերպության, այնպես էլ ընտրություններին մասնակցած քաղաքական տարբեր կուսակցությունների ու շարժումների ներկայացուցիչների համար այդ հանդիպումները փոխշահավետ էին։ Դրանք փաստորեն հիմք են դառնում Ռուսաստանի կազմակերպված հայկական սփյուռքի եւ ռուսաստանյան քաղաքական ընտրախավի, տարբեր կուսակցությունների, դաշինքների ու շարժումների ղեկավարության նոր հարաբերությունների համար։ Հատկապես կարեւոր էր Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ կայացած հանդիպումը, որն անցավ ՌՀՄ կենտրոնակայանում ու որտեղ շատ լուրջ խոսակցություն ծավալվեց ՌԴ մայրաքաղաքում տիրող ընդհանուր իրավիճակի եւ Մոսկվայի հայ համայնքի ու քաղաքային իշխանությունների հարաբերությունների շուրջը։ Բարձրացվեցին եւ քննարկվեցին ոչ միայն ընդհանուր, այլեւ կոնկրետ հարցեր, որոնք առաջադրվեցին քաղաքային իշխանություններին, եւ քաղաքապետը խոստացավ լուծել դրանք։ Սա հիմք է տալիս ապագային լավատեսությամբ նայելու այն առումով, որ ՌՀՄ-ն լուրջ գործոն է դառնում ոչ միայն հայ համայնքի կյանքում, այլեւ Ռուսաստանի քաղաքական կյանքում։
Մենք անչափ զգուշավոր էինք ՌԴ խորհրդարանում պատգամավորական տեղեր ստանալու հայ թեկնածուների հնարավորությունների գնահատման հարցում։ Ես ելնում էի նրանից, որ, այնուամենայնիվ, քաղաքական ոլորտում դեռ չունենք բավականաչափ փայլուն ու հայտնի դեմքեր, որոնք կկարողանային ինքնուրույն առաջ շարժվել եւ ստանալ մեր կազմակերպության օժանդակությունը։ Ես բավական զգուշորեն էի խոսում այն մասին, թե հնարավոր կլիներ Ռուսաստանի Պետդումայում 4 հայ պատգամավորների ընտրությունը։ Չգիտեմ, թե Հայաստանի զանգվածային լրատվամիջոցներում ինչպիսի հաղորդումներ են եղել, բայց արդյունքները գերազանցեցին իմ սպասելիքները։ Ռուսաստանի Դումայում ընտրվեց 6 հայ պատգամավոր։ Եվ մենք գտնում ենք, որ դա սահման չէ։ Ամենայն հավանականությամբ, 4 տարի հետո մենք անհամեմատ ավելի կազմակերպված կմասնակցենք այդ միջոցառումներին։ Եվ եթե այս փուլում մեզ հաջողվեց բավական ծանրակշիռ ասել մեր խոսքը, ապա հաջորդ ընտրություններում այդ խոսքն էլ ավելի ծանրակշիռ կլինի։
Ռուսաստանի հայերի միությունն անմասն չի մնում այսօր ծավալված ՌԴ նախագահական ընտրարշավից։ ՌՀՄ-ն միահամուռ հանդես է գալիս մարտյան ընտրություններում գործող նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածության օգտին եւ ակտիվորեն մասնակցում է գործող նախագահի ընտրարշավի հետ կապված բոլոր կազմակերպչական ու քարոզչական աշխատանքներին։
- Պրն Աբրահամյան, Ձեր կազմակերպությունը եւ անձամբ Դուք բավականաչափ ակտիվ էիք, երբ իրականացվում էր «Գույք պարտքի դիմաց» գործարքը։ Դուք հաճախակի Հայաստան էիք այցելում տնտեսական համագործակցության ռուս-հայկական հանձնաժողովի համանախագահ Իլյա Կլեբանովի հետ։ Մենք գիտենք, որ Դուք շատ եռանդ եւ ուժ եք գործադրել, որպեսզի գործարքն ավարտվի, որպեսզի այդ ձեռնարկությունները գործեն եւ ստեղծվեն աշխատատեղեր։ Կլեբանովի նոր նշանակումից եւ ռուսական կողմի նոր համանախագահի հայտնվելուց հետո ինչպիսի՞ն է իրավիճակն այդ ոլորտում։ Չէ՞ որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների բնույթը շատ բանով կախված կլինի նրանից, թե այդ գործարանները որքան շուտ կսկսեն աշխատել եւ որքան շուտ կստեղծվեն նոր աշխատատեղեր։
¬ Այո, իրոք թե՛ ես եւ թե՛ մեր կազմակերպությունը շատ ակտիվ էինք այդ գործարքը մինչեւ վերջ հասցնելու հարցում։ Մենք իրոք մեզ կամուրջ ենք համարում Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում։ Մենք մշտապես եւ սերտորեն գործակցել ենք Իլյա Կլեբանովի հետ։ Անցած 1 տարում նրա հետ մի քանի անգամ եկել ենք Հայաստան եւ փորձել ենք ավարտին հասցնել հետխորհրդային տարածքում եզակի, բարդ ու բազմապլան գործարքը։ Մենք հիմա էլ աշխատանքային լավ հարաբերություններ ենք հաստատել հանձնաժողովի նոր համանախագահ, փոխվարչապետ Ալյոշինի հետ, նրա հետ ակտիվորեն եւ արգասավոր կերպով գործակցում ենք։ Նա առայժմ խորամուխ է լինում գործին, պատրաստում սեփական առաջարկություններ եւ մոտեցումներ։ Մենք նրան օգնում ենք այդ մոտեցումների եւ առաջարկությունների ձեւավորման հարցում։ Բայց բոլոր հարցերը չէ, որ լուծվում են Մոսկվայում։ Հայաստանի ղեկավարությունը նույնպես պետք է ճանապարհի սեփական հատվածն անցնի, որպեսզի այդ ձեռնարկությունների աշխատանքի վերսկսման հարցերը հնարավոր լինի տեղափոխել արդեն գործնական հարթություն։
- Պրն Աբրահամյան, որո՞նք են Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջիկա ծրագրերը։
¬ Նախ, մենք շատ շուտով կգրանցենք մեր կազմակերպությունը, որպես միջազգային ոչ կառավարական կազմակերպություն։ Թղթերն արդեն պատրաստ են, բայց որոշ ժամանակ է հարկավոր գրանցման արարողակարգի համար։ Մեր Միջազգային իրավունքի եւ քաղաքագիտության ինստիտուտը գիտագործնական կոնֆերանս է նախապատրաստում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում Հայոց ցեղասպանության ճանաչման հասնելու ուղիների ու միջոցների սահմանման վերաբերյալ։ Այն տեղի կունենա մայիսի սկզբներին Հայաստանում։ Կոնֆերանսի շրջանակներում ենթադրվում է կազմել փորձագետների խումբ, որը պետք է համահայկական դիրքորոշում մշակի Հայոց ցեղասպանության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված հարցերի լայն շրջանակի առթիվ։ Կարծում եմ, դա կարող է եւս մեկ կարեւոր ուղենիշ դառնալ համահայկական դիրքորոշման ձեւավորման մեջ ու որակապես նոր մակարդակի կբարձրացնի հայ եւ թուրք ժողովուրդների երկխոսության ու հարաբերությունների բնույթը։ Ես (եւ ոչ միայն ես) շատ մեծ հույսեր եմ կապում դրա հետ, քանի որ նախկինում հայկական կողմը չուներ ազգային համահայկական դիրքորոշում, ինչը բարդություններ էր ստեղծում ինչպես թուրքական կողմի գործընկերների հետ հանդիպող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մակարդակով, այնպես էլ իշխանական կառույցների ներկայացուցիչների համար։ Պատմականորեն ձեւավորված հանգամանքների բերումով չկա հայկական կազմակերպական, պաշտոնապես կազմավորված կառույց, որը կկարողանար երկխոսության վարման ինչ-որ մանդատ ունենալ, եւ նույնիսկ չկա, ինչպես արդեն ասացի, համակարգված ու համաձայնեցված ընդհանուր որոշում։ Կարծում եմ, զգալի չափով հենց դա էր «Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովին» ուղղված խիստ քննադատության պատճառը, հանձնաժողով, որի մասնակիցները փաստորեն չէին կարողանում պատասխանել այն հարցերին, թե ո՞ր դիրքորոշումն են պատրաստ պաշտպանել, ո՞ւմ կողմից են լիազորված եւ Հայաստանում ու սփյուռքում քաղաքական կամ հասարակական ո՞ր սպեկտրն են ներկայացնում։ Մենք կջանանք հաշվի առնել այդ հանձնաժողովի աշխատանքի առաջացրած բարդությունները եւ մեր գործողություններում առավելագույնս խուսափել նմանօրինակ թյուրիմացություններից ու թերըմբռնումից, առավելագույնս պատրաստ լինել կառուցողական երկխոսության։