«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#26, 2004-02-17 | #27, 2004-02-18 | #28, 2004-02-19


ԼՂՀ-ԻՑ, ՀՀ ՈՐԵՎԷ ՄԱՐԶԻՑ, ԱՌԱՎԵԼ ԵՎՍՙ ՕՏԱՐ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ ՉԵՆ ԲԵՐՎԵԼ ՈՒ ՉԵՆ ԲԵՐՎԵԼՈՒ ԵՐԵՎԱՆ

Հավաստիացնում է Սերժ Սարգսյանը

Պատգամավոր Էմմա Խուդաբաշյանի հարցերն ուղղված էին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին։ Տկն Խուդաբաշյանին հետաքրքրում է, թե արդյոք պաշտպանության նախարարը 2003 թ. նախագահական ընտրություններից հետո հանրահավաքը կանխելու համար Լեռնային Ղարաբաղից քաղաքացիական հագուստով զինված ջոկատնե՞ր է բերել Երեւան եւ ինչո՞ւ չի արձագանքում «Նեզավիսիմայա գազետայում» հրապարակված լուրին։ Կտրականապես հերքելով ԼՂ-ից կամ մարզերից նախագահական ընտրություններին հաջորդած ժամանակաընթացքում իր կողմից զինված ջոկատներ Երեւան բերելու մասին լուրը, նախարարը հայտնեց, որ խնդիր է եղել Երեւանի կայազորի սպայական կազմը լրացնելու, եւ դա լուծվել է մյուս բոլոր կայազորների հաշվին։

Անդրադառնալով երկրորդ հարցին, Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ անհեթեթ զրպարտանքին պատասխանելն արժանապատիվ չէ, եւ շեշտելով, որ երկիրը մինչ այժմ քաղում է իշխանափոխությունում դրսի ուժերի մասնակցության պտուղները, հավաստիացրեց, որ ներկայումս Հայաստանի զինված ուժերն այնքան զորեղ են, որ որեւէ այլ երկրի զինված ուժերի միջամտության անհրաժեշտությունը բոլորովին չի զգացվում։ Ավելինՙ անթույլատրելի է։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4