Դեմիրճյանների ընտանիքի շահերի պաշտպան Աշոտ Սարգսյանն անիմաստ է համարում համագործակցությունը ներկայիս դատական մարմինների հետ, քանի որ «Հոկտեմբերի 27»-ի գործին պետական մոտեցում չի տեսնում եւ հարկ է համարում հիշեցնել իշխանություններին մինչեւ վերջ հետամուտ լինելու իրենց հաստատակամությունը։ Բացառելով «Հոկտեմբերի 27»-ի գործը Դեմիրճյանների կողմից որեւէ տեսակի, առավել եւս քաղաքական շահարկման ենթարկելը, պրն Սարգսյանն ընդգծեց, որ քանի դեռ կա գործով անաչառորեն զբաղվող կողմ, բացահայտման հանդեպ հասարակության հետաքրքրությունն ու պահանջը չեն թուլանա։ Այս դիրքորոշումը ներկայացվեց երեկ հրավիրված ասուլիսում, որի շարժառիթը, Աշոտ Սարգսյանի հավաստմամբ, տարբեր լրագրողների դրսեւորած հետաքրքրությունն է եւ իր ասելիքի կարեւորությունը։
Աշոտ Սարգսյանը հավաստիացրեց, որ քննչական խումբը փորձում է պարզել իրենց իմացածը, որպես կանոն համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու եւ ոչ թե բացահայտման նպատակով։ Որպես ասվածի ապացույցՙ պրն Սարգսյանը մատնանշեց «Հոկտեմբերի 27»-ի գործով եւ անջատված մասով վկա Նաիրի Բադալյանի բացակայությունը հանրապետությունից։ Վերջինս հոկտեմբերի վերջին Երեւան-Ամստերդամ-ԱՄՆ չվերթով մեկնել է Մ. Նահանգներ, ինչի մասին Սարգսյանը տեղեկացվել է փետրվարի 16-ին։ Մինչդեռ Սարգսյանը միջնորդել էր գործում եղած տվյալների եւ Նաիրի Բադալյանի տված ցուցմունքների անհամապատասխանությունը պարզելու նպատակով Ազգային ժողովի Կարմիր սրահում հոկտեմբերի 27-ին ներկա եղած պատգամավորների եւ լրագրողների միջեւ քննչական փորձարարություն կազմակերպելու վերաբերյալ։
Ներկայացված միջնորդությունից 17 օր անց Նաիրի Բադալյանը մեկնել է ԱՄՆ, չնայած հայտարարել էր, որ ինքը ապրելու տեղ եւ միջոցներ այլեւս չունի։ Ներկայացված միջնորդության բավարարումը ԱԺ նստաշրջանի աշխատանքները չխանգարելու պատրվակով դեկտեմբերի վերջից տեղափոխվել է հունվարի սկիզբ։ Սակայն Բադալյանի բացակայության պատճառով քննչական փորձարարությունը չի իրականացվել։
Դեմիրճյանների շահերի պաշտպանը ցանկանում է ստանալ հետեւյալ հարցի պատասխանըՙ ի՞նչ միջոցներով եւ ո՞ւմ միջամտությամբ է «Հոկտեմբերի 27-ի» գործով, անջատված մասով վկա, մեկ այլ քրեական գործով տուժող Նաիրի Բադալյանը կարողացել մեկնել հանրապետությունից։ Դեմիրճյանների շահերի պաշտպանն իր աշխատանքի իմաստալից շարունակությունը հնարավոր է համարում միայն հանրապետության դատախազության կողմից Նաիրի Բադալյանին Հայաստան վերադարձնելու պայմաններում։ Այլապես իրենք ուղղակի սպասելու են լավագույն ժամանակների։ Իսկ ներկայում, Սարգսյանի վստահեցմամբ, ամեն ինչ արվում է գործը կարճելու համար։
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ