«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#26, 2004-02-17 | #27, 2004-02-18 | #28, 2004-02-19


ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ԵՐԵԽԱՆԵՐՆ ՈՒ ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՕՐԵՆՍԴՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Սոցիալական հիմնադրույթների ձեւավորման ճանապարհին

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Երեկ խորհրդարանի նիստերի դահլիճում մինչեւ հարց ու պատասխանի ժամը լրագրողներն ավելի շատ էին, քան պատգամավորները։ Նման պայմաններում աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Աշոտ Եսայանը քննարկման ներկայացրեց «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը։

Օրինագիծը մասնավորեցնում է հատկապես ծնողական խնամքից զրկված երեխաների սոցիալական պաշտպանության խնդիրները։ Օրենքի պահանջի համաձայն մանկատնից դուրս եկած եւ առանց տանիքի մնացած երեխաները 3 տարվա ընթացքում պիտի ապահովվեն բնակարաններով։ 35 երեխաների համար այդ հարցը լուծման ընթացքում է, շուրջ 60-70-ի համար այս տարվա ընթացքում է նախատեսվում միջոցառումներ ձեռնարկել։ Երկրորդ կարեւոր սրբագրումը վերաբերում է միջնակարգ մասնագիտական կամ բարձրագույն կրթություն ստացող երեխաներին (հենց ուսումնառության ընթացքում, ոչ թե ուսումնառությունից հետո, ինչպես առաջ էր), կացարանով կամ վարձու բնակարանով ապահովելու պետության նոր պարտավորությանը։

Հայաստանի 6 մանկատներում այսօր, բարեբախտաբար, երեխաներ տեղավորելու հերթեր չկան, ինչպես 6-7 տարի առաջ։ Ընտանեկան ջերմությունից զրկված երեխաների խնամքը եւ դաստիարակությունը պետությունը մտադիր է ապահովել մանկատների բեռնաթափման քաղաքականություն իրականացնելու, այսինքն որդեգրման, խնամակալության, հոգաբարձություն սահմանելու կամ խնամատար ընտանիքներում տեղավորելու միջոցով։ Ըստ Աշոտ Եսայանի, ամեն ընտանիքի չէ, որ կվստահվի մանկատան երեխայի հետագա ճակատագիրը։ Կարեւորվելու է ոչ թե ընտանիքի համար երեխա գտնելու, այլ երեխային ընտանեկան հարկի տակ տեղավորելու սկզբունքը։ Ուստի, երեխայի խնամատարությանը հավակնող ընտանիքը բազմաթիվ չափորոշիչների պիտի համապատասխանի։

Ինչ վերաբերում է արտասահմանցիների կողմից հայ երեխաների որդեգրմանը, ապա նման որոշում կայացնելու իրավասությունը վերապահվում է միայն կառավարությանը։

Սոցիալական ուղղվածության մյուս օրինագիծը «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն էր։ Հայաստանում այսօր ստալինյան բռնություններից տուժած մոտ 4000 մարդ կա։ Նրանցից 2 հզ-ը առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամ է։ Նրանց մասին օրենք առաջին անգամ ընդունվել է 1994թ։ Այս հիմնախնդիրը մեր օրենսդրի կոկորդում մնացած անմարսելի պատառներից է, քանի որ անկախ օրենքի ընդունումից ու հետագա սրբագրումներից, խորհրդային տարիներից ժառանգություն մնացած այս պրոբլեմը այդպես էլ չի լուծվում։

Բռնադատվածները մշտապես բողոքում են, որ մինչ այժմ գործող օրենքը տարընթերցումների տեղիք է տալիս, եւ նրանց դրդմամբ մշակվել է նոր նախագիծը։ Օրենքի առաջին տարբերակում կոմունալ վարձավճարների, տրանսպորտային տեղաշարժերի հետ կապված որոշակի արտոնություններ սահմանվել էին բռնադատվածների համար։ Հետագայում այդ բոլոր արտոնություններն ի չիք դարձան։ Նոր նախագիծը դրանց վերականգնում չի նախատեսում, բացի թերեւս կենսաթոշակային նոր արտոնությունից։ Բռնադատվածների աշխատանքային կենսագրության մեկ տարին այսուհետեւ հաշվվելու է 3 տարի եւ ներառվելու է ապահովագրական ստաժի մեջ։ Այսինքն, նրանց կենսաթոշակի չափը եռակի բարձրանալու է։ Նույնը վերաբերելու է առաջին եւ երկրորդ կարգի հաշմանդամ բռնադատվածներին։ Նույնիսկ այն տարիները, որոնց ընթացքում նրանք չեն աշխատել, ներառվելու են ապահովագրական ստաժի հաշվարկների մեջ։ Հիշեցնենք, որ ապահովագրական ստաժի մեկ տարին հաշվվում է 140 դրամ։

Բռնություններից տուժած մարդկանց հասցեագրված մյուս արտոնությունը բնակարանային վարկերի տրամադրումն է նրանց բնակության նախկին վայրերում, որտեղից տաժանակրության են քշվել։ Իբրեւ վնասուց փոխհատուցում, բնակարանների կորստի դիմաց յուրաքանչյուրին տրամադրվելու է 5 մլն դրամՙ 10 տարի ժամկետով։

Ասենք, որ 180 բռնադատված արդեն դիմել է բնակարանային վարկ ստանալու համար։ Անցած տարվա ընթացքում նախատեսված էր 20 մարդու ապահովել վարկով, այս տարի 30 բռնադատված պիտի արժանանան երկար սպասված երջանկությանը։ Իսկ թե ինչու նրանք բնակարաններ պիտի կառուցեն նախկին բնակության վայրերում, բացատրվեց այսպեսՙ բռնադատվածների 80-90 տոկոսն այսօր ապրում է մայրաքաղաքում, իսկ այստեղ ազատ տարածքներ չկան։

Հիշեցնենք, որ բռնադատվածների մեծ մասն այսօր տարիքն առած մարդիկ են, շատերը հրաժեշտ տվեցին կյանքին, այդպես էլ չվայելելով պետական հարգանքի ու ուշադրության համեստ արտահայտությունները։ Բնակարանային վարկերի տրամադրման միջոցառումն ընթանում է կրիայի քայլերով։ Եվ ցավալի այս ճշմարտությունը պիտի նկատի առնեն այն կառույցները, որոնք իրականացնելու են բռնադատվածների փոխհատուցման պարտավորությունը։

Հարկ է խոստովանել մի իրողություն եւս. իրեն սոցիալական հռչակած մեր պետությունը սոցիալական ռազմավարության միասնական դոկտրինա չունի, եւ մաս-մաս ձեւավորվող օրենքները ընդամենը դեպի այդ ուղին տանող տարերային նախագծեր են։

Մերժեցին

Խորհրդարանը երեկվա նիստում միանգամից 3 օրինագիծ հանեց շրջանառությունիցՙ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին», «Ոստիկանության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին», «Փրկարար ուժի եւ փրկարարի կարգավիճակի մասին» օրինագծերը։ Ճանապարհային երթեւեկության անվտանգության օրենք ընդունվելու էր առաջին անգամ եւ ձախողվեց։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4