«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#26, 2004-02-17 | #27, 2004-02-18 | #28, 2004-02-19


ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՕՐՙ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ 135-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Այսօր նշվում է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 135-ամյակը։ Հոբելյանական հանդիսության համար միայն մեկ օրով Թումանյանի տուն-թանգարանը կբացի իր դռներն այցելությունների համարՙ ժամը 14-22-ը (ֆինանսական եւ այլեւայլ պատճառներով թանգարանը ձմռան այս օրերին փաստորեն չի գործում)։ Թանգարանի տնօրինության նախաձեռնությամբ բարեխղճորեն կազմվել եւ պատրաստվել է ընդարձակ ծրագիրՙ բազմաժանր եւ հարուստ։ Տնօրեն Վերժինե Մովսիսյանի բացման խոսքին կհետեւի ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի ելույթը։ Թումանյանի ստեղծագործությունների թատերային եւ ասմունքային կատարումներով հանդես կգան մանկապատանեկան եւ ուսանողական ստուդիաների եւ խմբերի սաներ։ Վանաձորի թատերական ինստիտուտի, Երեւանի Աբովյանի անվ. մանկավարժական համալսարանի, թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ուսանողները հանդես կգան գրական կոմպոզիցիաներով։ Խնկո-Ապոր գրադարանի տիկնիկային ստուդիայի սաները կներկայացնեն Թումանյանի հեքիաթներից երկուսի բեմականացումը։ «Արփիար» համույթը կկատարի Թումանյանի տեքստերով Արմինե Հարությունյանի ստեղծագործությունները։

Անցած տարի «Անուշ» պոեմի հարյուրամյակի առիթով «Հայագիտակ» հրատարակչության տպագրած եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) գրքին կանդրադառնա Ալբերտ Իսոյանը։ Կհնչեն կատարումներ «Անուշ» օպերայիցՙ Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի մեներգիչ-մեներգչուհիների կատարմամբ, կցուցադրվեն Թումանյանի հեքիաթների մոտիվներով Դավիթ Մաթեւոսյանի նկարահանած տեսահոլովակները։ Ծրագիրն ընդգրկել է կերպարվեստի բնագավառը եւս։ Կցուցադրվեն Մ. Սարյանի, Ալեքսանդր Գրիգորյանի գեղանկարչական աշխատանքներից։

Թումանյանի 135-ամյակին նվիրված միջոցառումն այցելուներին կդիմավորի մեկ հաճելի անակնկալով եւս։ Կցուցադրվեն բանաստեղծի անձնական իրերից (սպասք), որոնք մինչեւ այժմ չեն ցուցադրվել, առանձին բաժնով ներկայացվելու են այս տարիներին վերահրատարակված գրքեր, նաեւ նոր ձեռք բերված բանաստեղծի ձեռագրերից, ինչպես նաեւ ռեստավրացված հին հրատարակություններ։

Միջոցառման նախապատրաստություններին Թանգարանի տնօրինությանն աջակցել եւ սիրահոժար օժանդակել է Հայաստանում միջազգային կապերի ռուսական մշակութային կենտրոնի ներկայացուցչությունըՙ Գենադի Բարիշնիկովի ղեկավարությամբ։ Ծրագրի մի քանի հատվածներ (Թումանյանի տեքստերըՙ հայերեն, ռուսերեն) կազմվել է կենտրոնի հետ համատեղ (նաեւ հրավիրատոմսերի կազմակերպումը)։

ՀՀ մշակույթի նախարարությունը փետրվարի 19-ը Հայաստանի մշակութային օջախներում (Թումանյանի հետ առնչվող) հայտարարել է թումանյանական օրՙ յուրաքանչյուրիՙ յուրովի մասնակցությամբ։

Եղիշե Չարենցի տուն-թանգարանում մեկ նկարի ցուցադրությամբ կներկայացվի Ռեգինա Ղազարյանի «Այդ հմուտ, հանճարեղ լոռեցին» կտավը։ Էքսկուրսիաները կլինեն «Թումանյան-Չարենց առնչությունները» թեմայով։ Դ. Դեմիրճյանի թանգարանը հայտարարել է բաց դռների օր (անվճար սպասարկում) «Դեմիրճյան-Թումանյան բարեկամությունը» թեմայով։ Խնկո-Ապոր գրադարանում կազմակերպվելու է միջոցառումների շարքՙ հեքիաթապատում, երաժշտության ունկնդրում, գրքի ցուցահանդես, էքսկուրսիաներ։ Թումանյանի հոբելյանը բանաստեղծի անունը կրող Երեւանի տիկնիկային թատրոնը «Հայի բախտը» ներկայացմամբ նշել է փետրվարի 7-ին։

Մ. ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4