«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#26, 2004-02-17 | #27, 2004-02-18 | #28, 2004-02-19


ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՆ, ՈՐ ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԻՑ ՉԻ ԲԽՈՒՄ

Երեկ հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի անդամները ներկայացնում էին արդեն 1-2 շաբաթ քննարկվող «Զինապարտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ իրենց տեսակետը։ Նախաձեռնող խումբը ստեղծվել է վերջերս, անդամները ՀՀ տարբեր բուհերի ուսանողներ են, բուհերի եւ ԳԱԱ ասպիրանտներ են։ Նրանք գտնում են, որ Հայաստանի համար նախ եւ առաջ մեծ կարեւորություն ունի գիտության զարգացման, հասարակության կրթվածության աստիճանը։ «Այս օրենքը ըստ էության նախատեսված է 2-3 տարվա համար, - ասաց նախաձեռնող խմբի անդամ, ԳԱԱ ասպիրանտ Արարատ Միրզոյանը։ - «Զինապարտության մասին» նոր օրենքի նախագծով առաջարկվող բարեփոխումները իրականում ոչ թե բարձրացնելու են բանակի մարտունակությունը, մակարդակը, այլ իջեցնելու են։ Եթե ներկայումս կան մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանողներ, որոնք կրթությունից հետո բանակ են գնալու եւ այնտեղ պայմանագրով աշխատելու, 2-3 տարի հետո նրանց մուտքը բանակ բացառվելու է, որովհետեւ մագիստրոսի կոչում ստանալուց առաջ մարդիկ պետք է ծառայած լինեն»։

Լրագրողների հարցին, թե ինչ կարծիքի են բանակում ծառայելու փոխարեն սահմանամերձ գյուղերի ու շրջանների դպրոցներում դասավանդելու վերաբերյալ, ուսանողները պատասխանեցին, որ, օրինակ, քիմիկոսին լաբորատորիայից հանելը եւ մի խուլ դպրոց տանելը նույնն է, ինչՙ խրամատում ծառայելը։

Նախաձեռնող խմբի անդամները գտնում են, որ այս նախագծի ընդունմամբ կիջնի կրթության որակը։ Բակալավրիատում սովորող ուսանողները, կանխավ իմանալով, որ հնարավորություն չեն ունենալու շարունակել իրենց ուսումը, կամ սովորելու են այնքան, որ ընթացիկ քննություններից բավարար գնահատականներ ստանան եւ տեղափոխվեն մի կուրսից մյուսը, կամ բուհ ընդունվելուն պես լքելու են Հայաստանը։

Ինչ վերաբերում է զինծառայությունից հետո ուսումը շարունակելուն եւ գիտական գործունեությամբ զբաղվելուն, խմբի անդամները վստահ են, որ պոտենցիալ շատ գիտնականներ զինծառայությունից հետո հիասթափվելու եւ մեկնելու են Հայաստանից։

Նախաձեռնող խմբի անդամները պատրաստ են երկխոսության, հաջողության չհասնելու դեպքում կօգտվեն սահմանադրական իրավունքից, կկազմակերպեն հավաքներ, հանդիպումներ։ Ասուլիսի ընթացքում պարզ դարձավ, որ վաղը ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի կունենա հանդիպում 120 ուսանողների եւ ասպիրանտների հետ։

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4