Հեմինգուեյը խոստովանում էր, թե իր ձեռագրերը խմբագրում եւ վերջնական ստեղծագործությունների է վերածում բացառապես ճոճաթոռին նստած, մուլատուհու ձեռքերով պտտած սիգար ծխելով։
Սիգարների, առհասարակ սիգարային կուլտուրայի մասին ամեն ինչ ընթերցողին է ներկայացնում Մոսկվայում լույս տեսնող «Սիգար կլան» երկամսյա հրատարակությունը։ Ամսագիրը, որն, ի դեպ, Հայաստանում եւս տարածվում է, նաեւ որակյալ ճանաչողական հանդես է, որ «սիգարային» կուլտուրային հարազատ հետաքրքրական նյութեր է մատուցումՙ պատմական ակնարկներ Կուբայի, հնդկացիների մասին, մենամարտեր, զենքեր, գորգեր, թանկարժեք խմիչքներ եւ այլն։
Ամսագրի մասին մանրամասներ է ներկայացնում «Սիգար կլանի» հրատարակիչ, «Արկ մեդիա» հրատարակչատան տնօրենների խորհրդի նախագահ Արտաշես Շիրիկյանը։
- Պրն Շիրիկյան, ինչպե՞ս առաջացավ հատկապես սիգարներին վերաբերող ամսագիր հրատարակելու միտքը։
- «Սիգար կլանի» հրատարակության գաղափարը ծնվեց 5 տարի առաջ, երբ սկսեցի սիգար ծխել։ Երբ սկսեցի սիգարների վերաբերյալ տեղեկություններ փնտրել, պարզվեց, որ Մոսկվայում դրանց առնչվող որեւէ հրատարակություն չկար։ Սկսեցի հետաքրքրվել ԱՄՆ-ում, Եվրոպայում լույս տեսնող նման հանդեսներով, եւ պարզվեց, որ առաջնակարգ գրեթե բոլոր երկրներում լույս են տեսնում «սիգարային» ամսագրեր։ Քանի որ մենք էլ առաջ ենք ընթանում նույն ուղղությամբ, ինչ արեւմտյան երկրները, վաղ թե ուշ Ռուսաստանում եւս պիտի որ հայտնվեր նման ամսագիր։ Այդպես էլ առաջացավ հրատարակելու միտքը։ Պահը նպաստավոր էր նաեւ նրանով, որ տղամարդկանց համար այլ հայտնի հրատարակություններ էլ չկային։ Շուկայում եղած ամսագրերը հիմնականում ուղղված էին 18-25 տարեկան ընթերցողին, իսկ մեզ հետաքրքրում էր առնվազն 30-ից բարձր հատվածը։ Այնպես որ, դաշտում ազատ տեղ կար, որոշեցինք զբաղեցնել։
- Փաստորեն, որոշեցիք համատեղել սիգարներով Ձեր տարվածությունն ու գործարար շահավետությունը։
- Այո, անձնական ու գործնական հետաքրքրությունները համընկան։ Հրատարակչական գործն ինձ համար նոր ոլորտ էր եւ դարձավ շատ հետաքրքրական։ Ամսագրի հրատարակումը սկզբնավորեց գործունեության հարակից ուղղություններ եւս։ Կազմակերպում ենք սիգարներին վերաբերող երեկույթներ, այդ թվում Ռուսաստանում միակ սիգարային փառատոնըՙ այս տարի արդեն չորրորդ։ Վերջինիս ընթացքում ներկայացնում ենք շուկայում եղած գրեթե բոլոր սիգարներըՙ հնարավորություն տալով հետաքրքրվողներին փորձել դրանք համապատասխան խմիչքների համադրությամբ։ Ունենք ակումբ, որ ներառում է ռուսաստանյան քաղաքական ու գործարար շրջանակների վերին էշելոնի ներկայացուցիչներին։ Ակումբը փակ կազմակերպություն է անդամների անփոփոխ թվովՙ 101 մարդ։ Անդամությունն իրականացվում է բացառապես ակումբի բոլոր անդամների համաձայնությամբ։
- Կարելի՞ է ամսագիրն անվանել «կլանային» զուտ սիգարի սիրահարների համար, թե՞, ըստ Ձեզ, կարող է հետաքրքրել ընթերցողների առավել լայն շրջանակի։
- Անշուշտ, ընթերցողների շրջանակն անհամեմատ լայն է, քան ակումբի 101 անդամները կամ փառատոնի մի քանի հարյուր մասնակիցները։ Բայց, միեւնույն է, ինչ-որ կլանայնություն պահպանվում է։ Մենք հրատարակում ենք ամսագիր սիգարի սիրահարների համար։ Այդ մարդիկ կարող են իրենց թույլ տալ շքեղ ընթրիքներ, թանկարժեք խմիչքներ, ճամփորդություններ ու բարձրակարգ հյուրանոցներ եւ այլն։ Այնպես որ, մենք էլ գրում ենք այդ ամենի մասին, այն ամենի, որ կարող է հետաքրքրել նրանց։ Անտարակույս, այստեղ գործ ունենք որոշակի սահմանափակման հետ։ Բայց, կարծում եմ, դա սահմանափակում է թեմաների, նյութերի ոչ թե ծավալի, այլ որակի առումով։
- Հայաստանյան ընթերցողը Ձեզ կարդալու հնարավորություն ունի։ Ուրիշ ի՞նչ երկրներում է տարածվում ամսագիրը։
- Կարդում են այն երկրներում, որտեղ կարդում են ռուսերեն։ Եվ մենք կամենում ենք, որ ամսագիրը ներկայացված լինի բոլոր-բոլոր այդ երկրներում։ Կարծում եմՙ կարող ենք զբաղեցնել այդ շուկան, քանի որ այդ երկրներում սեփական «սիգարային» ամսագրեր չկան։ Ու դժվար է պատկերացնել նրանց գոյությունը, եթե հաշվի առնենք, որ անգամ Ռուսաստանում սիգարի վաճառքի ծավալները, որոնք պայմանավորվում են սիգարի սիրահարներով, թույլ չեն տալիս ամսագրին ունենալ այնպիսի բյուջե, ինչպիսին ունեն, ասենք, ԱՄՆ սիգարային ամսագրերը։
- «Սիգար կլանը» Ձեր հրատարակչական տան միա՞կ ներկայացուցիչն է։
- Այո, քանի որ հրատարակչական գործն ինձ անծանոթ ուղղություն էր, որոշեցի մի հրատարակությունն ամրապնդել, մինչեւ ուրիշներին անցնելը։ Կարծում եմ, այսօր արդեն կարելի է մտածել նոր ծրագրերի մասին։
ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ. «Ազգի» հետագա համարներում կներկայացնենք Մոսկվայի հայ համայնքի այլ ներկայացուցիչներին վերաբերող նյութեր եւս։