«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#26, 2004-02-17 | #27, 2004-02-18 | #28, 2004-02-19


ԱՐՄԱՎԻՐ ՔԱՂԱՔԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԸ ՀԱՐՍՏԱՑԱՎ ԲՈՒԺՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ

Փետրվարի 17-ից Արմավիր քաղաքի եւ էլի 10 գյուղերի հղի կանայք հնարավորություն ունեցան ստուգվելու հենց տեղի հիվանդանոցում կամ ամբուլատորիայում։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը (UNFPA) արդեն մի քանի տարի իրականացվող «Կանանց, տղամարդկանց եւ երիտասարդների սեռական ու վերականգնողական առողջության բարելավում» ծրագրի շրջանակում Արմավիր քաղաքի հիվանդանոցին նվիրեց շտապօգնության ավտոմեքենա, նոր շարժական էխոսկոպիկ սարք, որոնց արժեքն ընդհանուր առմամբ կազմում է մոտ 27 հազար ԱՄՆ դոլար։

Հատուկ այս նպատակով Հայաստան էր ժամանել ծրագրի ղեկավար Ալեն Մուշիրուն, որն էլ նշեց. «Արմավիրն ընդգրկվել է ծրագրում, քանի որ հետազոտությունները ցույց են տվել, որ այստեղ շատ են գինեկոլոգիական խնդիրները։ Մարզն այս ծրագրում ընդգրկված կլինի մինչեւ 2009 թ.»։

Ծրագրի շնորհիվ արձանագրվել է ինչպես մայրական մահացության (30-ից դարձել է 5), այնպես էլ մանկամահացության թվի նվազում։ Ծրագրի շրջանակներում անցած տարի Արտաշատում նախատեսված 100 բժիշկների փոխարեն վերապատրաստման դասընթացներ են անցել 300-ը։ Նման նախաձեռնության համար Արմավիրի մարզպետը շնորհակալագիր հանձնեց Ալեն Մուշիրուին, տեղեկացնում է «Մեդինֆորմ» գործակալությունը։

Լրաքաղըՙ ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԻ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4