Երեկ, ներկայացնելով ՀՀ 2004 թ. դրամավարկային քաղաքականության ծրագիրը, այս մասին հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Նա նշեց, որ Հայաստանը պետք է լայնածավալ բարեփոխումների նոր փուլ սկսի։ Այն կունենա երկու ուղղվածություն։ Առաջինը սոցիալական է, որի նպատակը քաղաքացիների եւ տնտեսվարողների համար բարենպաստ գործունեության դաշտ ապահովելն է, երկրորդըՙ կառուցվածքային, որտեղ պետությունն իր աջակցությունը պետք է ցուցաբերի։ Մասնավորապես նախատեսվում է օրենսդրական մեծ փաթեթ մշակել, որը պետք է նպաստի հիպոթեկային շուկայի զարգացմանը։ Դա հնարավորություն կտա միջին խավին, որն ունի կայուն եկամուտ, օգտվել վարկավորման այս տեսակից, ինչը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի մեծ շարժիչ կլինի։ Ներկայումս մի քանի բանկեր իրականացնում են հիպոթեկային վարկավորում, բայց 4-5 տարի ժամկետով եւ միջինը 18 տոկոս դրույքաչափով։ ԿԲ նախագահի հավաստմամբ, այդ վարկերի 50 տոկոսը տրվում են բանկերի աշխատակիցներին։ Մինչդեռ ծրագրվում է հիպոթեկային վարկավորման նվազագույն ժամկետը սահմանել 5 տարին եւ այն հասցնել մինչեւ 15-20 տարվա, որից կկարողանան օգտվել հազարավոր մարդիկ։
Հիպոթեկային շուկայի զարգացումը հնարավոր չի լինի առանց անշարժ եւ շարժական գույքի գրանցման եւ երկարաժամկետ ռեսուրսների ձեւավորման խնդիրների լուծման։ Բանկերն այսօր չունեն երկարաժամկետ ռեսուրսներ։ Այս խնդիրը պետք է լուծվի Հայաստանում կուտակային հիմնադրամների ստեղծմամբ, որն էլ երկարաժամկետ ռեսուրս կհանդիսանա հիպոթեկային հիմնադրամների համար։ Կուտակային, կենսաթոշակային հիմնադրամի ստեղծումը ենթադրում է նաեւ կենսաթոշակային համակարգի ռեֆորմի իրականացում։ Դրա էությունն այն է, որ բոլոր աշխատանք ունեցող քաղաքացիները իրենք են որոշում այդ կուտակային հիմնադրամներում կատարելիք իրենց վճարումների չափը, որպեսզի կենսաթոշակային տարիքից հետո այդ վճարումներին համարժեք թոշակներ ստանան։
Հաջորդը կորպորատիվ կառավարման համակարգի հայեցակարգի ընդունումն է, որը սկսվելու է ներդրվել առեւտրային բանկերում, ապա նաեւ մյուս տնտեսվարողների մոտ։ Տիգրան Սարգսյանը կարեւորեց պլաստիկ քարտերի շուկայի ընդլայնումը, նշելով, որ այստեղ պետք է բեկում մտցնելՙ տասնյակ հազարավոր քաղաքացիների ներգրավելով այս ոլորտ։
Անդրադառնալով դրամավարկային քաղաքականությանը, ԿԲ նախագահը նշեց, որ այս տարի դրա իրականացման մակրոմիջավայրը 2003-ի համեմատ կփոփոխվի։ Դա պայմանավորված է ֆինանսավորման աղբյուրներում արտաքին հոսքերի էական կրճատմամբՙ մասնավորապես «Լինսի» հիմնադրամի դրամաշնորհների եւ Համաշխարհային բանկի կառուցվածքային վարկերի բացակայությամբ։ Այդ պատճառով էլ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 7 տոկոսանոց աճ է կանխատեսվում։ Սղաճը ծրագրվում է 3 տոկոս։ Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ այս տարի սղաճը կազմել է 8,5 տոկոս, որը պայմանավորված էր հացի գների թանկացմամբ։ Այս հանգամանքը առաջացրեց բնակչության դժգոհությունը, ապացուցելով ցածր սղաճի պահպանման քաղաքականության արդարացված լինելը։
2004 թ.-ին եւս ԿԲ-ն ձգտելու է ապահովել ցածր սղաճ։ Գների աճի մակարդակը չպետք է գերազանցի 3 տոկոսը։ Տիգրան Սարգսյանի հավաստմամբ, իրենք բոլոր ծառայությունների (էլեկտրաէներգիա, գազ, ջուր եւ այլն) սակագնային հարցերն ընդգրկել են իրենց հաշվարկների մեջ։ Դրանով հանդերձ գների աճը չպետք է գերազանցի վերոնշյալ 3 տոկոսը, եթե չլինի հացի գների նոր աճը։ Այս առնչությամբ նա հայտնեց, որ երեք տեսակետ գոյություն ունի։ Առաջինը, որ հացի գներն աճել են իրենց առավելագույն չափով եւ այլեւս չեն աճի, երկրորդը, որ դրանք շատ են աճել եւ հնարավոր է որոշակի նվազում եւ երրորդը, որ հացի գների նոր թանկացումներ են հնարավոր։ Հացամթերքի թանկացումների խնդիրը, ըստ ԿԲ նախագահի, գտնվում է կառավարության ուշադրության ներքո։
Մամուլի ասուլիսի ժամանակ նաեւ անդրադարձ եղավ Հայաստանում գործող բանկերի կողմից 2005 թ. հուլիսի 1-ին 5 մլն դոլար կանոնադիր կապիտալի ապահովման հարցին։ Այս կապակցությամբ Տիգրան Սարգսյանը նշեց, որ երեք բանկեր ենՙ կապիտալի համալրման խնդիրներ ունեն, բայց հուսալիության տեսակետից նրանք, ինչպես մյուս բանկերը, որեւէ խնդիր չունեն։ Ինչ մնում է համալրման աղբյուրներին, ապա բանկերի մեծ մասը ձգտում է դա կատարել սեփական շահույթի հաշվին։ Տեղեկացնելով, որ Հայաստանի բանկերի կապիտալի 48 տոկոսից ավելին ներդրվել է օտարերկրացիների կողմից, ԿԲ նախագահը նախընտրելի համարեց, որ բանկերի կապիտալի համալրման հարցը լուծվի օտարերկրյա ներդնողների մասնակցությամբ, որոնք իրենց հետ բերում են ինստիտուցիոնալ փոփոխություններ։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ