«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#26, 2004-02-17 | #27, 2004-02-18 | #28, 2004-02-19


ԱԶԳԱՅԻՆ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՏՈՆԵՐ

Փետրվարի 19-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Վարդանանց սուրբ նահատակների հիշատակի օրը։ Վարդանանց պատերազմից անցել են դարեր, բայց նրանք միշտ կենդանի են մեր հոգում։ Եվ յուրաքանչյուր հայ պարտավոր է հիշել ու գլուխ խոնարհել նրանց հիշատակի առաջ, քանի որ այդ սրբերի ճգնությամբ եւ նահատակությամբ մեր ժողովուրդը հավատարիմ մնաց մեր Փրկչի երկնային վարդապետությանն ու հարատեւեց դարեր։

Փետրվարի 22-ին նշվում է բուն Բարեկենդանի տոնը։ Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն, ուրախություն, վայելք։ Բուն Բարեկենդանը ժողովրդական տոնախմբության, խրախճանքի օր է։ Այդ տոնը նշվում է նաեւ Ռուսաստանում եւ եվրոպական երկրներում։ Տոնին նախորդող շաբաթ երեկոյանՙ ժամերգության ընթացքում վարագուրվում է եկեղեցու խորանը եւ այդպես մնում մինչեւ Մեծ պահքի ավարտը։

Փետրվարի 23-ից սկսվում է Մեծ պահքի շրջանը եւ տեւում է 48 օրՙ բուն Բարեկենդանից մինչեւ Ս. Հարության (Զատկի) տոնը, որն այս տարի կնշվի ապրիլի 11-ին։ Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող մթերք։ Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլեւ մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից եւ այլ մեղքերից։

Մարտի 17-ին Մեծ պահքը կիսվում եւ կոչվում է միջինք։ Ժողովրդական սովորության համաձայն, այդ օրը բաղարջից պահոց գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ են դնում։ Ում որ բաժին հասնի մետաղադրամը, տարին նրա համար հաջողություններ է բերում։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4