«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2004-02-18 | #28, 2004-02-19 | #29, 2004-02-20


«ԿՈԱԼԻՑԻԱՆ ԻԲՐԵՎ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՉԻ ԿԱՅԱՑԵԼ»

Հրանտ Մարգարյանը Հանրապետականին մեղադրեց «թուլության» եւ ««հիվանդագին ընկալումների» մեջ

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանիՙ կուսակցության 29-րդ ընդհանուր ժողովի բացման ելույթը վերջին օրերին ներքաղաքական տարբեր մեկնաբանությունների տեղիք էր տվել։ Մասնավորապես Հանրապետական կուսակցությունը, որ իշխանական կոալիցիայի մաս է կազմում «Օրինաց երկրի» եւ ՀՅԴ-ի հետ, խորապես ցնցվել էր Մարգարյանի ելույթում հնչած անհասցե մեղադրանքներից, որոնք հիմնականում վերաբերում էին նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ընթացքում տեղ գտած զանգվածային կեղծիքներին։

Ցնցումն առանձնապես բացասաբար էր անդրադարձել ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի վրա, որը, մինչ Ծաղկաձորում շարունակվում էր ՀՅԴ փակ ժողովը, մամուլում բազմիցս նշել էր, որ եթե Դաշնակցության ձեւակերպումները կրկնվեն ընդհանուր ժողովի բանաձեւում, ապա դա կարող է ունենալ հեռուն գնացող բացասական հետեւանքներ։ Երբ «Իրավունք» թերթը երեկ մամլո ասուլիսում Մարգարյանին հիշեցրեց Գալուստ Սահակյանի «սպառնալիքը», բյուրոյի ներկայացուցիչը զարմացավ։

- Ո՞վ է դա ասել,- հարցրեց Մարգարյանը։

- Գալուստ Սահակյանը,- կրկնեց «Իրավունքը»։

- Դա ո՞վ է,- հարցրեց Մարգարյանը։

- ԱԺ-ում Հանրապետական խմբակցության ղեկավարը։

- Այս մակարդակում ես այդպիսի մարդ չեմ ճանաչում։ Կոալիցիայի մասին մեր տեսակետը հստակ ասել ենք, որ հույսերս չենք կտրել, ՀՅԴ-ի ներկայությունը ինքնանպատակ չէ, ասել ենք, որ հուշագրում արտահայտված մտքերին պետք է հետամուտ լինենք, ասել ենք բաներ կոալիցիայի մասինՙ առանց մեղավոր գտնելու,- ասաց Մարգարյանը։

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը նշեց, որ կոալիցիան իբրեւ հավաքական ու քաղաքական մարմին չի կայացել, եւ դրա մեջ մեղավոր են կոալիցիային մաս կազմող կուսակցությունները, այդ թվում նաեւ Դաշնակցությունը։ «Բայց մենք չենք ասել, թե դրա համար ով է մեղավոր, այդ հարցում մենք մեզ էլ ենք մեղավոր համարում։ Եթե չենք ասում, որ այս հարցում ով է մեղավոր, ինչո՞ւ են մարդիկ մեղավոր տեսնում։ Ոչ ոք չի մտածում, որ դա առաջին հերթին ինքնաքննադատություն է։ Կոալիցիայի մեջ գտնվող բոլոր ուժերըՙ մեզնից սկսած, մեղավոր են։ Իսկ նման գնահատականը (նկատի ունի հանրապետական Սահակյանին) թուլության հետեւանք է։ Մենք փաստն ենք գնահատել, որը չպետք է այդքան հիվանդագին ընկալվի», ասաց Մարգարյանը։

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչն ասաց, որ ընդհանուր ժողովի բացման իր ելույթի տրամաբանությունն ավելի կոշտ էր, քան ժողովից հետո արված հայտարարությունը։ «Բայց եթե նայենք, թե ինչ ենք ասել մեր ելույթում եւ ինչ է ասված հայտարարության մեջ, կտեսնենք, որ ամբողջովին համահունչ է։ Այն, ինչ ասվել է բացման խոսքում, ըստ էության կրկնվել է հայտարարության մեջ»։

Մարգարյանի հայտարարության ոգուց հիացած չէ նաեւ կոալիցիայի ընդհանուր ղեկավարըՙ հանրապետության նախագահը։ Նախօրեին մի քանի հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն ասել էր. «Կարծում եմ, որ պետք է լինեն ներկուսակցական, ներկոալիցիոն հարցեր, եւ հարցեր, որոնք հրապարակային են։ Այս հարցերի շուրջ փոխադարձ պայմանավորվածությունները պետք է ձեռք բերվեն ներկոալիցիոն հավաքների ժամանակ։ Համոզված եմ, որ եղած դրսեւորումները չեն խորանալու, համագործակցությունը շարունակվելու է, քանի որ հանդիպում եմ ունեցել նաեւ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչի հետ եւ այստեղ որեւէ լուրջ խնդիր չեմ տեսնում։ Բայց պետք է շատ ավելի զուսպ լինել այս հարցերում»։

Հրանտ Մարգարյանը համաձայն է նախագահ Քոչարյանի հետ։ «Այո, պետք է զուսպ լինել։ Զուսպ ենք այնքանով, որ չենք վիրավորում, չենք անարգում, բայց չենք կարող լինել այնքան զուսպ, որ ճշմարտությունների կողքով անցնենք, ծածկենք ճշմարտությունները»։

Նախագահ Քոչարյանը հեռուստահարցազրույցում ասել էր, որ Դաշնակցության որոշ մոտեցումներ անջրպետ չեն ստեղծում նախագահի եւ ՀՅԴ-ի միջեւ։ «Երկար տարիներ համագործակցել ենք եւ շարունակելու ենք համագործակցել (ՀՅԴ-ի հետ)։ Համագործակցությունը պետք է ազնիվ լինի. նրանք գիտեն իմ մոտեցումները, եսՙ իրենցը։ Դաշնակցության հետ իմ հարաբերություններն ազնիվ են», ասել էր երկրի նախագահը։

Դաշնակցությունն անուղղակիորեն նախագահ Քոչարյանին մեղադրում է կադրային հարցերում, մասնավորապես նախարարներ նշանակելու առումով։ «Նախարարը պետք է լինի քաղաքական ծրագրի տեր, ով այդ աթոռին նստում է, ծառայելու է իր ժողովրդին իբրեւ քաղաքական ուժի ներկայացուցիչ։ Իսկ եթե մարդը նախարար է դառնում եւ չունի որեւէ քաղաքական ծրագիր, գաղափարախոսություն, նա ծառայում է իր գրպանին եւ իր անմիջական գերադասին։ Մենք պետք է հասկանանք, թե այս կամ այն նախարարն ինչպե՞ս կարող է ծառայել թե՛ ՀՀՇ-ի, թե՛ Քոչարյանի համար, հավանաբար վաղն էլ կցանկանա մեզ ծառայել։ Սա է մեզ համար անընդունելի։ Մենք ուզում ենք, որ նախարարական աթոռը ծառայի քաղաքական ուժինՙ իբրեւ ժողովրդին ծառայելու միջոց», ասաց Մարգարյանըՙ հավելելով, որ ինքը 2008 թ. նախագահական ընտրություններում երկրի ղեկավար դառնալու հավակնություններ չունի։

Հրանտ Մարգարյանիՙ երեկ ասուլիսում արված հայտարարությունների ոգին եւ նախօրեին Ռոբերտ Քոչարյանի հեռուստազրույցի լավատեսությունը չեն խոսում կոալիցիայի պառակտման մասին արվող հոռետեսական կանխատեսումների օգտին։ ՀՅԴ-ն, Հանրապետականը եւ «Օրինաց երկիրը» թերեւս շարունակեն սատարել Ռոբերտ Քոչարյանին։ Այլ խնդիր է, որ այս կուսակցություններից յուրաքանչյուրը կցանկանար ավելի շատ նախարարական պորտֆելներ ունենալ եւ մարդկայնորեն հասկանալի այդ ցանկությունը ներկայացնել հայ ժողովրդին ավելի հնազանդ ծառայելու ազնիվ ձգտումներով։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4