Գ. Սունդուկյանի անվան թատրոնի 80-ամյակը
Այսօր իր հիմնադրման 80-ամյակն է նշում Հայաստանի տարածքում ստեղծված առաջին պետական թատրոնըՙ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիականը, որի փաստական հոբելյանից երկու տարի է անցել, սակայն «մեղավորը» վերանորոգումն էր, թատրոնի շենքը վերանորոգված տեսնելու պետական մտահոգությունը։ Ու այսօր արդեն իր նորոգ շենքի դռներն է բացում իրավամբ մեր մայր թատրոնը, որն իր հպարտ գոյությամբ յուրատեսակ դպրոց ու ներշնչանք է եղել մեր բոլոր թատրոնների համար։ Չափանիշ է եղել, քանզի այս թատրոնում են խաչաձեւվել անցյալի ու ներկայի մեր բոլոր թատերական որոնումներն ու հաստատումները, այս թատրոնում են հանգրվանել մեր բեմարվեստի գրեթե բոլոր մեծերըՙ Վահրամ Փափազյանից մինչեւ Վարդուհի Վարդերեսյան։ Չնայած Սունդուկյանի անվան թատրոնը բացվել է 1922 թ., բայց այն իր արմատներով մխրճված է 19-րդ դարավերջի ու 20-րդ դարասկզբի մեր թատրոնի պատմության մեջՙ իր ակունքներն աղերսելով Պոլսին ու Թիֆլիսին, իր համար ուղենշային դարձած գեղագիտական շատ սկզբունքներ փոխառնելով Մոսկվայի գեղարվեստական թատրոնից։ Ուրեմն, այս թատրոնը կամրջում է այսօր 19-րդ եւ 21-րդ դարերըՙ ավանդույթն ու նորարարությունը դարձնելով հիմնաքարային արժեքներ։ Մինչեւ Սունդուկյանի անվան թատրոնի ստեղծումը տասնյակ թատրոններ էին հիմնվել, սակայն ոչ մեկը չէր դարձել հստակ կենտրոնացվածություն ունեցող գեղագիտական սեւեռումների ու թափանցումների թատրոն, ոչ մեկում միաձույլ չէին եղել ժամանակն ու գեղարվեստական ծրագրի ուղղաձիգությունը։ Սունդուկյանի անվան թատրոնը մեր առաջին ծրագրային-խաղացանկային թատրոնը եղավ։
Իր նորոգ շենքի պես նորոգ է թատրոնըՙ ե՛ւ իր խաղացանկային կողմնորոշումներով ու արժեւորումներով, ե՛ւ գեղագիտական այն հայտնություններով, որոնք թատրոնի 80-ամյա պատմության մեջ նոր ժամանակի ծնունդն են ավետում։ Իսկապես նոր ու հետաքրքրական մի թատրոն է այսօր ներկայանում մեզ, որի գլխավոր սկզբունքներից մեկը շարժումն էՙ ժամանակի հետ մեկտեղվելու, ժամանակի գեղարվեստական խնդիրներին համահունչ լինելու շարժումը, որն էլ, բնավ չանտեսելով մեծերի դասերն ու ձեւավորած արժեքները, այժմ դարձել է մերօրյա թատրոն, որի համար ավանդապաշտությունը միայն ու միայն հարգանք է արմատներին, մինչդեռ թատրոնն ամբողջապես ընդունում եւ սեփականում է ժամանակի գեղագիտական չափումներըՙ այսպես ինքն իր մեջ փառաբանելով «կենդանի թատրոնը»։ Այս թատրոնում, այո, մեծերի ձայները կան, այս թատրոնն, այո, ապրում է մեծերիՙ Հրաչյա Ներսիսյանի, Օլգա Գուլազյանի, Արուս Ոսկանյանի, Հասմիկի, Ավետ Ավետիսյանի, Վաղարշ Վաղարշյանի, Գուրգեն Ջանիբեկյանի, Արուս Ասրյանի, Մետաքսյա Սիմոնյանի, Բաբկեն Ներսիսյանի, Մհեր Մկրտչյանի, Դավիթ Մալյանի, մյուսների թանկ հիշողություններով։ Այս թատրոնում Լեւոն Քալանթարի, Արմեն Գուլակյանի, Վարդան Աճեմյանի, Արշակ Բուրջալյանի, մյուսների բեմադրությունների մշտառկա արձագանքները կան, սակայն, այս ամենով հանդերձ, այսօրը կա, որն այլեւս աստղերի թատրոն չէ, այլ անսամբլային թատրոն, ուր միատեղվել-համադրվել են ստեղծագործական-արտահայտչական սկզբունքները, ուր տիրապետող է բարձր «ռեժիսորական թատրոնի» գեղագիտությունը, ինչն արդեն նոր որակ է, նոր հանգրվան։
20-րդ դարակեսի համաշխարհային թատրոնն արձանագրեց «ռեժիսորական թատրոնի» հաղթարշավը, Մեյերհոլդի, Վախթանգովի, Թայիրովի, այլոց գաղափարները դարձան շարժման ելակետերը, մինչդեռ հայ թատրոնը, մասնավորաբար Սունդուկյանի անվան թատրոնը վախվորած մոտեցան գեղագիտական այս համակարգին, «դերասանական թատրոնը» չընդունեց «ռեժիսորական թատրոնի» առանձնաշնորհությունը, սակայն այսօր արդեն Սունդուկյանի անվան թատրոնում վստահաբար հաստատվում է «ռեժիսորական թատրոնը»ՙ ոչ թե եսազրկելով դերասանին, այլ հենց նրա միջոցով լուծելով ռեժիսորական բարդագույն խնդիրներ։ Լ. Շանթի «Հին աստվածների», Ա. Չեխովի «Բալի այգու», Ֆ. Գ. Լորկայի «Բեռնարդան եւ իր աղջիկների», Թ. Ուիլյամսի «Ցանկություն» տրամվայ», Ա. Վարդանյանի «Ախացելի», Ռ. Շառոյանի «Մեր բաժին ուրախության» բեմադրությունները հաստատեցին «ռեժիսորական թատրոնի» գերակայությունը, նոր ուղղվածություն տվեցին Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ծավալներին։ Ռեժիսորական մոնումենտալիզմին, բարձր պաթոսին, հոգեբանական ռեալիզմին փոխարինելու են եկել բազմաշերտ մետաֆորայնությունը, բանաստեղծական-խորհրդապաշտականը, երբ թատրոնի «կյանքի հայելի» լինելու երեւույթը մատուցվում է կոմպոզիցիոն-պատկերային լուծումներովՙ միավորելով թատրոնին այնքան հարազատ մետաֆիզիկական-ռեալըՙ ճշգրտին, ռեալին, նյութականին։
Այս ամենը թատրոն բերեց Վահե Շահվերդյանը, հիրավիՙ հզոր ռեժիսորական անհատականությունը, որը հարկադրված էր զբաղվել թատրոնաշինությամբՙ այդ բառի ուղղակի եւ փոխաբերական առումներով։ Կազմալուծված, չգոյության դատապարտված թատրոնը աստիճանաբար ոտքի կանգնեցՙ փրկելով մեր ազգային մեծագույն արժեքներից մեկը ոչնչացումից, ֆիզիկական եւ ստեղծագործական ոչնչացումից։ Ուստի այսօր ունենք մի նոր թատրոն, որն 80 տարեկան է եւ մոտ... 9 տարեկան։ Ունենք մի թատրոն, որն անցյալի արժեքներն է մեծարում, սակայն սկիզբ է դրել գոյության նոր ընթացքիՙ իր վարպետների ու նորերի հետ։ Եթե մեծ հպարտություն է, որ այսօր թատրոնում են Վարդուհի Վարդերեսյանըՙ մեր մեծագույն դերասանուհին, Հեղինե Հովհաննիսյանը, Մարգո Մուրադյանը, Ժենյա Ավետիսյանը, Վլադիմիր Աբաջյանը, Գեւորգ Չեփչյանը, Լոռենց Առուշանյանը, ուրիշներ, ապա պակաս հպարտություն չէ Արմեն Մարությանի, Ռուդոլֆ Ղեւոնդյանի, Հարություն Մովսիսյանի, Սամվել Սարգսյանի, Գրետա Մեջլումյանի, Ռազմիկ Խոսրոեւի, Ալբերտ Սաֆարյանի, Աիդա Բաբաջանյանի, Հասմիկ Ալեքսանյանի, Սամվել Փիլոյանի, Նելլի Խերանյանի, Ալլա Վարդանյանի, մյուսների ներկայությունը։ Սունդուկյանի անվան թատրոնում ստեղծվեցին վերջին տարիների մեր դերասանական արվեստի մի շարք բարձրակետեր. Վարդուհի Վարդերեսյանի Շնորհիկն ու Ռանեւսկայան, Արմեն Մարությանի Լոպախինը, Գրետա Մեջլումյանի Պոնսիան, Տիգրան Ներսիսյանի Բանաստեղծը, Մուրադ Ջանիբեկյանի Զորավարը։ Այս դերակատարումներն իսկապես մեր բաժին ուրախությունն են։
...Այսօր համազգային տոն է։ Այսօր մեր առաջին պետական թատրոնիՙ Մայր թատրոնի տոնն է։ Տոնն է բոլոր մեծերի, որոնք եկան Սունդուկյանի անվան թատրոն ու... մնացին նրա պատմության մեջ, տոնն է 100-ամյակի դռանը վրան խփած Գեւորգ Աշուղյանի, 10-րդ տասնամյակի ճամփեքով անցնող Ամալյա Արազյանի, Վահրամ Եղշատյանի, մեր խոշորագույն անհատականություններիՙ Խորեն Աբրահամյանի ու Սոս Սարգսյանի, բոլոր հին ու նոր սունդուկյանցիների։ Ու նաեւՙ բոլորիս, քանզի Սունդուկյանի անվան թատրոնը մեզ համար դարձել է այնպիսի արժեք, ինչպիսիք են Արարատ լեռն ու Արաքս գետը, Սեւանն ու Մատենադարանը...
ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ, Թատերագետ