Ըստ կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցիՙ այսօր մեր կինոյի սերունդների մեջ մի մեծ վակուում կա. 40-45 տարեկան մասնագետներին հաջորդում են 20-ամյա երիտասարդները։ Վերջին մի քանի տարիներին կինոյի բնագավառում արվածը ի մի բերելու, մեր շնորհալի երիտասարդներին երեւան հանելու, հարթ սերնդափոխություն իրականացնելու համար Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը եւ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը երիտասարդական կինոյի փառատոն են անցկացնում։ Կինոփառատոնին կներկայացվի 60-70 ֆիլմ։ «Իրականում 2001-2004-ին նկարահանված շատ ֆիլմեր կան, մենք դռները բացել ենք, հնարավորություն ենք տալիս, որ ոչ միայն կինո ներկայացնեն, այլ նաեւ վիդեո, վիդեո-արտ, վիդեո-կլիպ, որոնք նույնպես մշակույթ են եւ պետք է իրենց գնահատականը ստանան», - ասաց Ռուբեն Գեւորգյանցը։ Փառատոնին կարող են մասնակցել մինչեւ 35 տարեկան երիտասարդներ ինչպես Հայաստանից, այնպես էլ սփյուռքից։
«ԵՍ ԵՄ» կինոփառատոնի նոմինացիաներն ենՙ լավագույն խաղարկային ֆիլմ, լավագույն վավերագրական ֆիլմ, լավագույն ուսանողական աշխատանք կինոյի բնագավառում, լավագույն օպերատորական աշխատանք, լավագույն ռեժիսուրա, լավագույն կլիպ եւ լավագույն անիմացիոն ֆիլմ եւ կլիպ։ Կազմակերպիչները գտնում են, որ կինոյի վերելք ապահովելու համար հարկավոր է խրախուսել երիտասարդներին։
«1990-ականներին երիտասարդների ստեղծագործության բնույթը, փորձարարական էր, որովհետեւ դռները նոր էին բացվել։ Հիմա երիտասարդությունը մեծ ուշադրություն է դարձնում մարդու կենսագրությանը, խնդիրներին, եւ շատ հետաքրքիր է, երբ 20 տարեկան երիտասարդը բարձրացնում է շատ մեծ սոցիալական եւ էպիկական հարցեր», - ասաց պրն Գեւորգյանցը։
Փառատոնի անցկացման համար մոտ 8000 դոլար է հարկավոր։ Այսօր կան որոշ հովանավորներ, բայց պրն Գեւորգյանցն ասում է, որ պետք է ամեն ինչ անեն, որպեսզի միջոցառումը խղճուկ չլինի։
Մյուս տարի որոշել են փառատոնը միջազգային դարձնել։ Արդեն արձագանքներ են ստացվել Նյու Յորքից, Վաշինգտոնից, Փարիզից, Լիոնից, Գերմանիայից։
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ