Երբ մանկատների մասին ես մտածում, սովորաբար կիսատ ժպիտներով ու տխուր աչքերով երեխաների ես պատկերացնում, որոնց կյանքը հենց սկզբից է իր դառն ու ստվերոտ կողմը ցույց տալիս։
«Նորք» մանկան տան կարանտինային բաժանմունքում զրուցում էի բժշկուհու եւ դաստիարակչուհու հետ։ Մի քանի օր առաջ 7-8 փոքրիկներ օթեւանել էին այստեղ. իրենց հոգու փոքրիկ պատուհանիկներից նրանք անորոշ հայացքով նայում էին անծանոթ աշխարհի դեռեւս անծանոթ մարդկանց, մերթ լաց էին լինում, մերթ ժպտում։ «Երեխաներին պիտի որ շատ սիրեք, այլապես 50 տարի աշխատել մանկատանըՙ հեշտ չէ», հարցնում եմ դաստիարակչուհուն։ «Առանց սիրելու հնարավոր չէ աշխատել, հարազատի պես կապված ենք», ասում է յոթանասունն անց, ժպտուն դեմքով դաստիարակչուհին։
Այս նորածին նորեկները 21-օրյա կարանտինային շրջանից հետո, երբ կստուգվի նրանց առողջական վիճակը, կտեղափոխվեն համապատասխան տարիքային բաժանմունքներ։ Գեղեցիկ, հարմարավետ մահճակալներով, խնամքով լվացված, արդուկված հագուստներով, գունագեղ խաղալիքներով սենյակներ, յուրաքանչյուր հասակային խումբը համալրված է անհրաժեշտ պիտույքներովՙ ննջասենյակային, խաղասենյակային անհրաժեշտ պարագաներով (սայլակներ, մանեժներ, մագնիտոֆոն, հեռուստացույց, բազմատեսակ խաղալիքներ, տաք եւ սառը ջուր, ջեռուցում, լուսավորություն, խոհանոցային եւ լվացքատան հիգիենիկ անհրաժեշտ պայմաններ), տրամադրություն ստեղծող միջավայրՙ հանգիստ, մեղմ մթնոլորտ։ Մանկատունն ունի ընդարձակ բակ, լողավազան, ժամանցի, խաղերի անհրաժեշտ պարագաներ։
Սոցիալական մերօրյա դժվարին պայմաններում շատ ծնողներ, ովքեր կարիքից կամ այլ պատճառներից դրդված իրենց երեխաներին հանձնել են օտար ձեռքերի խնամքին, գուցե թե չկարողանային իրենց տներում ստեղծել նման պայմաններ։ Այնուհանդերձ, դժվար է ասել, թե մանկատան երեխաները հոգեբանորեն ինչպիսի բարդույթներ կունենան, եւ ենթագիտակցական խորշերում թաքնված կյանքի այս հատվածի ապրում-զգացումները ինչպես կանդրադառնան նրանց վրա։
Երեխաների համար «Նորք» մանկատան այսօրվա բարեկեցիկ պայմանները ստեղծվել են դժվարությամբ եւ ոչ միանգամից։ Երբ 1998 թ, մանկատան նախկին մանկաբույժ Լիանա Կարապետյանը ստանձնեց տնօրինությունը, մանկատունը սաստիկ կարիքի մեջ էր, չկային տարրական հարմարություններ, անգամ աթոռներ, երեխաները նստում էին փայտե երկար նստարաններին ձմռանը սենյակները տաքացնում էին սալյարկայի վառարաններով։ Ջանքերը, հոգածությունն ու նախաձեռնությունը աստիճանաբար պտուղներ տվեցին, ձեռք բերվեցին բարեկամներ ու բարերարներ։ Հայտնի էՙ բարեգործների մեծ մասը օգնությունը տրամադրում է ծերանոցներին ու մանկատներին։ Մանկատան բարեգործների զգալի մասը սփյուռքահայեր են, հիմնականումՙ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, կան նաեւ տեղացիներ (տնօրենի սենյակին կից պատին փակցված է նրանց անվանացանկը)։ Տորոնտոյի պոլսահայ գաղութն ամեն ամիս 200-250 դոլար է տրամադրում, բացի սրանից արդեն երկրորդ տարին մանկատունը պետբյուջեից 100 տոկոս ֆինանսավորում է ստանում։
«Նորք» մանկան տունը գործում է 1937 թ. եւ միակն է եղել հանրապետությունում, որ սպասարկել է միակողմանի եւ երկկողմանի ծնողազուրկ երեխաներինՙ նորածնային հասակից մինչ 5 տարեկանը։ Երեխաներին ընդունում են ծնողների դիմումի համաձայնՙ թաղապետարանների խնամակալության եւ որդեգրման բաժնի համապատասխան որոշումով եւ սոցապնախարարության ուղեգրով։ Երեխաները սովորաբար ընդունվում են ժամանակավորապես։ Եթե ծնողները հրաժարվում են, կամ երկկողմանի ծնողազուրկ են, այդ երեխաները մտնում են որդեգրման կենտրոնացված հաշվառման ցուցակի մեջ։ Ծնողները կարող են փոխել որոշումը եւ վերցնել երեխային։ Իսկ երբ 5 տարեկանից հետո էլ հրաժարվում են, այդ երեխաները տեղափոխվում են Գավառի մանկատուն։
Այսօր «Նորք» մանկան տանը 5-6 երեխա են ենթակա որդեգրման։ Որդեգրողն իր ցանկացած երեխայի տվյալները (սեռը, տարիքը) ներկայացնում է կենտրոնացված հաշվառման, որտեղից ստանում է անհրաժեշտ տեղեկություններ։ Ըստ տնօրենի, վերջին տասնամյակներին որդեգրողները ավելի շատ են, քան որդեգրման ենթակա երեխաները, վերջերս աղջիկ երեխաների պահանջն ավելի է, քան տղաներինը։ Մանկան տունը առհասարակ որդեգրմամբ չի զբաղվում եւ չի զբաղվել, միայն ապահովում է երեխաների խնամքն ու դաստիարակությունը։ Այսօր «Նորք» մանկան տունը 7 հասակային բաժանմունքներով սպասարկում է 74 երեխայի։ Նրանց հսկողությամբ զբաղվում են բուժանձնակազմը եւ դաստիարակ-դայակները։ Այս հասակի երեխաներին բնորոշ հիվանդություններըՙ սեպսիս, հիպոտրաֆիա, ռախիտ եւ այլն, մանկատանը վերջերս չեն նկատվել, մահացության դեպքեր ընդհանրապես չեն գրանցվել. շնորհիվ այն խնամքի ու հոգատարության, որ տարվում է երեխաների հանդեպ։ Մանկան տունը ընդունում է նորածիններինՙ սկսած 1-1,5 ամսականից, շատ հազվադեպ են 1-2 տարեկանները։ Փաստորեն այս փոքրիկները դեռեւս ընտանիքի ընկալումը, գիտակցությունը չունեցած տեղափոխվում են մանկատուն, երբեմն էլ փողոցից ու ծննդատներից (նրանք 21-օրյա ընտելացման շրջան են անցնում)։ Ծնողների կամքով հայտնվածներն ունեն նրանց տեսակցելու հնարավորությունՙ շաբաթվա նշանակված օրը։ Ծնողներ կան, որ առհասարակ չեն տեսակցում իրենց երեխաների հետ, կան այնպիսիք, որ տարին 2-3 անգամ են այցելումՙ պատճառաբանելով հնարավորությունների սղությունը։ Նմանների երեխաները հաճախ իրենք են խուսափում իրենց մայրերից, չեն ուզում տեսակցել կամ խորթ, օտարի հայացքով նայելով, մտովի հայացք են ուղղում նրանցՙ ինչո՞ւ։ Այս ինչուները բազում պատասխաններ ունեն, հաճախ պարտադրված, թելադրված կյանքի որոշակի իրավիճակներով ու հանգամանքներով։
«Այդ կանանցից յուրաքանչյուրն իր պրոբլեմներն ու դժբախտություններն ունի, պետք է հասկանալ ու մտնել նրանց վիճակի մեջ։ Ամեն մեկը, երեխա ունենալով, մի լավ նպատակ է ունեցել։ Նրանք սիրո պտուղներ են, կարծում եմ, խաբված կանայք են բոլորը։ Դարերով այս պրոբլեմը կա, երբ ստեղծվեց մոնոգամ ընտանիքը, արտամուսնական կապերից սկսեցին երեխաներ ծնվել։ Որտե՞ղ պետք է տեղավորեին այս երեխաներին։ Մայրեր կային, որ անտառներում էին թողնում իրենց երեխաներին։ Եվրոպական մի շարք երկրներում, Ռուսաստանում 16-17-րդ դարերում եկեղեցին վերցրեց նրանց հովանավորությունը։ Եկեղեցիների մոտ մի մուրճիկ էին տեղադրում, մայրը թխկացնում էր ու երեխային թողնում, գնում։ Այսպես թաքցնում էին իրենց ամուսիններից։ Հիմա, երբ մեր տղամարդիկ գնում են Ռուսաստան, կինն էլ այդ ընթացքում երեխա է ունենում, ի՞նչ անի, թաքցնում է։ Երեխային մանկատուն բերելու պատճառաբանությունները սովորաբար սոցիալական բնույթի են լինում։ Սակայն միայն սա չէ բուն պատճառը։ ԽՍՀՄ-ում միայնակ կանանց շատ արտոնություններ էին տրված, բայց ինչով է բացատրվում, որ այդ ժամանակ ավելի շատ երեխաներ էին մանկատներ բերում, մեզ մոտ 110 երեխա կար եւ սպասարկում էինք մինչեւ 3, իսկ հիմա մինչեւ 5 տարեկաններին։ Վերջերս մի կին հրաժարվեց իր երեխայից, երբ կարող էր դա անել ժամանակավորապես։ Պատճառաբանեց ընտանեկան վատ պայմաններով. 7 հոգով մեկ սենյականոց բնակարանում էին ապրում, հիվանդ ազգականների հետ, աշխատանք չուներ եւ ի վիճակի չէր շաբաթը գոնե մեկ անգամ երեխային տեսնել։ «Հազիվ մյուսին եմ պահում», ասաց։ Մեկ ուրիշը դժվարացավ միայնակության փաստաթուղթ ներկայացնել, որովհետեւ դրա համար անհրաժեշտ 2000 դրամը գերադասում է դեղորայքի հատկացնել, բայց երեխայից չհրաժարվեց», պատմում է մանկան տան տնօրեն Լիանա Կարապետյանը։
Մինչեւ կառավարության կամ տեղական որդեգրման մարմինների որոշումը ծնողը կարող է փոխել մտադրությունը եւ հետ վերցնել երեխային։ Սակայն տարբեր են մարդիկ, տարբեր են ճակատագրերը։ Այն ծնողները, որոնք սոցիալական, առողջական, հոգեբանական եւ այլ պատճառներով թողնում են իրենց երեխաներին մանկատների խնամքին եւ հրաժարվում նրանցից, ըստ էության փախչում են պատասխանատվությունից ու լքում նրանցՙ զրկելով երեխային ծնողական ջերմությունից, ընտանեկան մթնոլորտից։ Այդ փոքրիկները գտնում են իրենց մեծ ընտանիքները, որտեղ օտարները հարազատանում, սիրելի են դառնում։
Շրջելով «Նորք» մանկան տան հասակային բոլոր խմբերում, համոզվում ես, որ այստեղ երեխաների մանկությունն ապահով ձեռքերում է, լավագույնս կազմակերպված են նրանց խնամքը, սնունդը, հիգիենան, հանգիստը, դաստիարակությունը։ Նրանք այստեղ նաեւ մկրտվում են, ոսկյա խաչեր ստանում եւ ունեն մկրտության վկայականներ։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ