«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2004-02-18 | #28, 2004-02-19 | #29, 2004-02-20


ԴՈԿՏ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆՆ ԸՆՏՐՎԵՑ ԹՄՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ուոթերթաունում (Մասաչուսեթս) հունվարի 20-ին կայացած Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչության հերթական նիստի ընթացքում մոնրեալաբնակ (Կանադա) ազգային գործիչ դոկտ. Հարություն Արզումանյանն ընտրվեց ԹՄՄ-ի կենտրոնական վարչության նախագահ, հաղորդում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը։ Դոկտ. Արզումանյանն այդ պաշտոնում փոխարինում է ճանաչված բարերար Վարդգես Պալյանին, որն անցյալ 7 տարիներին հեռատեսորեն եւ նվիրվածությամբ է կատարել իր պարտականությունները միության համար բավական փոթորկալից մեր ժամանակաշրջանում։ Իր հմուտ ներդրումային քաղաքականության շնորհիվ մեծապես աճել են միության ֆինանսական ակտիվները։ Թոշակի անցնելով նա մյուս երկու գործընկերներիՙ Ռուբեն Թերզյանի եւ Արման Նորհադի հետ շարունակելու է իր գործունեությունը միությունում։

Դոկտ. Արզումանյանն իր նոր պաշտոնն է զբաղեցնում ավելի քան 20 երկար տարիներ վարչությանն անդամակցելուց եւ անձնվիրաբար ծառայելուց հետո։ Ծնվել է Կահիրեում եւ շրջանավարտ է տեղի Գալուստյան ազգային վարժարանի։ Ավարտել է նաեւ Կահիրեի եւ Բեյրութի ամերիկյան համալսարանների բժշկագիտական բաժինները։ Մեկ տարի որպես ուսուցիչ Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատությունում դասավանդելուց հետո 1964-ին մեկնել է ԱՄՆ եւ կատարելագործվել ներքին հիվանդությունների բուժման ասպարեզումՙ պաշտոնավարելով Ֆիլադելֆիայի եւ Նյու Ջերսիի հիվանդանոցներում։ 1966-ին տեղափոխվել է Մոնրեալ եւ մասնագիտացել միջուկային բժշկության ոլորտում։ Պաշտոնավարել է Մոնրեալի համաքաղաքային հիվանդանոցում եւ Մկգիլ համալսարանում։ Իր ազգային, եկեղեցական եւ հասարակական գործերին առընթեր կանադահայ համայնքի «Ապագայ» շաբաթաթերթի հիմնադիրներից է, որի խմբագիրն է եղել որոշ ժամանակ։ Ամուսնացած է եւ ունի երեք զավակՙ Զավեն, Անահիտ եւ Երվանդ, որոնք բոլորն էլ մագիստրոսի կամ դոկտորի աստիճաններ ունեն։

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4