Հայաստանում Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամը (Գերմանիա) եւ Երեւանի մամուլի ակումբը կազմակերպել էին եռօրյա սեմինար Ծաղկաձորում, «Պետական հաստատությունների եւ ԶԼՄ-ների փոխհարաբերությունները-միջազգային փորձը» խորագրով։ Սեմինարին մասնակցում էին մամլո քարտուղարները, հասարակայնության հետ կապերի եւ լրատվության պատասխանատուները, լրագրողական միությունների ղեկավարներ, լրագրողներ։ Հիմնական զեկուցողներըՙ Ռոլֆ Շտելտեմայերը (Գերմանիա), 2004 թ. Եվրոպական պառլամենտի ընտրություններում Ազատական դեմոկրատական կուսակցության Բեռլինի երկրամասային միության թեկնածու եւ Ասպարախ Պանովը (Բուլղարիա), Ֆրիդրիխ Նաումանի անվ. հիմնադրամի Ռումինիայի, Բուլղարիայի եւ Հարավային Կովկասի ծրագրերի ղեկավարի տեղակալ, մանրամասն ներկայացրին միջազգային փորձը մամլո քարտուղար ու լրագրող փոխհարաբերություններում։ Հատկապես ուշագրավ եւ ուսանելի էին «պառլամենտական խմբակցությունների եւ լրագրողների փոխհարաբերությունները, իշխող մեծամասնության եւ ընդդիմության լրատվական քաղաքականությունը, որքանով են ԶԼՄ-ները քաղաքականապես անկախ, պառլամենտ եւ լրագրողներ հարաբերությունները նախընտրական պայքարի ընթացքում, լրագրողների խնդիրների ընդհանրացումը հայկական պետական հաստատությունների հետ հարաբերություններում, ԶԼՄ-ների դերը Գերմանիայում, Բուլղարիայում, Հայաստանում եւ լրագրողներին աշխատելու համար ընձեռված հնարավորությունները գերմանական պետական հաստատություններում» ելույթներն ու քննարկումները։
Թե՛ մասնակիցները եւ թե՛ ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանն ու արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ամփոփիչ խոսքում նշեցին սեմինարի կարեւորությունն ու ուսուցողական բնույթը։ Նախարարը խոստացավ կառավարությանը ներկայացնել ու ընդունել որոշում, որ այսուհետեւ 2 շաբաթը մեկ անգամ մամլո քարտուղարները պարտադիր հրավիրեն ասուլիս եւ ԶԼՄ-ներին հայտնեն իրենց գերատեսչությունների տեղեկատվությունը։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ