«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2004-02-18 | #28, 2004-02-19 | #29, 2004-02-20


ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՑ ԻՆՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ ԵՆ

Մոսկվայում ընթացող շախմատային փառատոնում կայացան 2-րդ տուրի հանդիպումները։ Ուժեղագույնների մրցաշարում հայ շախմատիստներից առայժմ բոլորից հաջողը Կարեն Ասրյանի եւ Սերգեյ Մովսիսյանի ելույթն է, որոնք իրենց օգտին 2-րդ հաղթական միավորը գրանցեցին եւ 13 շախմատիստների հետ գլխավորում են մրցաշարային աղյուսակը։ 2-րդ տուրում Կարեն Ասրյանը սպիտակներով հաղթեց Դմիտրի Շնայդերին, իսկ Սերգեյ Մովսիսյանը պարտության մատնեց Անտոն Կորոբովին։ Հաջող հանդես եկան նաեւ Լեւոն Արոնյանը, Արտաշես եւ Արա Մինասյանները, որոնք համապատասխանաբար հաղթեցին Ալեքսեյ Իլյուշինին, Պրավեն Տիպսաուին եւ Յան Նեպոմնյաշչնուն։ Վահանյան-Իվանով, Շենգելիա-Սարգսյան, Կեմպինսկի-Տիգրան Պետրոսյան պարտիաներում գրանցվեցին ոչ-ոքի արդյունքներ։ Ռուսաստանցի Սերգեյ Գրիգորյանցը պարտվեց Ալեքսանդր Գրաֆին, Արման Փաշիկյանը զիջեց Ֆաբիո Բելինիին։ Այս տուրում խաղից ազատ էր Էլինա Դանիելյանը (մրցաշարին մասնակցում են կենտ թվովՙ 205 շախմատիստներ), որին տեխնիկական հաղթանակ շնորհվեց։ Մեր շախմատիստներից 1,5-ական միավոր են վաստակել Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը եւ Լեւոն Արոնյանը։

«B» խմբում հանդես եկող հայ շախմատիստներից երկրորդ անընդմեջ հաղթանակները տոնեցին Վրաստանը ներկայացնող Դավիթ Հարությունյանը, Դավիթ Պետրոսյանը, Բենիամին Գալստյանն ու Աշոտ Նադանյանը, որոնք 22 շախմատիստների հետ առաջատարների շարքում են։ Հաղթանակներ տոնեցին նաեւ Հրանտ Մելքումյանը, Յուրի Հայրապետյանը (Ուկրաինա), Տիգրան Քոթանջյանը, Աշոտ Նադանյանը, Լիլիթ Մկրտչյանը։ Լազար Բեգլարյանը, Արմեն Տոնոյանը (երկուսն էլՙ Ռուսաստան), Հակոբ Վարդանյանն ու Վարդան Դանիելյանը պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի։ Լեւոն Բաբուջյանը եւ Նելլի Աղինյանը զիջեցին մրցակիցներին։

«C» խմբում հանդես եկող 6 հայ շախմատիստներից 5-ըՙ Գարուշ Մանուկյանը, Ավետիք Գրիգորյանը, Աշոտ Ավետիսյանը, Արսեն Օհանյանցն ու Բաբկեն Հարությունյանը հաղթեցին, իսկ Հրայր Սիմոնյանը պարտվեց։ Գրիգորյանը, Մանուկյանն ու Օհանյանցը 2 միավորով գլխավորում են աղյուսակը մի խումբ շախմատիստների հետ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4