ՀՀ առողջապահության նախարարության եւ եգիպտական VACCERA արտադրական հոլդինգի համատեղ ուժերով նախատեսվում է Հայաստանում պատվաստանյութեր եւ ինսուլին արտադրել։ Ըստ առողջապահության նախարար Նորայր Դավիդյանիՙ այսօր հանրապետությունում ինսուլինակախյալ մոտ 7000 հիվանդ կա։ Երեկ ՀՀ առողջապահության նախարարությունը եւ եգիպտական VACCERA արտադրական հոլդինգը ստորագրեցին համագործակցության պայմանագիր։
Դեղերի արտադրությունը, ըստ պրն Դավիդյանի, երեք փուլով տեղի կունենա։ Առաջիկա մեկ տարվա ընթացքում նախատեսվում է Հայաստանում իրավիճակի մոնիտորինգ անցկացնել, 2005-ից զբաղվել փաթեթավորման խնդիրներով, իսկ 2006-ին կառուցել համատեղ առաջին գործարանը, որը կօգնի Հայաստանում պատվաստանյութերի եւ ինսուլինի պահանջարկը ապագայում սեփական ուժերով բավարարելուն։
Հայաստանում հայ-եգիպտական համատեղ ձեռնարկություն ստեղծելու գաղափարը դեռեւս տարիներ առաջ է եղել։ Եգիպտական պատվիրակության անդամները նշեցին, որ եգիպտական գործընկերությունը նման է մի փղի, որը, ճիշտ է, դժվար է տեղից շարժվում, բայց կանգնեցնելն էլ դժվար է։
Թ. Մ