«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2004-02-18 | #28, 2004-02-19 | #29, 2004-02-20


ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ

Թունավորումները կենցաղում լինում են քիմիական նյութերից, գազերից, սննդամթերքից, դեղերից... Վերջին շրջանում հաճախացել են շմոլ գազից թունավորումների դեպքերը, հատկապես ինքնաշեն վառարանների եւ ապօրինի գազախողովակների եռակցման պատճառով։ Իսկ թե ինչպիսի՞ն պետք է լինի առաջին բուժօգնությունըՙ պարզաբանում է բժշկական գիտությունների թեկնածու, բուսաբույժ Աշոտ Աշոտյանը։

Շմոլ գազն առաջանում է վառելիքի ոչ լրիվ այրվելուց, լուսագազերից, ավտոմեքենաների շարժիչների արտանետած ծխից, բնակարաններում քարածխի վառարաններից եւ այլն։ Խիստ վտանգավոր է փակ ավտոտնակում մեքենայի շարժիչի աշխատանքը։ Շմոլ գազը շնչառական ուղիներ ընկնելիս արագորեն զբաղեցնում է թթվածնի տեղը, թույլ չի տալիս, որ թթվածինն անցնի հյուսվածքներ եւ առաջացնում է թթվածնային քաղց։ Տուժողը գանգատվում է գլխացավերից, ականջների աղմուկից, առաջանում են սրտխառնոց, փսխում, գիտակցության կորուստ, ապաՙ մահ։ Առաջին օգնությունըՙ շտապ դուրս բերել մաքուր օդ, թուլացնել օձիքը եւ անմիջապես տալ արհեստական շնչառություն։

Բենզինով, ացետոնով եւ զանազան լուծիչներով թունավորվելիս անհրաժեշտ է մատներով գրգռել լեզվի հիմքի շրջանըՙ առաջացնելով փսխում, խմեցնել կաթ եւ շտապ տեղափոխել հիվանդանոց։

Սնդիկով թունավորվածին տալ ակտիվացրած ածուխ, հում ձվի սպիտակուց, կաթ եւ շտապ տեղափոխել հիվանդանոց։ Նույնը կատարել սնկի, փչացած մսի օգտագործումից առաջացած թունավորումների դեպքում։

Ալկոհոլային թունավորում հաճախ է պատահում, հատկապես մեթիլ սպիրտից, երբ պատահաբար օգտագործում են որպես օղի, որի 10 գրամը կարող է մահացու լինել։ Նմանատիպ ալկոհոլն ազդում է ուղեղի վրա։ Մարդը դրա ազդեցության տակ քնում է, քունը փոխվում է անգիտակից դրության, կաթվածահարվում են շնչառության եւ արյան շրջանառության կենտրոնները, վրա է հասնում մահը։ Տուժածին շտապ դուրս բերել մաքուր օդ, առաջացնել փսխում, շնչառության կանգի դեպքում տալ արհեստական շնչառություն, եթե գիտակցությունը պահպանված է, խմեցնել սեւ սուրճ։ Նույնը խորհուրդ է տրվում անել դեղորայքից, նիկոտինից առաջացած թունավորումների ժամանակ։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4