«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2004-02-18 | #28, 2004-02-19 | #29, 2004-02-20


ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հասարակական կազմակերպությունները շահագրգռություն չեն ցուցաբերում

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նախաձեռնությամբ քրեակատարողական ծառայությանՙ կալանավորվածներին պահելու վայրերում ձեւավորվում է հասարակական դիտորդների խումբ։ ԵԱՀԿ գրասենյակի ներկայացուցչի մասնակցությամբ հրավիրված հանդիպմանը արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Սամվել Հովհաննիսյանը նախ տեղեկացրեց, որ այսօր քրեակատարողական հիմնարկներում 3 հազար կալանավոր կա։ 80-ը կանայք են, 30-ըՙ անչափահասներ։ Եվ իբրեւ անձ, եւ իբրեւ դատապարտյալ այդ մարդիկ իրավունքներ ունեն, որոնք, հասարակության ուշադրությունից հեռու, հեշտությամբ կարող են շրջանցվել ու ոտնահարվել։

Սակայն կալանավայրում հայտնված դատապարտյալը ազատության կորստի հետ մեկուսանում է նաեւ հասարակությունից։ Նույնիսկ բանտախցերում կեցության արժանավայել չափանիշներ ապահովող երկրներում հասարակական կյանքի այս խորշը մութ ու կասկածելի պատմություններով է լեցուն։ Առավել եւս հայկական իրականության մեջ դրանք բացառություն լինել չեն կարող։ Կալանավայրերից հասարակությանը հասնող տեղեկատվությունը, թերեւս, ամենաժլատն ու աղքատիկն է։ Իսկ երբ ինֆորմացիան չկա, երեւակայությունն է սնունդ ստանումՙ երբեմն ստեղծելով իրականությանն անհամապատասխան, խորշելի պատկերացումներ այն ամենի մասին, ինչ կատարվում է բանտի պատերի ներսում ու բանտարկյալների հետ։

Դիտորդական խմբի գործունեության կարգի վերաբերյալ արդարադատության նախարարի հրամանը եղել է անցած տարվա հուլիսին, սակայն, ինչպես հավաստեց Սամվել Հովհաննիսյանը, 6-7 ամիս է անցել, բայց դեռեւս չի հաջողվել կազմավորել խումբը։ Ըստ կարգի այն պիտի ներառի 7 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, բայց նոր ձեւավորվող կառույցի մեջ մտնելու ցանկություն հայտնել են միայն 5 հասարակական կազմակերպություններ. որոնք ենՙ «Հանուն ժողովրդավարության» ընկերակցությունը (նախագահՙ Վարուժան Անտոնյան), «Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպությունը (նախագահՙ Միքայել Արամյան), «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի կառույցը (նախագահՙ Սամվել Եսայան), «Հանուն ժողովրդավարական բարեփոխումների ազգային լիգան» (նախագահՙԿարեն Տեր Աբրահամյան), «Քաղաքացիական հասարակության ինստիտուտը» (նախագահՙ Արման Դանիելյան)։ Դիտորդական խմբի գործը լինելու է կալանավորների աշխատանքային ու կենցաղային պայմանների ուսումնասիրությունն ու հնարավորինս բարելավումների միջոցառումներ ձեռնարկելը, դատապարտյալների իրավունքների խախտումների բացահայտումներն ու դրանց կանխարգելմանն ուղղված գործողությունների ծավալումը։

Իհարկե, քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի մասին ինֆորմացիան, վերլուծություններն ու եզրակացությունները կներկայացվեն նախ եւ առաջ հասարակության դատին։ Եվ գուցե այդ դեպքում հնարավոր լինի կազմավորել հասարակական վերահսկողական կառույց բանտերի վրա։ Եթե հասարակությունը չտիրապետի, գոնե իրազեկ կլինի դատապարտյալների ճակատագրին ու բանտերի իրական բարքերին։ Խմբի գործունեությանը մասնակից դառնալու նախապատվությունը տրվելու է հասարակական կազմակերպությանՙ մանկավարժի, հոգեբանի, իրավաբանի մասնագիտությամբ անդամներին։ Լրագրողները, եթե դիմեն, նույնպես կարող են անդամակցել դիտորդական առաքելությանը։

Այդուհանդերձ, զարմանալի է, որ հասարակական կազմակերպությունները որեւէ նախանձախնդրություն չեն ցուցաբերում գործունեության այս խիստ կարեւոր ասպարեզում ներգրավվելու համար։

Խմբի անդամներն իրավունք կստանան անարգել այցելելու քրեակատարողական հիմնարկներ, ծանոթանալ դատական փաստաթղթերի բովանդակությանը, նաեւ հանդիպել, նույնիսկ մեկուսի, կալանավորված անձանց հետ։ Գոնե տարեկան 1 անգամ խումբը պիտի այցելի յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկ։

Իսկ թե ինչու 3,5 հազար հասարակական կազմակերպություններից ընդամենը 5-ն են ցանկություն հայտնել մասնակցելու խմբի գործունեությանը, վարչության պետն իր բացատրությունն ունի. քրեակատարողական հիմնարկներում իրավիճակն անհամեմատ լավացել է, եւ հասարակական միություններն իրենց արժանի անելիքներ չեն տեսնում այնտեղ։ Ի դեպ, Սամվել Հովհաննիսյանը այս առթիվ այլ հավաստիացում եւս արեց. «Կալանավայրերում դատապարտյալների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքը շատերը ռեժիմի թուլացման նշան են համարում։ Բայց ռեժիմը չի թուլացել, ռեժիմն իր բարձրության վրա է»։

Քրեակատարողական հիմնարկները ներքին գործերի նախարարությունից արդարադատությանը փոխանցվելուց հետո, իբրեւ կարեւոր բարեփոխություն առանձնացվեց Վարդաշենի քրեակատարողական հիմնարկի կառուցումըՙ եվրոպական չափանիշների համապատասխանությամբ։ Իսկ թե ինչպիսին է լինելու եվրոպական չափանիշների հայկական արտահայտությունը, վարչության պետը չմանրամասնեց։ Միայն նշեց, որ խցերը վերանորոգված կլինեն, ժամանցի սրահ կառանձնացվի, կոմունալ-կենցաղային պայմանները կբարելավվեն։ Այսօր էլ բոլոր խցերում հեռուստացույցներ կան, բայց դրանց մասին հոգացել է ոչ թե պետությունը, այլՙ ազատազրկվածների հարազատները։

Ի դեպ, Սամվել Հովհաննիսյանի գնահատմամբ, վերջին շրջանում մանր ու մեծ հանցագործությունների մեջ տիրապետող են դարձել գողություններն ու ավազակային հարձակումները։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4