Խորհրդարանական մյուս խմբակցությունները ԱԺ-ի արձակման պատճառներ չեն տեսնում
Ըննդիմությունը երեկ չմասնակցեց խորհրդարանական եռօրյային հաջորդող հերթական ճեպազրույցներ։ Իսկ խորհրդարանի ոչ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներից լրագրողներս փորձեցինք պարզել նրանց վերաբերմունքը վերջին օրերի կարեւորագույն խնդիրների առնչությամբ։
Եվ այսպես, Հանրապետական կուսակցություն խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ հանրապետությունում ուժեր կան, որոնք խանդավառությամբ երկրին վերագրում են տնտեսաքաղաքական ճգնաժամ, մինչդեռ դրա լինելու դեպքում ուրախություն ցուցաբերելու փոխարեն պարտավոր են ցավ զգալ։ Հայտարարած բոյկոտի առնչությամբ պրն Սահակյանը զարմանքով հայտնեց, որ, չգիտես ինչու, փորձում են ներկայացնել, թե ինչ-որ մեկը տանջահար խնդրում է ընդդիմության վերադարձը եւ ընդդիմությունն էլ պայման է ներկայացնում։ Մինչդեռ ստեղծված իրավիճակն ընդամենը քաղաքական ընտրություն է, որին հանրապետականները հանգիստ են վերաբերվումՙ օրենսդիր աշխատանքներում հակակշիռ ուժի կարեւորությունը գիտակցելով հանդերձ։
Եթե «Միավորված աշխատանքային կուսակցություն» խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը բոյկոտը համարում է այդ ընտրությունը կատարած ուժերի իրավունք եւ ընդգծում, որ ընդդիմության բացակայությամբ պակասում է նաեւ օրենսդիր աշխատանքների հետաքրքրությունը, ապա «Ժողովրդական պատգամավոր» խմբի ներկայացուցիչ Ռաֆիկ Պետրոսյանը բոյկոտը ոչ դասական համարելով, շեշտում է, որ ընդդիմադիր թեւից օրինաստեղծ աշխատանքով զբաղվում էր թերեւս միայն մեկ պատգամավորՙ Վիկտոր Դալլաքյանը, եւ մեկ անձի բացակայությունը նշված աշխատանքներում որոշիչ դեր չի կարող ունենալ, չնայած ընդդիմադիր թեւի ներկայությունն իշխանություններին որոշակի զգաստություն է պարտադրում։
«ՕԵ»-ն եւ ՀՅԴ-ն էլ բոյկոտը համարելով հայտարարողների ընտրությունը, շեշտեցին, որ խորհրդարանական օրինաստեղծ աշխատանքի ամբողջականության եւ համապարփակության համար կարեւոր է ընդդիմադիր թեւի ներկայությունը։ Սակայն նրանց բացակայությունն էլ չի խոչընդոտում խորհրդարանի արդյունավետ աշխատանքներին։ Խորհրդարանի ներկայիս աշխատանքի ընթացքն, ըստ ճեպազրույցի ներկայացած խմբակցությունների ներկայացուցիչների, չի կարող հիմք հանդիսանալ Ազգային ժողովի արձակման համար։
Անդրադառնալով հանրաքվեի օրենքում փոփոխություններ կատարելու ընդդիմության պահանջին, Ռաֆիկ Պետրոսյանը մեջբերեց հոգեբանի բացատրությունըՙ ասելով, թե օտար ուժերից խրախուսվող եւ ֆինանսավորվող ընդդիմությունը գարնան գալու հետ մտասեւեռվում է ինչպես հոգեբանական շեղումներ ունեցողները։ Ռաֆիկ Պետրոսյանը նաեւ հակասահմանադրական համարեց հանրաքվեի օրենքում կատարվելիք փոփոխությունները։
Զինապարտության օրենքի առնչությամբ կարծիքները տարբեր էին։ Գալուստ Սահակյանը լավագույն իրավիճակ համարեց յուրաքանչյուր հայ երիտասարդի հայրենական բանակում ծառայելու պատրաստակամությունը։ ՀՅԴ ներկայացուցիչ Լեւոն Մկրտչյանը հայտնելով իր կարծիքը, ընդգծեց, որ 150 ասպիրանտների բանակում ծառայել կամ չծառայելը բանակի համար որեւէ խնդիր չի լուծի։ Սակայն այդ 150 տեղերը կարող են դառնալ շահարկման առարկաներ, իսկ տարկետման խնդիրն ավելի կարեւոր է կրթության ոլորտի համար։
«ՕԵ»-ն ընդգծեց, որ ֆիզիկայի, բժշկության, իրավաբանության ոլորտների մասնագետների պակասը հայկական բանակում ակնհայտ է, սակայն օրինագծի առնչությամբ վերջնական որոշում ընդունելու համար դեռեւս անհրաժեշտ են համակողմանի քննարկումներ։ «Ժողովրդական պատգամավոր» խմբակցության ներկայացուցիչ Ռաֆիկ Պետրոսյանն էլ համարում է, որ անկախ կրթությունից եւ գիտական կոչումից յուրաքանչյուր հայ երիտասարդ պարտավոր է ծառայել հայրենական բանակում։ «Միավորված աշխատանքային կուսակցություն» խմբակցության ներկայացուցիչ Գուրգեն Արսենյանն էլ դեմ էր զինապարտության օրենքում ամրագրված ծառայության կարգին։
Ինչեւէ, խորհրդարանական բոլոր ուժերն էլ ընդգծեցին, որ օրենքն, այնուամենայնիվ, դեռեւս պահանջում է քննարկումներ։ Ճեպազրույցին ներկայացած բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներն էլ որպես վերջին նախագահական ընտրություններից հետո ժամանակահատվածի կարեւորագույն ձեռքբերում ընդգծեցին երկրի կայուն զարգացման շարունակականության հնարավորությունը, չժխտելով եղած պրոբլեմները, եւ նշեցին դրանց հարթման հարցում իրենց պատրաստակամությունն ու կատարելիք աշխատանքը։ Եթե ՀՅԴ-ն մարզերում ընթացող իր հավաքներն ու հանդիպումները բացատրեց տեղական մարմիններին աշխատանքով օգնելու եւ քաղաքական կացությանը սեփական գնահատականը տալու մտադրությամբ, ապա «ՕԵ»-ն իր հանդիպումները ներկայացրեց որպես կուսակցության շարունակական գործելակերպ։
Մինչդեռ ՄԱԿ-ը մարզերում հանդիպումներ չկազմակերպելը բացատրեց նրանով, որ մինչեւ 2007 թ. նոր ընտրություններ իրենք չեն սպասում։
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ