Անուղղակիորեն պաշտպանելով ադրբեջանցի սպայի ոճրագործությունը
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Միջազգային զանգվածային լրատվամիջոցները երեկ նոր մանրամասներ հաղորդեցին Հունգարիայի մայրաքաղաքում նախօրեին տեղի ունեցած դաժան սպանության մասին, որին զոհ էր դարձել Հայաստանի պաշտպանության նախարարության լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը։
Ադրբեջանի արտգործնախարարությունը երեկ տարածած հաղորդագրության մեջ ցավ է հայտնել 26-ամյա Գուրգեն Մարգարյանի հարազատներին։
Հայ լեյտենանտին փետրվարի 19-ի առավոտյան Հունգարիայի մայրաքաղաքում դանակահարել, ապա կացնահարել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը։ Արտգործնախարարությունը հայտարարության մեջ անուղղակիորեն արդարացրել է Սաֆարովի ոճրագործությունըՙ հարկ համարելով նկատել, որ սպանված հայ սպան հետեւողականորեն անարգել է ադրբեջանցի սպայի արժանապատվությունը, որի հարազատները սպանվել էին ղարաբաղյան պատերազմի տարիներին Ջեբրայիլի շրջանում։
Թե ինչպես է Ադրբեջանի արտգործնախարարությանը հաջողվել շտապ պարզել, թե իբր հայ սպան պարբերաբար անարգել է ադրբեջանցու արժանապատվությունը, չի հաղորդվում։ «Մեդիամաքս» գործակալությունը տեղեկացնում է, որ երբ ադրբեջանցի մարդասպանը փորձել է սպանել դասընթացներին մասնակցող մյուս հային, նրան խանգարել է հայի սենյակում մեկտեղ բնակվող լիտվացի զինվորականը։
«Էխո» թերթը գրում է, որ հայ սպայի սպանության օրն իսկ Հունգարիայի ազգային պաշտպանության համալսարանում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերեն ուսուցման դասընթացներին մասնակցող երկրորդ ադրբեջանցին վերադարձել է Բաքու։ Հունգարական իշխանությունների տարածած հաղորդագրությունների համաձայն, դասընթացների ժամանակ հայ եւ ադրբեջանցի սպաների միջեւ եղել են բնական հարաբերություններ։
«Ռեգնում» գործակալությունը Բաքվից հաղորդում է. «Ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը Ջեբրայիլի շրջանի Շուքյուրբեյլի գյուղից է։ 1993 թ. նա դարձել է փախստական, նրա ամբողջ ունեցվածքը թալանել են հայ զավթիչները, հարազատները սպանվել են։ Ներկայումս Սաֆարովի ընտանիքը ժամանակավորապես կացարան է գտել Բաքվում։ Սաֆարովն ավարտել է Բաքվի զինվորական ուսումնարանը եւ Թուրքիայի ցամաքային զորքերի բարձրագույն դպրոցը»։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Ռամիզ Մելիքովը նախօրեին հաստատել էր հայ սպայի սպանության փաստըՙ նկատելով, որ Հայաստանի իշխանություններն իրենց եզրակացությունների մեջ փոքր-ինչ շտապել են։ «Մինչեւ դատարանի որոշումը ոչ ոք իրավունք չունի ադրբեջանցի սպային անվանելու մարդասպան», ասել է Մելիքովըՙ ընդգծելով, թե «դեռեւս պարզ չէՙ ով է սպանել հայ սպային»։
Բուդապեշտի ոստիկանության մայոր Ժոզեֆ Սժիգետին ասել է, որ տեղի է ունեցել առաջին հարցաքննությունը, ոստիկանությունն ուսումնասիրում է, թե ինչպես է ադրբեջանցու ձեռքն ընկել դանակ եւ կացին։ Հարցաքննվում է նաեւ Գուրգեն Մարգարյանի հետ նույն սենյակում բնակված հունգարացի սպան։ Ասոշիեյթեդ պրես եւ Ռոյթեր գործակալությունները, վկայակոչելով Բուդապեշտի ոստիկանության սպա Վալտեր Ֆուլոպին, Հունգարիայի մայրաքաղաքից հաղորդել են, որ ադրբեջանցի սպան դանակի մի քանի հարվածներ է հասցրել հայ սպայի կրծքին։ «Մենք ասում ենք, որ սա արտասովոր դաժանություն է, քանի որ, բացի դանակի հարվածներից, զոհի գլուխը փաստորեն բաժանվել է նրա մարմնից», ասել է Ֆուլոպը։
Նախադեպը չունեցող այս ոճրագործությանն են անդրադարձել համաշխարհային առաջատար մի շարք թերթեր, այդ թվումՙ «Նյու Յորք թայմսը», «Լոս Անջելես թայմսը», «Հերալդ թրիբյունը»։ Բաքվի թերթերն, անդրադառնալով Բուդապեշտում տեղի ունեցածին, տողատակերում պաշտպանել են ազգակից մարդասպանին։ Այսպես, Բաքվի «Զերկալոյի» հոդվածի վերնագիրն էՙ «Հայ սպային ո՞վ է սպանել Բուդապեշտում»։ «Էխո» թերթը վերնագրել էՙ «Հայ սպայի սպանության մեջ կասկածվում է ադրբեջանցի զինվորականը. Բուդապեշտի ոստիկանությունը հետաքննում է»։ «525 գազետ» օրաթերթը վերնագրել էՙ «Ադրբեջանցի զինվորը կացնահարեց հայ սպային»։
ՆԱՏՕ-ի ղեկավարության մի աղբյուր Ասոշիեյթեդ պրեսին հայտնել է, որ Հունգարիայի ազգային պաշտպանության համալսարանում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող անգլերենի ուսուցման դասընթացների կազմակերպիչը հունգարական իշխանություններն են եւ ոչ թե Հյուսիսատլանտյան դաշինքըՙ միաժամանակ հրաժարվելով մեկնաբանություններ տալ տեղի ունեցած սպանության առնչությամբ։
Իր հերթին «Ռեգնում» գործակալությունը, վկայակոչելով Բրյուսելի մի անանուն աղբյուր, հաղորդում է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը քննարկում է «Գործընկերություն հանուն խաղաղության» (ԳՀԽ) ծրագրի «Լավագույն համատեղ ջանք-2004» զորավարժությունները Բաքվում անցկացնելու նպատակահարմարությունը։ Նախատեսվում է, որ այդ զորավարժությունները պետք է տեղի ունենան սեպտեմբերին։ ՆԱՏՕ-ի ԳՀԽ ծրագրի շրջանակներում Բաքուն Երեւանի հետ համագործակցելու որեւէ ցանկություն չունի։ Մոտ մեկ ամիս առաջ հայ սպաներին Բաքուն թույլ չտվեց ժամանել Ադրբեջանՙ մասնակցելու ԳՀԽ-ի նախնական պլանավորման կոնֆերանսին։