«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#28, 2004-02-19 | #29, 2004-02-20 | #30, 2004-02-21


ՀԱՄԱԽՄԲՎԵԼ ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԱՐԴԱՐԱՑԻ ԵՎ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԼՈՒԾՄԱՆ

Փետրվարի 20-ին Արցախի վերածննդի օրվա առթիվ ԼՂՀ խորհրդարանը հրավիրել էր հատուկ նիստՙ պատգամավորներից բացի նաեւ կառավարության անդամների մասնակցությամբ։ Կրկին արժեւորվել է 1998 թ. փետրվարի 20-ի ԼՂԻՄ մարզխորհրդի պատմական որոշումը, որով պաշտոնապես սկիզբ դրվեց արցախյան համազգային ազատամարտին։ Նիստում Ազգային ժողովը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է, որ ի նշանավորումն ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ 20-րդ գումարման մարզային խորհրդի 1988 թվականի փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանիՙ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ հանձնելու մասին որոշման 16-րդ տարեդարձի, հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին 1991 թվականի սեպտեմբերի 2-ի Հռչակագիրը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին 1992 թվականի հունվարի 6-ի Հռչակագիրըՙ վերստին հաստատում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վճռականությունըՙ կառուցելու անկախ ժողովրդավարական պետություն մարդու իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների հարգման սկզբունքների հիման վրա եւ հուսով է, որ միջազգային հանրությունն ըմբռնումով կվերաբերվի նրա այդ ընտրությանը, արտահայտում է ԼՂՀ հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանըՙ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։

Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ ԼՂՀ խորհրդարանը հանդես գալով տարածաշրջանում ամուր եւ կայուն խաղաղության հաստատման օգտին, ակնկալում է ժողովրդավարական բոլոր երկրների խորհրդարանների աջակցությունըՙ հասնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի հռչակած նպատակների իրագործմանը։ Միաժամանակ հայտարարության մեջ կոչ է արվում ամբողջ հայությանը, պետական, հասարակական եւ քաղաքական կառույցներին եւ ուժերինՙ համախմբվել հանուն Արցախի հիմնախնդրի արդարացի եւ վերջնական լուծման։

Արցախյան ազգային-ազատագրական շարժման 16-րդ տարեդարձի կապակցությամբ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագրով մի խումբ հասարակական եւ գործիչներ պարգեւատրվել են ԼՂՀ շքանշաններով ու մեդալներով։

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4