«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#28, 2004-02-19 | #29, 2004-02-20 | #30, 2004-02-21


ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՋԱՎԱԽՔԻ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍՆՈՒՄ Է ԲԱՑԱՌԱՊԵՍ ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասում է, որ Դաշնակցությունը Ջավախքի ինքնավարությունը տեսնում է բացառապես Վրաստանի տարածքային ամբողջականության մեջ։ «Սա անջատողականություն չէ, սա ուղղված չէ Վրաստանի քայքայմանը կամ թուլացմանը», ասաց Մարգարյանըՙ պատասխանելով «Ազգի» հարցին, թե ինչ քայլերի է պատրաստ ՀՅԴ-նՙ հասնելու Ջավախքի ինքնավարությանը։

Մարգարյանն ասում է, որ ընդհանրապես ինքնավարություն պահանջելու երկու տարբերակ կա. առաջին, երբ հայտարարում ես քեզ ինքնավար եւ այդ փաստը փորձում ճանաչել տալ կենտրոնական իշխանություններին։ Երկրորդ, երբ կենտրոնն է ինքնավարություն շնորհում շրջանին։

«Մենք այդ քայլին (նկատի ունի առաջին տարբերակը) չենք գնացել եւ նման պահանջ չենք դրել։ Մենք ասել ենք, որ ջավախահայության ինքնավարության պահանջին մենք համաձայն ենք։ Կարծում ենք, որ այդ ինքնավարությունը կնպաստի Վրաստանի հզորացմանը։ Նախագահ Սաակաշվիլին այսօր երկու կարգախոսներով է ասպարեզում. Վրաստանը դարձնել ժողովրդավար եւ կառավարելի։ Ջավախքի ինքնավարությունը կօգնի Վրաստանի թե՛ կառավարելիության աստիճանի բարձրացմանը եւ թե՛ ժողովրդավարության իրականացմանը», ասաց Մարգարյանը։

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը կուսակցության 29-րդ ժողովի բացման ելույթում արել էր կոշտ հայտարարություններ, նկատելով, որ «Ջավախքն այլեւս վառոդի տակառի է նման եւ բոլոր պատճառներն ունի պայթելու»։ Այս հայտարարությանը հետեւել էր ՀՀ արտգործնախարարության արձագանքը, որի էությունը հետեւյալն էր. պաշտոնական Երեւանը համամիտ չէ Ջավախքի հարցում ՀՅԴ-ի տեսակետներին։

ՀՅԴ 29-րդ ընդհանուր ժողովի հայտարարությունում երկու տեղում խոսվում է Ջավախքի մասին։ «Ջավախքի հայությունը ձգտում է սրբագրել տարիներ շարունակ Վրաստանի նախկին իշխանությունների վարած խտրական քաղաքականության հետեւանքով երկրամասում տիրող ծանր կացությունը, պահպանել եւ ամրապնդել իր ազգային ու մշակութային ինքնությունը, բարելավել ժողովրդի ընկերային-տնտեսական վիճակը» եւ «ՀՅԴ-ն սատարելու է ջավախահայության ընկերային-տնտեսական ծանր կացության հաղթահարմանը, մշակութային, կրթական կյանքի աշխուժացմանը, արձագանքելու է Ջավախքի հայությանՙ Վրաստանի սահմանադրությունում ամրագրվելիք ինքնավարության ձգտումներին»։

Հրանտ Մարգարյանն ասում է, որ առաջացած «շփոթը հավանաբար ոճի մեջ էր, որովհետեւ մեկը բանավոր խոսք է, մյուսըՙ գրավոր տեքստ»։

Տեսնենք, թե ինչպես են արձագանքում Վրաստանում բնակվող մեր հայրենակիցները ՀՅԴ տեսակետներին։ Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանն «Ազգի» հետ զրույցում հարկ համարեց շեշտել, որ «դա Հրանտ Մարգարյանի կամ էլ իր կուսակցության կարծիքն է» եւ Ջավախքի ինքնավարության մասին հնչող հայտարարությունները լավ բանի չեն հանգեցնի։ «Վրաստանի նոր ղեկավարությունն, ըստ իս, բարյացակամ վերաբերմունք ունի Ջավախքի (խնդիրները լուծելու) հանդեպ։ Դա այն հարցը չէ, որի վրա շեշտադրում արվի, ժամանակը չէ եւ քննարկելիք հարց չէ։ Այսօրվա Վրաստանի, կոնկրետ Ջավախքի համար դա լավ բանի չի բերի, եթե այդ հարցը (ինքնավարության) սկսեն քննարկել», ասաց Մուրադյանը։

«Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը կարծում է, որ անհրաժեշտ է խոսել ֆեդերալիզմի մասին, ֆեդերալիզմի ինստիտուտը ներմուծել Վրաստան։ «Ջավախքի ինքնավարության մասին հայտարարությունը չպետք է լինի ինքնանպատակ։ Վրաստանում այսօր ղեկավարության որոշ ներկայացուցիչներ խոսում են ֆեդերալիզմի մասին։ Կարծում եմ, Վրաստանին եւ տարածքային բաժանումներին վերաբերող հայտարարությունները պիտի արվեն հենց Վրաստանի եւ Վրաստանի քաղաքացիների կողմից», ասաց Ստեփանյանը։

Թբիլիսիի Սայաթ-Նովայի անվան դպրոցի տնօրեն եւ Թբիլիսիի հայ համայնքի ղեկավար Միխայիլ Թադեւոսովի կարծիքով, նմանօրինակ հայտարարություններ չպետք է անել, մանավանդ Դաշնակցությունը, քանի որ Դաշնակցություն անունն ընդհանրապես Վրաստանում բացասաբար է ընկալվում։ «Ջավախքում պետք է լինի այնպես, ինչպես Հայաստանն է ուզում, բայց դա չպետք է լինի Վրաստանի եւ Հայաստանի հարաբերություններում վատի ավելի խորացմամբ։ Նման հայտարարություն անել պետք չէ, նման հայտարարությունը ժամանակային առումով սխալ էր», ասաց Թադեւոսովը։

Ախալքալաքում գործող «Վիրք» կուսակցության նախագահ Դավիթ Ռստակյանը կարծում է, որ Ջավախքի ինքնավարության հարցը չպետք է լինի ինքնանպատակ։ Ռստակյանի կարծիքով, ջավախահայության գլխավոր նպատակը հայության սովորույթները, լեզուն, մշակույթը, այսինքնՙ այն ամենը, ինչը հային հայ է պահում, պահպանելն է։ «ՀՅԴ-ի արձագանքը շատ բնական է։ Եթե դուք Ջավախքում ապրեք եւ զգաք Վրաստանի իրար հաջորդող կառավարությունների ճնշումները, դուք ավելին կուզեք, քան ինքնավարությունը», ասաց Ռստակյանը։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի, ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4