«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#28, 2004-02-19 | #29, 2004-02-20 | #30, 2004-02-21


ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿՐԿԻՆ ԶԻՋԵՑ

Կիպրոսում 8 հավաքականների մասնակցությամբ անցկացվող երկրի ֆեդերացիայի գավաթի խաղարկության երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը կրկին անհաջողության մատնվեց։ 5-8-րդ տեղերի համար մրցապայքարում հայ ֆուտբոլիստները մրցեցին ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 135-րդ հորիզոնականը զբաղեցնող Ղազախստանի ընտրանու հետ։ Հաշիվը 52-րդ րոպեին բացեց ազգային հավաքականի նորեկ Գալուստ Պետրոսյանը, սակայն 1 րոպե անց Ժումասկալիեւը վերականգնեց հավասարակշռությունը։ 73-րդ րոպեին Արտավազդ Քարամյանը կրկին առաջ մղեց ՀՀ հավաքականին, սակայն ընդամենը 2 րոպե անց Ժումասկալիեւը երկրորդ գնդակն ուղարկեց մեր թիմի դարպասը։ 1 րոպե անց ղազախներն արդեն հաշվի մեջ առջեւից էին ընթանում։ Աչքի ընկավ Ֆինոնչենկոն։ Բարեբախտաբար, մեր ֆուտբոլիստներին հաջողվեց շատ շուտՙ 4 րոպե անց հավասարեցնել հաշիվը։ Այս անգամ իր օգտին գոլ գրանցեց Արման Քարամյանը։ Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքիՙ 3-3։ Մրցակարգի համաձայն, նշանակվեց լրացուցիչ 30 րոպե, որն ի հայտ չբերեց հաղթողին։ Թիմերը ստիպված էին 11 մ հարվածներով որոշելու այդ մրցավեճի հաղթողին։ Ավելի դիպուկ գտնվեցին ղազախ ֆուտբոլիստները, որոնք էլ հաղթեցին 3-2 հաշվով։

Այսպիսով, Հայաստանի հավաքականը կիպրոսյան մրցաշարում իր երկրորդ պարտությունը կրեց եւ այսօր 7-8-րդ տեղերի համար մրցավեճում պետք է ուժերը չափի Վրաստանի հավաքականի հետ։ Վերջինս 5-8-րդ տեղերի համար մրցավեճում 1-3 հաշվով զիջեց Կիպրոսի ընտրանուն։ Գլխավոր մրցանակի համար մրցավեճում կհանդիպեն Հունգարիայի եւ Ռումինիայի հավաքականները։ Հունգարացիները 2-1 հաշվով հաղթեցին Լատվիայի ընտրանուն, ընդ որում այդ խաղում մինչեւ 81-րդ րոպեն հունգարացի ֆուտբոլիստները զիջում էին մրցակցին 0-1 հաշվով։ Հաշիվը 64-րդ րոպեին բացել էր լատվիացի Ստեպանովը։ Սակայն հունգարացիներին հաջողվեց խաղավերջում ընդամենը 3 րոպեի ընթացքում 2 գոլ խփել եւ շահել մրցախաղը։ Աչքի ընկան Տեկելին եւ Կենեշեին։ Ռումինիայի հավաքականը 2-0 հաշվով պարտության մատնեց բելառուսներին։ 3-րդ տեղի համար մցավեճում կհանդիպեն Բելառուսի եւ Լատվիայի հավաքականները։ Կիպրոսի եւ Ղազախստանի ընտրանիները կվիճարկեն 5-րդ տեղը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4