«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#28, 2004-02-19 | #29, 2004-02-20 | #30, 2004-02-21


ՉԽԱԽՏԵՆՔ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հանրապետությունում կրկին ակտիվացել է մարդկանց համարակալելու, այն էՙ անհատական ծածկագրերը համատարած խախտումներով մարդկանց պարտադրելու գործընթացը։ Ընդ որումՙ տրվում է անհատական ծածկագիր եւ ասվումՙ ըմբռնումով ընկալեք որպես սոցիալական քարտ։ Իշխանության վերին օղակների անթաքույց ճնշման հետեւանքով տեղերում շատ համայնքների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ ու կրտսեր պաշտոնյաներ հարկադրաբար, ի պաշտոնե լծված են այդ անշնորհակալ գործին։

Մեր գրասենյակում բազմաթիվ բողոքներ ու ահազանգեր, հարցեր են ստացվում այդ կապակցությամբ։ Մեր օրինապահ քաղաքացիները դեմ չեն հայրենի երկրի որեւէ օրենքի։ Նրանք միայն մեկ հիմնական հարց ունենՙ «Մի՞թե այդ քարտերը պարտադիր են», եւ մեկ հիմնական, օրինավոր եւ անտարակույս արդարացի պահանջ. «Մի՛ ոտնահարեք մեր քրիստոնեական հավատն ու Աստծո պարգեւած մեր անկապտելի իրավունքները»։

Հարցի բացատրությունը շատ պարզ է. չկա՛ եւ չի՛ կարող լինել որեւէ օրենք, որի հիմամբ այդ քարտերը պարտադիր լինեին։ Յուրաքանչյուր քաղաքացի, ով օրենքը չի կարդացել, դա կարող է կռահել հենց սոցիալական ապահովության եւ աշխատանքի նախարարության տպագրած հարց ու պատասխաններից, որտեղ ուղղակի տրված հարցինՙ «Պարտադի՞ր է, որ իմ երեխան եւ կինը ԱԾ ստանան», խուսափողական պատասխան է տրված եւ վկայակոչված է, թե սկսած 2004 թվականի հուլիսի 1-ից անհատական ծածկագրերը պարտադիր պետք է կիրառվեն վճարումներ եւ այլ քաղաքացիական գործարքներ կատարելիս։ Բնականաբար, չէր հայտարարվի, թեՙ այո, բոլորը պետք է ստանան, որովհետեւ այդ քարտերի ստացումը չէր կարող պարտադիր լինել։ Դա մարդու անկապտելի իրավունքների կոպիտ, ակնհայտ խախտում կլիներ։ Այդ դեպքում Հայաստանը պետք է հրաժարվեր իր ստորագրած մարդու իրավունքների վերաբերյալ մի քանի տասնյակ միջազգային համաձայնագրերից եւ դադարեցներ անդամակցությունը միջազգային համապատասխան կառույցներին, այդ թվումՙ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովին, Եվրոպայի խորհրդին եւ նույնիսկ ՄԱԿ-ին, որովհետեւ այդ պարտադրանքը հակասում է ե՛ւ ՄԱԿ-ի, ե՛ւ Եվրոպայի խորհրդի կանոնադրությունների, ե՛ւ հելսինկյան եզրափակիչ ակտի ոգուն եւ տառին։ Դա կհակասեր նաեւ Հայաստանի Հանրապետության հիմնական օրենքինՙ սահմանադրությանը։

Մեր երկրի զարգացումն ու առաջընթացն անհնար է առանց պետության ու եկեղեցու, քաղաքացիական հասարակության ու գործարար աշխարհի համագործակցության։ Այս հատվածներից որեւէ մեկըՙ ո՛չ եկեղեցին, ո՛չ պետությունը, ո՛չ քաղաքացիական հասարակությունը եւ ո՛չ էլ ամենահաջողակ գործարարները չեն կարող միայնակ հասնել միասնական նպատակներին, որոնք այսօր դրված են երկրի առաջ։ Այդ նպատակներն արդեն որոշակիորեն շարադրված են աղքատության հաղթահարման, կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարական ծրագրերում, այլ փաստաթղթերում։ Բայց այդ գեղեցիկ ծրագրերը կիրականանան միայն այն դեպքում, եթե իրականացնողներն ազնիվ ու անկեղծ են իրենց մղումներում, եթե սնվում են քրիստոնեական հավատի կաթով։

Հարգելի՛ բարեկամներ, օրենքը կիրառեք, բայց մի՛ գերազանցեք ձեր լիազորությունները, ժողովրդին մոլորության մեջ մի՛ գցեք ու մի՛ պարտադրեք։ Մի՛ խաբեք մարդկանց, թե առանց այդ քարտերի ոչ ոք չի կարող կենսաթոշակ, աշխատավարձ ստանալ։ Ոչ ոք չի կարող հայտարարել, թե «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելովՙ քարտ չստացած մարդը կորցնում է քաղաքացիական գործարքներ կատարելու, այդ թվումՙ կենսաթոշակ, աշխատավարձ ստանալու իրավունքները։ Այսինքնՙ զրկվում է գոյատեւման, կյանքի իրավունքից։

Առաջնորդվե՛նք օրենքով եւ արդարությամբ, չխախտենք մարդու իրավունքները։

ԳԵՎՈՐԳ ՄԱՆՈՒԿՅԱՆ, Վանաձորի հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի նախագահ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4