«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#28, 2004-02-19 | #29, 2004-02-20 | #30, 2004-02-21


«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՉԻ ՎԱՃԱՌՎԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՐԵՎԷ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ. ՀԱՎԱՆԱԲԱՐ

Հայաստանում բնակչությունը բողոքում է «Արմենտել» ընկերության ծառայությունների որակից եւ սպասարկման մակարդակից։ Այս եւ մի քանի այլ հարցերի պատասխանը ստանալու համար զրուցեցինք «Արմենտել» ընկերության վարչական գլխավոր տնօրենի հետ։ Պարոն Կարալամպոս Լումակիսը հարցազրույցի սկզբում հրաժարվեց «Արմենտելին» առնչվող հարցերին պատասխանելուց այն հիմնավորմամբ, որ Հայաստանի կառավարության եւ «Արմենտելի» միջեւ կա պայմանավորվածությունՙ քանի դեռ շարունակվում է դատական գործընթացը ձեռնպահ մնալ մեկնաբանություններից։

Անդրադառնանք սպասարկման որակին, ավելի ստույգՙ անկազմակերպ իրավիճակին, որի մեջ անընդհատ հայտնվում է «Արմենտելի» բաժանորդը։ Օրինակ, իրավիճակ, երբ բաժանորդի հեռախոսն անջատվում է։ Նա, ինչպես գիտենք, մուծումը կատարում է «Հայփոստի» բաժանմունքում, այնուհետեւ մուծման կտրոնով ստիպված է լինում ներկայանալ ավտոմատ հեռախոսակայան եւ հերթի կանգնել։ Պարոն Լումակիսի խոսքով, իրոք, նման վիճակը նորմալ չէ։ Ինքն այդ մասին տեղեկացել է վերջերս։ Այժմ փորձ է արվում հարցը կարգավորել։ Իրավիճակը կփոխվի, խոստանում է «Արմենտելի» բարձրաստիճան պաշտոնյան։

Ի դեպ, «Արմենտել»-բաժանորդ հարաբերություններում միջնորդ կազմակերպությանՙ «Հայփոստ» ձեռնարկության մասին։ Պարոն Լումակիսը տեղեկացրեց, որ «Արմենտելի» ղեկավարությունը փորձում է իջեցնել «Հայփոստին» տրվող գումարի չափը։ Այժմ կապի եւ տրանսպորտի նախարարության ձեռնարկությանը տրվող գումարը կազմում է կատարվող գործարքների երկու տոկոսը, տարեկան մոտ 450-500 հազար դոլար։

Վերջերս մամուլում շրջանառվեց այն լուրը, որ Հունաստանում կայանալիք ընտրություններից հետո հնարավոր է «Արմենտելի» սեփականատեր OTE-ի վաճառքը թուրքական ընկերության։ Սա հնարավոր կդառնա, եթե Հունաստանում իշխանության գա «Նոր դեմոկրատիա» կուսակցությունը, որի ծրագրերում ամրագրված է OTE-ի մասնավորեցումը մրցութային կարգով։

«Արմենտելի» վարչական գլխավոր տնօրենը թուրքական ընկերության կողմից OTE-ի գնումը չի բացառում։ Այդուհանդերձ, նշում է, որ չկա թուրքական որեւէ ընկերություն, որ կարողանա ձեռք բերել OTE-ն։ Բացի այդ, OTE-ն մասնավորեցվելու դեպքում կվաճառվի եվրոպական ընկերության։ Այս հանգամանքը նշելով, պարոն Լումակիսը հավանական չի համարում թուրքական ընկերության կողմից ՕTE-ն գնելու հեռանկարը։

«Արմենտելի» մասին խոսելիս սովորական է դարձել, որ բարձրացվում են ընկերության հետ կապված կնճռոտ հարցերը։ «Արմենտելը» մեր երկրում իրականացնում է նաեւ մի շարք բարեգործական ծրագրեր։ «Աշխատում ենք մեզ ուղղված խնդրանքները չմերժել», ասում է «Արմենտելի» վարչական գլխավոր տնօրենը, ավելացնելով, որ բարեգործություն կատարելիս հատկապես կարեւորում են աջակցությունը մշակութային նախաձեռնություններին։

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4