ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատը փետրվարի 20-ին անփոփոխ թողեց Հայաստանի Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով վերաքննիչ դատարանի դատավճիռը։
Գործը դատարանում քննվում էր գործով ամբաստանյալներ Արմեն Սարգսյանի, Գեղամ Շահբազյանի եւ Ֆելիքս Առուստամյանի վճռաբեկ բողոքների հիման վրա, բողոք էր ներկայացրել նաեւ տուժողի իրավահաջորդ Կարինե Նաղդալյանը։
Ամբաստանյալ Արմեն Սարգսյանի պաշտպաններ Ռոբերտ Գրիգորյանը եւ Ամալյա Ավագյանը խնդրում էին վճռաբեկ բողոքում բեկանել, կարճել եւ դադարեցնել քրեական վարույթը իրենց պաշտպանյալի նկատմամբ։ Ըստ պաշտպանների, գործով քննության ընթացքում ապացույցներ չեն ներկայացվել, որ սպանության պատվերը տվել է Արմեն Սարգսյանը եւ դրա դրդապատճառը Տիգրան Նաղդալյանի պաշտոնեական գործունեությունն է եղել։ Իրականում, ըստ նրանց, գործով մեկ այլ ամբաստանյալ Լյովա Հարությունյանի կողմից սպանության պատվեր տալու դրդապատճառը վերագրվել է Արմեն Սարգսյանին։
Ամբաստանյալ Ֆելիքս Առուստամյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը խնդրում էր իր պաշտպանյալի մասով գործը բեկանել եւ ուղարկել վերաքննիչ դատարան նոր քննության։ Ըստ նրա, իր պաշտպանյալին առաջադրված սպանությանը օժանդակելու մեղադրանքը ճիշտ չէ որակված։
Գեղամ Շահբազյանի պաշտպան Հրաչ Հակոբյանը նույնպես խնդրում էր իր պաշտպանյալի մասով գործն ուղարկել վերաքննիչ դատարան նոր քննության, քանի որ, ըստ նրա, Շահբազյանի նկատմամբ խիստ պատիժ է նշանակվել։
Տուժողի իրավահաջորդ Կարինե Նաղդալյանը, հակառակը, գտնում էր, որ Արմեն Սարգսյանի, սպանությունը իրականացրած Ջոն Հարությունյանի եւ Գեղամ Շահբազյանի մասով մեղմ պատիժ է նշանակվելՙ նրանց կատարած արարքի հասարակական վտանգավորության աստիճանին անհամապատասխան։ Նա խնդրում էր նաեւ բեկանել դատավճիռը, իր արտահայտությամբ, «ոճրագործության կնքահայր» Լյովա Հարությունյանի մասով, որի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից մեղմ պատիժ է նշանակվել եւ նա ազատ է արձակվել դատարանի դահլիճից։
Վճռաբեկ դատարանն անփոփոխ թողեց Վերաքննիչ դատարանի դատավճիռը վճռաբեկ բողոք բերած ամբաստանյալների մասով, իսկ Լյովա Հարությունյանի մասով վճռաբեկ բողոքը թողեց առանց քննության. վճռաբեկ դատարանը քննում է վերաքննիչ դատարանի կայացրած դատավճռի օրինականությունը, իսկ վերջինը չի քննել Լյովա Հարությունյանի մասով առաջին ատյանի դատարանի դատավճիռը։