Ադրբեջանում պաշտպանում եւ հերոսացնում են մարդասպանին
Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերենի դասընթացներում փետրվարի 19-ի գիշերն ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը դանակահարել, ապա կացնահարել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Այս վայրագ եւ նախադեպը չունեցող մարդասպանությունը դատապարտել էին մի շարք կազմակերպություններ, այդ թվումՙ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Մինչդեռ հարեւան Ադրբեջանում մարդասպանին պետական մակարդակով պաշտպանում եւ փորձում են հերոսացնել։
Եվրախորհրդում Ադրբեջանի դեսպան Աքշին Մեհտիեւը կազմակերպության հանձնախմբերի նիստերից մեկի ընթացքում եվրոպացի խորհրդարանականներին ասել է, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել, հայերը հանգիստ քուն չեն ունենալու, հաղորդում է Բաքվի «Զերկալո» թերթը։ Խորհուրդ չեմ տալիս հայերին հանգիստ քնել եւ քանի դեռ Ղարաբաղի խնդիրը չի լուծվել, նմանօրինակ պատահարները չի կարելի բացառել, ասել է դեսպանը։
Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը սպանության մեջ մեղադրել է Հայաստանին, անմարդկային արարքը որակելով «Հայաստանի զավթողական քաղաքականության տրամաբանական արդյունք»։ «Նմանօրինակ դեպքերը պետք է բացառել եւ ապագայում։ Հայ սպայի սպանությունը հայ հասարակության համար չպետք է լինի ազդանշանն այն բանի, որ պաշտոնական Երեւանը պետք է հրաժարվի իր զավթողական քաղաքականությունից», ըստ «Օլայլար» գործակալության ասել է Զուլֆուգարովը։
«Զերկալոն» պնդում է, որ ադրբեջանական հասարակությունը ոտքի է կանգնել ի պաշտպանություն Սաֆարովի։ Այդ նպատակով ղարաբաղյան պատերազմի հաշմանդամները կազմակերպել են մամուլի ասուլիս, որի ընթացքում պնդել են, թե ավագ-լեյտենանտ Սաֆարովը մեղավոր չէ։ «Եթե Սաֆարովը ցանկություն ունենար վրեժ լուծելու հայ սպայից, ապա դա կաներ դասընթացների առաջին օրերին», հայտարարել են հաշմանդամները։
Բաքվում լույս տեսնող «525 գազեթ» օրաթերթը հաղորդում է, որ ադրբեջանական կողմը պաշտոնական մակարդակով փորձում է «հայ սպային սպանելու մեջ կասկածվող» Սաֆարովին վերադարձնել հայրենիք։ Այդ նպատակով գլխավոր քարտուղար Զաքիր Ղարալովը դիմել է Հունգարիայի դատախազությանը։