«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2004-02-21 | #31, 2004-02-24 | #32, 2004-02-25


ՉԵԹ ՌՈՋԵՐԸ ՀԱՅ ՌՈՒՍԱՄԵՏՆԵՐԻՆ ԴՐԴՈՒՄ Է ԱՆՀԱՎԱՍԱՐԱԿՇԻՌ ՔԱՅԼԵՐԻ

«Հայոց աշխարհ» օրաթերթը երեկվա համարում հղում անելով սեփական աղբյուրներին, գրել էր, որ ԱՄՆ «Ժողովրդավարության ինստիտուտի» հայաստանյան գրասենյակի ղեկավար Չեթ Ռոջերը, որ մոտ մեկ ամիս առաջ է նշանակվել, աշխատանքներ է տանում Հայաստանի ռուսական դիրքորոշում ունեցող հայկական ընդդիմադիր գործիչների հետ եւ նրանց ինչ-ինչ խոստումներ տալով փորձում դրդել անհավասարակշիռ քայլերի։

«Նման մոտեցման նպատակն այն է, որ տվյալ գործիչներն ու նրանց կազմակերպությունները վերջնականապես վարկաբեկվեն հասարակության աչքում եւ քշվեն քաղաքական դաշտի լուսանցք։ Ավելի պարզ ասածՙ ամերիկյան «ժողինստիտուտի» հետապնդած խնդիրը ռուսամետների մարգինալացումն է։ Իսկ բուն նպատակըՙ այդպիսով արեւմտամետ գործիչների եւ ուժերի համար «կանաչ» ճանապարհ բացելն է», գրում է «Հայոց աշխարհը»։

«Ազգի» կողմից հավելենք, որ ԱՄՆ «Ժողովրդավարության ինստիտուտը» նմանօրինակ գործունեություն էր ծավալում նաեւ Վրաստանում (մասնավորապես աշխատում էր Լեյբորիստական կուսակցության եւ նրա առաջնորդ Շալվա Նաթելաշվիլու հետ), իսկ Թբիլիսիում նրա ներկայացուցիչ Մարկ Մյուլենն այսպես կոչված «թավշյա» հեղափոխության օրերին եւ դրան նախորդող ժամանակահատվածում «հեղափոխական եռյակի», «Կմարա» (թարգմանաբարՙ բավական է) ուսանողական շարժման եւ Շեւարդնաձեի տապալումը նախապատրաստող մի շարք այլ ուժերի կարեւորագույն խորհրդատուներից էր։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4