Իր կյանքի 80-րդ տարում մեզ հրաժեշտ տվեց Հայաստանի ժողովրդական արտիստ Իշխան Ղարիբյանը։ 1950-ին ավարտելով Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը, նա անմիջապես աշխատանքի է անցնում Սունդուկյանի անվան, շուտով էլ Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոններումՙ իրեն դրսեւորելով դերասանի բազմակողմանի շնորհներով։ 1967 թ., երբ հիմնադրվեց Երեւանի դրամատիկական թատրոնը, նա հրավիրվում է այստեղ եւ դառնում այս ինքնատիպ թատերական օջախի կառուցողներից մեկը։ Ավելի քան երեք տասնամյակի ընթացքում նա Դրամատիկականի բեմում կատարում է տպավորիչ, անմոռանալի անձնավորումներ, որոնք ոչ միայն Դրամատիկականի, այլեւ վերջին կեսդարյա հայ դերասանական արվեստի նվաճումներից են. պարոն Ֆրանկ («Աննա Ֆրանկի օրագիրը»), Արթին աղա («Սեր եւ ծիծաղ»), Չուբիկով («Գավառական դետեկտիվ»), Բարձրագույն քրմապետ («Աստվածների կանչը»), Հարություն Հալաջյան («Քո վերջին հանգրվանը») եւ այլն։ Զգալի է Ղարիբյանի վաստակը նաեւ ռադիո ու հեռուստատեսային թատրոններում։
Իշխան Ղարիբյանն իրապաշտ դերասանական դպրոցի տաղանդավոր ներկայացուցիչն էր, ասես ամեն պահ ունկնդիր իրեն նախորդած հայ մեծամեծ արտիստների փորձին, այդ իրապաշտությունն արտահայտվում էր նրա ե՛ւ բեմական խոսքում, ե՛ւ դադարի ու շարժման մեջ, ե՛ւ զուսպ դիմախաղում, թվում էրՙ դերասանություն չի անում, ապրում է, եւ այս խաբկանքը նրա բարձր վարպետության արգասիքն էր, նրա արվեստի մի կարեւոր, առանձնահատուկ նշանը։
Իշխան Ղարիբյանը գնում-հեռանում է մեզանից, մայր հայրենիքի եւ սփյուռքի հազարավոր հանդիսատեսներ բեմում եւ կյանքում այլեւս չեն տեսնելու նրան, սակայն մնում է նրա արվեստի լուսավոր հուշը, որի լավագույն արտահայտություններն անբաժան են արդի հայ թատրոնի տարեգրությունից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ, ՀՐ. ՂԱՓԼԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ