«Զանդեր փրոդաքշնզ» ընկերությունը Լոս Անջելեսում հրապարակ է հանել Սիլվա Չիլինկիրյանի նոր խտասկավառակը (CD), որը կրում է «Առաջին սեր» խորագիրը։ Ներկայացված են սիրված տաղերգուներիՙ Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի, Սիլվա Կապուտիկյանի, Անուշ Նագգաշյանի եւ ուրիշների տասը բանաստեղծությունները, որոնց համար երաժշտություն են գրել երգահաններ Չարլզ Լեոնը եւ Զարեհ Քեշիշյանը։
«Ես ցանկացա մեր բանաստեղծությունների գեղեցկությունը վերապրեցնել իմ նոր սկավառակով», ասել է այս առթիվ երգչուհին։ «Բանաստեղծություններն ուղղված են հատկապես երիտասարդներին, որոնք այժմ ավելի հակված են երաժշտություն լսելուն, քան գիրք կարդալուն։ Ընդհանուր թեման սերն էՙ հանդեպ հայրենիքին եւ մեկ ուրիշ անձնավորության», ավելացրել է նա։
Ըստ լուրը հաղորդող «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի, սա Չիլինկիրյանի 5-րդ հաջողված ձայնասկավառակն է։ Երգչուհին ծնվել է Բեյրութում եւ ավարտել Լիբանանի ազգային երաժշտանոցը։ ԱՄՆ է տեղափոխվել 1980-ականներին եւ կատարելագործվել Կալիֆոռնիայում։ ՄԵնահամերգներով հանդես է եկել Նյու Յորքում, Փարիզում, Սիդնեյում, Բեյրութում եւ Դամասկոսում։