Մոսկվայում «Աերոֆլոտի» հովանու ներքո անցկացվող շախմատային փառատոնի հերթական օրն ընդհանուր առմամբ հաջող էր հայ շախմատիստների համար։ Մրցաշարին մասնակցող 32 հայ շախմատիստներից ուղիղ կեսը հաղթանակներ տոնեցին, 10-ը պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի եւ միայն 6-ը պարտություն կրեցին։
«A» խմբում վստահ են հանդես գալիս Ռաֆայել Վահանյանը, Կարեն Ասրյանն ու Տիգրան Պետրոսյանը, որոնք դեռեւս պարտություն չեն կրել։ 7-րդ տուրում Վահանյանը սեւերով հաղթեց Եվգենի Վորոբյովին, Պետրոսյանը սպիտակներով պարտության մատնեց Ալեքսանդր Գալկինին, իսկ Ասրյանը ոչ-ոքի խաղաց Դարմեն Սադվակասովի հետ։ Իրենց օգտին մեկական միավոր գրանցեցին նաեւ Արա եւ Արտաշես Մինասյանները, Սերգեյ Գրիգորյանցը։ Մեր շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Վահանյանը, Ասրյանը, Արտաշես Մինասյանն ու Պետրոսյանը, որոնք վաստակել են 5-ական միավոր։ Իսկ աղյուսակը միանձնյա գլխավորում է Վալերի Ֆիլիպովը (6 միավոր)։ 5,5-ական միավոր ունեն Դրեեւը, Լոթյեն, Շաշիկիրանը, Մոտիլյովը, Տրեգուբովը, վան Վելին, Բերկեշը։
«A» խմբում հանդես եկող Լեւոն Արոնյանը, Անդրանիկ Փաշիկյանն ու Գաբրիել Սարգսյանը խաղաղ դաշն կնքեցին մրցակիցների հետ։ Անհաջողության մատնվեցին Սերգեյ Մովսիսյանն ու Էլինա Դանիելյանը, ընդ որում վերջինս 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց։ Ընդհանրապես Եվրոպայի չեմպիոնուհին այս մրցաշարում իր հնարավորություններից շատ ցածր է հանդես գալիս։ 7 տուրից հետո նա վաստակել է ընդամենը 2 միավոր, ընդ որում 2-րդ տուրում նա ազատ էր եւ նրա օգտին գրանցվեց հաղթանակ։ Այնպես որ, խաղացած 6 պարտիաներից միայն երկուսն է Էլինան ոչ-ոքի ավարտելՙ կրելով 4 պարտություն։
Ցավոք, 8-րդ տուրն անհաջող էր «B» խմբի առաջատարների շարքում գտնվող մեր երկու շախմատիստների համար։ Աղյուսակը 6,5 միավորով գլխավորող Դավիթ Հարությունյանը պարտվեց Ագաեւին, իսկ 6 միավոր ունեցող Բենիամին Գալստյանը զիջեց Անատոլի Շվեդչիկովին։ Հենց մեր շախմատիստների մրցակիցներն էլ 7-ական միավորով վերջին տուրից առաջ գլխավորեցին աղյուսակը։ Ավարտական տուրում նրանք խաղալու են միմյանց հետ։ Այդ պարտիան էլ կարող է որոշել «B» խմբի մրցաշարի հաղթողին։ Մրցանակակիր դառնալու լավ հնարավորություն ունի Լեւոն Բաբուջյանը։ Հաղթելով վան դեր Սթրիթին, Լեւոնը վաստակեց 6,5 միավոր եւ ավարտական տուրում մրցելու է Դավիթ Հարությունյանի հետ։ 6 միավոր ունի Աշոտ Նադանյանը, որը 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցՙ պարտության մատնելով Միխայիլ Պանարինին։ Հաղթանակներ տոնեցին նաեւ Տիգրան Քոթանջյանը (5,5 միավոր), Հրանտ Մելքումյանը (4), Յուրի Հայրապետյանը (3), Լիլիթ Մկրտչյանը (5) եւ Համլետ Թումանյանը (4)։ Արմեն Տոնոյանը, Դավիթ Պետրոսյանը, Նելլի Աղինյանն ու Վարդան Դանիելյանը պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի, իսկ Հակոբ Վարդանյանն ու Լազար Բեգլարյանը պարտվեցին։
«C» խմբում հաջողությանը մոտ է Ավետիք Գրիգորյանը, որը 8-րդ տուրում սպիտակներով հաղթեց իր հետ աղյուսակը գլխավորող Միրզանուրովին։ Ավարտական տուրից առաջ Գրիգորյանը 7,5 միավորով միանձնյա ստանձնել է առաջատարի դերը։ Վերջին տուրում նա սպիտակներով մրցելու է Ալեքսանդր Պոտապովի հետ, որն ունի 7 միավոր։ Նույնքան միավոր է վաստակել նաեւ Վյաչեսլավ Սիսոեւը, որը սեւերով խաղալու է Միրզանուրովի հետ։ Հայ շախմատիստներից 2-րդ արդյունքն ունի ռուսաստանցի Արսեն Օհանյանցը (6 միավոր), որը ոչ-ոքի ավարտեց պարտիան Ալեքսանդրա Զախարովայի հետ եւ վերջին տուրում մրցելու է Օլեգ Յուֆերեւի հետ։ 8-րդ տուրն ընդհանրապես հաջող էր «C» խմբում հանդես եկող հայ շախմատիստների համար։ Հաղթանակներ տարան Բաբկեն Հարությունյանը, Աշոտ Ավետիսյանը, Գարուշ Մանուկյանը, իսկ Հրայր Սիմոնյանը պարտիան ավարտեց ոչ-ոքի։