Գյումրիում ավարտվեց իմաստուն խաղի տղամարդկանց 2004 թ. քաղաքային առաջնության եզրափակիչ մրցաշարը, որի արդյունքներով արդեն երկրորդ անգամ քաղաքի չեմպիոն դարձավ պատանի շախմատիստ, 18 տարին դեռ չբոլորած Սիմոն Մկրտչյանը։ Առաջին անգամ նա այդ կոչումը նվաճել էր 2002 թ., իսկ մինչ այդ եղել էր Գյումրու պատանիների բազմակի չեմպիոն։ Խաղացած 10 պարտիաներից հաղթելով 9-ում, խոստումնալից շախմատիստը միայն մեկ խաղում ունեցավ միավորի կորուստՙ պարտություն կրելով առաջնությունում երկրորդ տեղը գրաված Մարիաննա Գասպարյանից։ Քաղաքի տղամարդկանց առաջնության վերջին տարիների մշտական մասնակից Մարիաննայի ցուցանիշն էր 7,5 միավոր։
Ընդհանրապես կարելի է ասել, որ այս առաջնությունում տոն տվողը պատանի մարզիկներն էին։ Այս իմաստով ուրախալի էր նաեւ քաղաքի պատանիների անցյալ տարվա առաջնության հաղթող Կարեն Գրիգորյանի հաջողությունը, որը 7 միավորով զբաղեցրեց երրորդ մրցանակային տեղը։
Քաղաքի առաջնության հաղթողներից մեկը (քանի որ առաջին տեղը զբաղեցրած Սիմոն Մկրտչյանն այդ իրավունքը ավելի վաղ նվաճել էր) կմասնակցի շախմատի այս տարվա հանրապետական առաջնության առաջին խմբի եզրափակիչ, իսկ հաջորդ վեց տեղերը զբաղեցրած մարզիկներըՙ կիսաեզրափակիչ փուլի մրցումներին։
Գ. Մ.