Զարգացման հայկական գործակալությունում անդրանիկ ասուլիսով լրատվամիջոցներին ներկայացավ նորաստեղծ ԱՔՌԱ վարկային բյուրոն, որն իր տեսակում առայժմ միակն է ողջ Կովկասում։ Կազմակերպության ներկայացուցիչներըՙ հիմնադիր եւ տնօրեն Արմեն Վարդանյանը, Կարեն Բադալյանը, Վարուժան Ավետիքյանը, բոսնիական «Էլ Ար Սր էնջինիրինգ» ընկերության ներկայացուցիչը լրագրողներին ծանոթացրին վարկային բյուրոյի գործունեությանը։
Հայաստանի Հանրապետությունում նախկինում այսպիսի ծառայություն չի եղել, առհասարակՙ վարկային բյուրոները, որպես այդպիսիք, հիմնվում եւ գործում են զարգացած երկրներում։ Հայաստանը որպես զարգացող երկիր, ԱՊՀ երկրների թվում առաջիններից է, որ ունենալու է վարկային պատմության ինստիտուտ։ Առաջիկա մարտից վարկային բյուրոն կսկսի գործել միաժամանակՙ կծավալվի ընդարձակ քարոզարշավ բնակչության շրջանում իր առաքելությունը ճանաչելի ու մատչելի դարձնելու նպատակով, իսկ հուլիսից կիրականացվեն բուն ծրագրերը։
Վարկային բյուրոն, այսպիսով, նպաստում է վարկային ռեսուրսների բազմաճյուղ օգտագործմանը։ Բյուրոն տեղեկություններ է հավաքում տարբեր կազմակերպություններից, մասնավորապեսՙ բանկերից, ապահովագրական ընկերություններից, միկրովարկային «դոնոր» կազմակերպություններից, կենցաղային սպասարկման ընկերություններից, միջազգային կառույցներից, ինչպես նաեւՙ ներդնողներից, իրավաբանական անձանցից եւ այլն։ ԱՔՌԱ-ի ներկայացուցիչների հավաստմամբՙ «բնականաբար, բյուրոն երաշխավորում է այդ տվյալների գաղտնիությունը, անգամ պետական կառույցները չեն կարող ինչ-ինչ ճնշումների դիմելու ճանապարհով տվյալներ դուրս կորզել, եթե իրենց գործողություններըՙ տեղեկատվություն ստանալու, օրենքի շրջանակում չեն»։
Վարկային բյուրոն բացառապես տեղեկատվական բանկ է, այստեղ կուտակված կապիտալը տեղեկություններն են եւ ոչ թե գումարը։ Կազմակերպությանն անդամագրվելն անվճար է, սակայն հետագայում պահանջվող տեղեկությունները բյուրոյից ստանալըՙ արդեն վճարովի։ Վարկային բյուրոն, ինչպես նշեց ԱՔՌԱ-ի տնօրենը, յուրատեսակ կամուրջ է վարկատուի եւ վարկառուի միջեւ, իրեն անդամակցող կառույցներին էլ հնարավորություն է տալիս նվազագույնի հասցնել վարկային ռիսկըՙ հարկային ու վարկային պարտավորությունների կատարման գործում թերացող ու անվստահելի հաճախորդների մասին բյուրոյից տեղեկատվություն ստանալու միջոցով, միաժամանակ դյուրին է դարձնում առանց գրավի ապահովման վարկի տրամադրումը, եւ, ի վերջո, յուրաքանչյուր կազմակերպության հնարավորություն ընձեռում ֆինանսական շուկա մուտք գործելու։
«Սա 100 տոկոսով մասնավոր կազմակերպություն է», հավաստիացրեց Արմեն Վարդանյանըՙ հավելելով, որ իրենք նաեւ վայելում են գործադիր իշխանության, Կենտրոնական բանկի, ֆինանսական այլ հաստատությունների եւ միջազգային կազմակերպությունների աջակցությունը. վերջիններն, ի դեպ, իրենց մասնակցությունը կունենան ԱՔՌԱ-ի կազմակերպելիք կլոր սեղանի քննարկումներին։ Նշենք նաեւ, որ Հայաստանում վարկային բյուրոյի գաղափարը կենսագործելիս հաշվի է առնվել Բոսնիայում այս ինստիտուտի ներդրման հաջողված փորձը, իսկ Բոսնիան ու Հայաստանն աշխարհագրական առումներով մի շարք ընդհանրություններ ունեն։ Հուսանք, Հայաստանում այս համակարգի ներդրումը եւս կհաջողվի ու նպատակին կծառայի։
Ա. ԱՐՍԵՆՅԱՆ