«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2004-02-21 | #31, 2004-02-24 | #32, 2004-02-25


ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ ԵՎ ... ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔ

«Հանրապետություն» կուսակցությունը կատարվածի առիթով երեկ երեկոյան ասուլիս էր հրավիրել։ Կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն ասուլիսն սկսեց այսպես. «Կարող ենք արձանագրել, որ Հայաստանում սկսվել է քաղաքական ճնշումների, բռնությունների, ահաբեկչության նոր փուլ»։ Նա տեղեկացրեց, որ բազմաթիվ են դեպքերը, երբ տարածքային կազմակերպությունների ղեկավարներին, տարբեր առիթներով հրավիրում են ոստիկանությունՙ «զրուցելու» պատրվակով։

Սուրենյանցը ներկայացնելով կատարվածը, շեշտեց, որ Ռոմիկ Մխիթարյանն իրավապահ մարմիններին չի ներկայանա, թեպետ կուսակցությունը կարեւորում է իրավական պատասխանատվության խնդիրը, «բայց այս բեզպրիդելի պայմաններում, երբ իրավապահ մարմիններն օրենքով շարժվելու փոխարեն օրնիբուն զբաղված են «գործ սարքելով», այսպիսի իրավապահներին կուսակցությունը չի վստահում», նշեց Սուրենյանցը։ Ռոմիկ Մխիթարյանը կուսակցության տարածքային գործիչներից մեկն է, բավականաչափ ազդեցիկ։ Դեռ նախագահական ընտրությունների առաջին փուլի ժամանակ Շենգավիթի տարածքում Ռոբերտ Քոչարյանը ստացել էր ընդամենը 15 տոկոս ձայն, եւ այն ժամանակ իշխանությունները Ռ. Մխիթարյանին պատժելու համար ապօրինաբար գտան ձեւՙ հանրահավաքներին մասնակցելու համար նրան վարչական կալանքի ենթարկեցին։ Այս նույն ձեռագիրը շարունակվում է։ «Ցանկացած բռնություն, որ այս երկրում կատարվում է, ըստ էության հաջորդում է Ռոբերտ Քոչարյանի որեւէ հրահանգին... եւ օրինաչափություն է դարձել, որ Ռոբերտ Քոչարյանի ցանկացած ելույթից հետո այս երկրում պիտի սփռվի չարությունը», նշեց Սուրենյանցը եւ ավելացրեց, որ հենց այդ պահին Արմեն Ռուբենյանի բնակարանը պաշարված է ոստիկանության կողմից եւ առանց որեւէ փաստաթղթի ու թույլտվության կատարվում են «ստուգումներ»։

«Կուսակցությունն իր եռամյա գործունեության ընթացքում բազմիցս ապացուցել է, որ որեւէ բռնություն մեզ հեռու չի կարող պահել ակտիվ գործողություններից, եւ եթե իշխանությունը մարտահրավեր է նետում, մենք այդ մարտահրավերն ընդունում ենք», նշեց Սուրենյանցը եւ խոսքը փոխանցեց կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանին։ Նա էլ իր հերթին նշեց, որ լիիրավ իրավունք ունեն խոսելու տոտալ բռնությունների մասին, որն իշխանությունները սկսել են կազմակերպել բազմաթիվ ուղղություններով։ Ըստ նրա պնդման, կուսակցությանը թիրախ են ընտրել եւ սկզբնական բոլոր կազմակերպությունների ղեկավարներին հրավիրում են ոստիկանության բաժանմունքներ։ Նա ավելացրեց նաեւ, որ կուսակցության այն ղեկավարները, որոնք երկրապահներ են, կամավորական ջոկատների հրամանատարներ, դրանց տները փորձում են «բեզպրիդել» մտնել ու խնդիրներ հարուցել։ Ահա նման կերպ են փորձում կանխարգելիչ գործողություններ սկսել ապագա գործընթացներին, իսկ թե ինչ կտա դա իրենց, ցույց կտա ժամանակը, ասաց պրն Սարգսյանը եւ հայտարարեց. «Նման քայլերը որեւէ լավ բանի չեն բերի թե՛ իշխանությանը եւ թե՛ ժողովրդին։ Եվ քանի որ իրենք են տանում իրավիճակի սրման պատասխանատվությունը, ամբողջությամբ թողնում ենք իրենց վրա եւ ընդունում ենք մարտահրավերն ու կտեսնենք...»։

Իսկ ասուլիսի ավարտին Սուրենյանցը տեղեկացրեց, որ փետրվարի 24-ին Ավանի տարածքային կազմակերպության ղեկավար Լեւոն Եղիազարյանին, Աշտարակի տարածքային կառույցի ղեկավար Սուրեն Գրիգորյանին, Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Վաղինակ Ֆրանգուլյանին եւ այդպես համարյա մեծ մասին հրավիրել են ոստիկանության բաժինՙ «զրույցի»։

Վերը նշվածի մասին պաշտոնական տեղեկություն ստանալու համար դիմեցինք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչություն եւ ուշ երեկոյան տեղեկացանք, որ փետրվարի 24-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի, Երեւան քաղաքի վարչության եւ ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցների համատեղ ձեռնարկած օպերատիվ միջոցառումների ընթացքում զննության են ենթարկվել մայրաքաղաքի Հրազդան 8 հասցեում գտնվող «Կանաչ այգի» ՓԲԸ-ի մեխանիկական արտադրամասը, Արշակունյաց պողոտայի 137/2 բնակարանը եւ Բագրատունյաց պողոտայի 28 շենքի բակում գտնվող ավտոտնակը։ Իրավապահներիՙ օրինականության սահմաններում կատարած գործողությունների արդյունքում հիշյալ հասցեներից հայտնաբերվել եւ առգրավվել են տարբեր տրամաչափի 294 փամփուշտ, ինքնաձիգի փամփշտակալ, ինքնաշեն 5 դանակ, որոնցից 1-ը գաղտնի փականով, սվին-դանակ, 19 պայթուցիչ, 2 աէրոզոլ ռումբ եւ «Շմայս» տեսակի ինքնաձիգ։ Հայտնաբերված զենք-զինամթերքն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ հաջողվել է պարզել, որ զենք-զինամթերքը պատկանել են մայրաքաղաքի բնակիչներ Կոլյա Հարությունյանին, Գուրգեն Պապիկյանին, Արմեն Սահակյանին եւ անզգույշ սպանության ու ապօրինի զենք-զինամթերք պահելու համար 2000 թ. 1,6 տարի ազատազրկման դատապարտված Ռոմիկ Մխիթարյանին։ Կոլյա Հարությունյանը, Գուրգեն Պապիկյանը եւ Արմեն Սահակյանը բերման են ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Կոլյա Հարությունյանը եւ Արմեն Սահակյանը ձերբակալված են, հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։ Ձեռնարկվում են միջոցառումներՙ Ռոմիկ Մխիթարյանին ոստիկանության բաժին բերման ենթարկելու։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4