16 տարի առաջ այս եւ հաջորդ մի քանի օրերին Ադրբեջանի Սումգայիթի Բարեկամության եւ Եղբայրության փողոցներում գազազած ամբոխը կոտորում էր քաղաքի հայ բնակչությանը. 1988 թ. փետրվարի 26-29-ը 32 անմեղ (նրանց միակ մեղքը հայ լինելն էր) հայեր սպանվեցին, եւս հարյուրավորները վիրավորվեցին։ Սումգայիթի 14 հազար հայ բնակչությունը, չցանկանալով դառնալ ադրբեջանական հրոսակների զոհը, մի քանի օրում հեռացավ քաղաքից։ ԽՍՀՄ առաջնորդ Գորբաչովը հայկական կոտորածները որակեց «խուլիգանական գործողություններ»։
Քաղբյուրոյի ավագ պաշտոնյաներից Գեորգի Խարչենկոն, որը 1988-89 թթ. եղել է Կովկասում, բրիտանացի լրագրող Թոմաս դը Վաալին հետագայում ասել է. «Չեմ ուզում ցույց տալ լուսանկարները, պարզապես դրանք ես ոչնչացրել եմ։ Բայց իմ աչքերով եմ տեսել (հայերի) անդամահատված մարմինները, կացնով այլանդակված ձեռքեր, ոտքեր։ Նրանք (ադրբեջանցիները) հավաքում էին չորացած տերեւները, շաղ տալիս դիակներին, բենզին լցնում եւ հրդեհում։ Սարսափելի դիակներ էին»։
Վաալն իր «Սեւ այգի» գրքում պատմում է, որ Սումգայիթում հակահայ ցույցերը, ապա հայերի սպանդը շարունակվեցին 3 օր։ «Նույն երեկոյան (փետրվարի 27) ԽՍՀՄ զինվորական դատախազ Կատուսեւը, որ Ադրբեջանում էր, ելույթ ունեցավ ազգային հեռուստատեսությամբ եւ Բաքվի ռադիոյով... Նա հայտարարեց, որ 5 օր առաջ Ասկերանում երկու երիտասարդներ են սպանվելՙ տալով նրանց ակնհայտ ադրբեջանական անունները։ Կատուսեւը լուցկին մոտեցնում էր վառոդի տակառին», գրում է բրիտանացի լրագրողը։
Այն, ինչ տեղի ունեցավ հաջորդ օրը, աննախադեպ էր ԽՍՀՄ պատմության մեջ։ «Մի քանի տասնյակից մինչեւ հիսուն հոգանոց ավազակախմբերը ջարդուփշուր էին անում (տների) ապակիները, հրդեհում ավտոմեքենաները, փնտրում հայերի։ Սումգայիթի մի քանի թաղամասեր (հիմնականում Եղբայրության եւ Խաղաղության փողոցները) վերածվել էին պատերազմական գոտու... Ավազակախմբերն իրականացնում էին դաժանությամբ զարհուրելի գործողություններ։ Մի քանի զոհեր այն աստիճանի էին այլանդակվել կացնի հարվածներից, որ նրանց մարմիններն անհնար էր ճանաչել», գրում է Վաալը։
Ադրբեջանական քարոզչությունը ջարդերից 16 տարի հետո էլ փորձում է հանրությանը համոզել, թե իբր Սումգայիթի պատասխանատուն ՊԱԿ-ն է, Գորբաչովը, անգամ հայերը։ Ադրբեջանում ամենահայտնի հայատյաց Զիա Բունիաթովը «Ինչո՞ւ Սումգայիթը» հոդվածում եզրակացնում է, որ սումգայիթյան ջարդերն իրենքՙ հայերն են կազմակերպել, որպեսզի վարկաբեկեն ադրբեջանցիներին եւ թափ տան հայկական ազգայնականությանը։
1990-ական թթ. սկզբներին կինոբեմադրիչ Դավուդ Իմանովը «Սումգայիթի արձագանքը» ֆիլմում Սումգայիթի ջարդերի մեջ մեղադրում է հայերին, ռուսներին եւ ամերիկյան հատուկ ծառայություններին։
Թոմաս դը Վաալը նկատում է, որ ե՛ւ Բունիաթովը, ե՛ւ Իմանովն օգտագործել են Էդուարդ Գրիգորյան անունով մեկին, որն իբր մասնակցել է հայերի ջարդերին։ Գրիգորյանը, որի մայրը ռուս էր եւ հայ ամուսնուց բաժանվել էր վաղուց, դատապարտվեց 12 տարվա բանտարկությանՙ Սումգայիթի ջարդերը կազմակերպելու մեղադրանքով։ Նույն մեղադրանքով ձերբակալվել էին 84 հանցագործներ, որից 82-ն ադրբեջանցի, մեկըՙ ռուս։
Հետագա տարիներին հայկական ջարդերը շարունակվեցին Կիրովաբադում, Բաքվում, իսկ ջարդարարներին Ադրբեջանի իշխանությունները եւ հասարակությունը հերոսացրին։ Հայկական ջարդեր Ադրբեջանում եղել են նաեւ Բաքվումՙ 1905 եւ 1918 թթ., ընդ որում 20-րդ դարասկզբին հայ սպանվածների թիվը հարյուրավոր անգամ մեծ էր, քան Սումգայիթում, Կիրովաբադում եւ Բաքվում։ Սակայն վերջին հայկական կոտորածներն ուշագրավ են նրանով, որ իրականացվեցին Խորհրդային Միության գոյության տարիներին։
Թոմաս դը Վաալի «Սեւ այգին», որ մինչ օրս ղարաբաղյան պատերազմի մասին գրված լավագույն եւ անաչառ գրքերից է, Սումգայիթի ջարդերին վերաբերող հատվածում ասում է. «Սումգայիթի բոլոր հայերը ցանկանում էին հեռանալ Ռուսաստան, բայց ոչՙ Հայաստան... Նրանք ուզում էին մեկնել Կրասնոդար, Ստավրոպոլ կամ Ռոստովի շրջան։ Ինչո՞ւ։ Նրանք ասում էին, թե ոչ մեկը Հայաստանում մեր կարիքը չունի, Հայաստանում մեզ չեն համարում իսկական հայեր, մենք իսկական հայեր չենք»։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ