«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2004-02-24 | #32, 2004-02-25 | #33, 2004-02-26


ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԱՑԻՆԸ ԵՎՐՈՊԱՎԱՐԻ «ԲԱՐԻԴՐԱՑԻՈՒԹՅԱՆ» ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆ Է

Բուդապեշտում պատահած ողբերգությունը զարհուրեցրեց առաջին հերթին իր կանխատեսելիությամբ։ Չէ որ ակնհայտ է, որ հարկավոր է վերջին տխմարը լինել հայ եւ ադրբեջանական ժողովուրդների միջեւ ստեղծված բարոյահոգեբանական իրավիճակում երկու պետությունների բանակների սպաներին նույն տանիքի ներքո բնակեցնելու համար։ Դա ասում եմ, հստակ գիտակցելով, որ ամենայն հավանականությամբ այդպես է կարգադրել նատոյական որեւէ գնդապետ, գուցեեւ գեներալ։

Նույնիսկ հաղորդել էին, թե հայ եւ ադրբեջանցի երիտասարդ սպաներին ուզեցել են ընդհանրապես տեղավորել միեւնույն սենյակում։ Այստեղ ի՞նչ ասեսՙ կրկնակի տխմարություն է։ Ինչո՞ւ։

Բուդապեշտի նատոյական սպայական հանրակացարանի արյունոտ կացինը դարձավ այն բանի խորհրդանիշը, ինչի մասին մինչեւ օրս ամոթխածորեն լռում էին նեղմիտ չինովնիկները եվրոպական բազմաթիվ հանձնաժողովների անկյուններում։ Պարզ, տարրական տրամաբանության խորհրդանիշը, որն անհնար է դարձնում երկու հարեւան ժողովուրդների խաղաղ համակեցությունը, երբ նրանց միջեւ առկա են արյուն, զոհեր, չլուծված պատմական ու տարածքային խնդիրներ։

Հիշո՞ւմ եք, այդ մասին առաջին անգամ անցողակի արտահայտվեց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելույթ ունենալով Ռուսաստանում։ Նա ասացՙ հիշեցե՛ք, որ վերջին 15 տարում հակամարտության այդ տարածաշրջանում մեծացել է մի սերունդ, որի մեջ մշակվել է հայերի եւ ադրբեջանցիների հոգեբանական ինչ-որ անհամատեղելիություն։ Հիշո՞ւմ եք, նրան կտրուկ, շատ կտրուկ սաստեցին ամեն կողմից։ Քանզի իրենց եվրաքթերով եվրաթղթերի մեջ խրված լայնաճակատ եվրաչինովնիկների, ինչպես նաեւ քշտած թեւքերով կորովի յանկիների եւ նույնիսկ ավագ եղբոր համախտանիշով տառապող ռուսաստանցիների միջավայրում պարզապես ընդունված չէ բարձրաձայն խոսել նման բաների մասին։ Դա քաղաքական անբարեկրթություն է։ Եթե կուզեքՙ վատ քաղդաստիարակության նշան։ Բայց չէ որ դրանք իրողություն են, այսօր երկու ժողովուրդների փոխհարաբերությունների առավել ազդու գործոնը։

Եվ հենց այդ գլխավոր գործոնին հակառակ, նատոյական ինչ-որ պետ միեւնույն տանիքի տակ տեղավորեց երիտասարդ ու խոստումնալի հայ սպային եւ բարբարոս ադրբեջանցուն։ Քանզի երեւի թե այնքան էլ լավ չէր գիտակցում երկու ժողովուրդների այսօրվա փոխհարաբերությունների շարժիչ ուժը։ Ավելի ճիշտՙ գիտակցում էր։ Բայց... Եվրախորհրդարանին, ՆԱՏՕ-ին, մեծ քաղաքականություն հորջորջվող շղթայի մյուս բոլոր օղակներին պարզապես ձեռնտու չէ ընդունել այդ գործոնի բուն գոյությունը։ Ընդհակառակը։ Անհրաժեշտ է ոչ միայն ձեւացնել, թե դա գոյություն չունի, այլեւ դրանում համոզել համաշխարհային հասարակայնությանը, մեզ եւ ձեզ։

Բայց երիտասարդ սպաներին որակավորման բարձրացման դասընթացների հրավիրելովՙ նատոյական չինովնիկները նաեւ պարտավորվում էին ապահովել նրանց անվտանգությունը։ Այդ թվումՙ նաեւ նման պատահարներից։ Իսկ հիմա չեն ուզում նույնիսկ խոստովանել իրենց սխալը պատահածի համար, փորձելով այն որակել իբրեւ քրեական եւ կենցաղային միջադեպ... Եվ դա զգալով, անպատժելիությունից վերջնականապես արբած ադրբեջանցիները ներկայումս հապճեպորեն կազմակերպում են բուդապեշտյան ոճրագործի պաշտպանության ամեն կարգի հասարակական կոմիտեներ։

Իսկ բուդապեշտյան ողբերգությունը սոսկ լաբորատոր պատրաստուկ է փորձերի համար, հայ-ադրբեջանական սահմանի երկու կողմերում այսօր իշխող հասարակական հարաբերությունների հենքի կտրվածքը։ Եվ այսօր մեզնից, մեր պետությունից, կառավարությունից, ԱԳՆ-ից է կախված, թե համաշխարհային հանրության համար որքանով ուսանելի կլինի բուդապեշտյան ողբերգությունը։ Մեր առջեւ ծառացած է գերխնդիրՙ աշխարհին բացատրել, որ Ղարաբաղը բռնությամբ Ադրբեջանի կազմում ընդգրկելը հավասարազոր է բուդապեշտյան կացինը հանդիսավորապես մեկ կողմի ձեռքը տալուն։ Ձեռք, որն արդեն իսկ չափազանց արյունոտ է։ Ոչ միայն Բուդապեշտում։

Չէ որ Պատմությունը չի հանդուրժում ստորադասական եղանակ։ Չէ որ պատմական ոչ մի ոճիր չի կարող պարզապես մոռացվել, մարդկանց, մի ամբողջ ժողովրդի հիշողության մեջ ներծծվել ոչ եվրահանձնաժողովների եվրաքեռիների կտրուկ բղավոցներով, ոչ քշտած թեւքերով համազգեստներ հագած յանկիների անդրօվկիանոսյան կանչերով եւ ոչ էլ նույնիսկ Կրեմլի պարիսպների ներսում նստած ավագ եղբայրների ամոթխած լռությամբ։

Պատմությունը քանիցս ապացուցել է դա։ ՆԱՏՕ-ն լռեց, երբ հայ սպաներին թույլ չտվեցին մասնակցել Բաքվի զորավարժություններին, եւ լկտիացած բարբարոսը կացինը ձեռքին հայտնվեց հանրակացարանի միջանցքում։ Արդարացի գնահատական չտրվեց Սումգայիթին, եւ պատահեցին Կիրովաբադի եւ Բաքվի դեպքերը։ Հետոՙ Ղարաբաղը... Մինչեւ որ հայերն ի վերջո հասկացան, որ մեկ ուրիշն ազնիվ եւ արդարացի գնահատական չի տա։ Եվ որ հարկ կլինի դա անել ինքնուրույն։ Եվ այդ ժամանակ դեն նետված բրիչին փոխարինեցին պապական բերդանկան եւ «Կալաշնիկովը»։ Եվ վերջին շուրջ 100 տարում առաջին անգամ հայերը ցույց տվեցին եւ ապացուցեցին առաջին հերթին հենց իրենց, որ կարողանում են պաշտպանել իրենց, հաղթանակներ տանել, վերադարձնել խլվածը։

Բայց միայն դա չէ մեր այսօրվա գերխնդիրը։ Անարդարացիորեն գնահատված Սումգայիթի, Բաքվի, Ղարաբաղի նման, հայերի պատմական, ծագումնաբանական հիշողության մեջ էլ ավելի մեծ ցավ են Արարատի ալեհեր գագաթը, Արեւմտահայաստանի իրադարձությունները, 1915 թ. ցեղասպանությունը, միլիոնավոր զոհերը, արյան գետերը եւ լքված հարազատ օջախները։

Ինձ արդեն վիճակվել է խոսել Արարատի ֆենոմենի մասին։ Եթե նա Երեւանից տեսանելի չլիներ, ապա գրեթե 100-ամյա վաղեմության իրադարձություններն արդեն վաղուց կմեղմանային, կջնջվեին հայերի հիշողությունից։ Իսկ այսպես... երեխաները մեծանում ենՙ իրենց աչքերի առաջ ունենալով այդ հիշեցումը, լսելով երգեր, արտասանելով բանաստեղծություններ Արարատի մասին։ Եվ արդեն հերթական սերունդը խոսել սովորելով, հարցնում է հայրերինՙ իսկ ի՞նչ է դա, ինչո՞ւ մեր այնտեղ գնալն արգելված է։ Եվ պատասխան չստանալովՙ երկար լռում է։ Եվ լուռ մթագնում են հայրերի եւ պապերի աչքերն ու դեմքերը։ Հավատացեք, դա հավերժական է։

Եթե այստեղից մենք չտեսնեինք ալեհեր Արարատը, ապա թերեւս առավել հանդուրժողաբար վերաբերվեինք առանձին հաստավիզ ու բթամիտ հայ «խելացիներին», որոնք ձգտում են կես քայլով առաջ անցնել իրենց անդրօվկիանոսյան տերերից, անհամբեր սպասում հայ-թուրքական սահմանի բացմանը։ Դե, իհարկե, նոր հորիզոններ, գերշահույթների նոր, անհայտ աղբյուրներ, նոր հեռանկարներ։

Այդ խնդրի տնտեսական կողմի մասին ինձ վիճակվել է քանիցս խոսել։ Կրկնում եմՙ տնտեսապես չամրապնդված Հայաստանը պարզապես կջնջվի թուրքական կողմի ապրանքաարդյունաբերական ծավալման հետեւանքով։ Մենք դեռ երկար ժամանակ չենք կարողանա մրցակցել նրանց հետ։ Դա կլինի «բուդապեշտյան կացնի» համախտանիշի եւս մեկ դրսեւորում, այս անգամՙ տնտեսության մեջ։ Մենք դեռ չափազանց թույլ ենք այստեղ Հայաստանի նկատմամբ թուրքերի վարելիք «մտրակի եւ քաղցրաբլիթի» քաղաքականությանն ինչ-որ բան հակադրելու համար։ Բայց խոսքն այդ մասին չէ։

Ես խոսում եմ «բուդապեշտյան կացնի» էֆեկտի մասին, որն, անկասկած, անմիջապես զգացնել կտա։ Քանի որ, կրկնում եմ, երբ ժողովուրդների միջեւ գոյություն ունեն պատմականորեն չլուծված բարոյական, տարածքային, հոգեբանական խնդիրներ, չի կարելի նրանց ստիպել միասին ապրել։ Քանզի այդ դեպքում ամեն մի կենցաղային քայլ, ամեն մի հայացք ու մանրուք կարող են կայծ դառնալ վառոդի այն տակառի համար, որը մեր տակ կդնեն եվրոպացի ազատական քեռիներըՙ բացելով հայ-թուրքական սահմանը։ Եվ, հավատացեք, «բուդապեշտյան կացինը» այդ ժամանակ ամենքիս կթվա մանկական խաղալիք։ Եվ առաջին հերթինՙ այն «խելացիներին», որոնք այնքան ձգտում են հարաբերություններ հաստատել ու զարգացնել «տնտեսապես զարգացած հարեւանի», «գրեթե Եվրոպայի» հետ։

Եվ հայերը վերստին ե՞րբ կգիտակցեն ինքնուրույն «արդարացի գնահատական տալու» անհրաժեշտությունը, ե՞րբ հերթական անգամ բրիչը կփոխարինեն զենքով։ Գուցե արդեն ուշ լինի... Բայց ամենայն հավանականությամբ ժամանակ կլինի թշնամու վիզը ոլորելու համար։ Ճիշտ էՙ հերթական անգամ հսկայական զոհերի եւ զրկանքների գնով, ինչպես արդեն քանիցս եղել է Պատմության մեջ։

Բայց ինչպե՞ս բացատրենք եվրահանձնաժողովների ոչ այնքան խելացի եվրաքեռիներին, որ նրանք չփորձեն խաղաղ ու աշխատասեր հայերին բռնությամբ վերածել մարդասպանների ու ելուզակների։ Չէ՞ որ մենք կարող ենք դառնալ այդպիսիք, եւ դա, հավատացեք, ահավոր կլինի։

Քանզի, կրկնում եմ, Պատմությունը չի հանդուրժում ստորադասական եղանակ։ Քանզի մինչ օրս արդարացի գնահատական չի տրվել 30 տարիների (1893-1923 թթ.) Հայոց ցեղասպանությանը։ Քանզի Թուրքիան դեռ չի զղջացել։ Քանզի դեռ վերադարձված չեն ալեհեր Արարատը, Էրզրումն ու Կարսը, որոնք ենիչերիներին հանձնվեցին հյուսիսային Ավագ եղբոր գրչի մեկ հարվածով գյուլիստաններում եւ կարսերում։

Իմ խորին համոզմամբ, դա պետք է դառնա Հայաստանի եւ երկրի առաջադեմ ուժերի ներկայիս ուղեգծի հիմնական բաղկացուցիչ մասը։ Բայց որքա՞ն խոչընդոտներ կան այդ ճանապարհին։

Նեղմիտ եվրաչինովնիկներ... Քշտած թեւքերով կորովի յանկիներ... Լռակյացի համախտանիշով տառապող հյուսիսցի Ավագ եղբայր... Հաստավիզ ու պնդաճակատ հայ տխմարներ, որոնք ձգտում են առեւտուր անել եւ խաղաղ գոյակցել թուրքական յաթաղանի ներքո... Անջիղ մտավորական-ամբոխավարներ, որոնք ճամարտակում են ազատական արժեքների մասին եւ ջանում ավելի լավ լիզել իրենց վզակոթին տվող տիրոջ ձեռքը... Քանի՜-քանի՜ խոչընդոտների ու խնդիրների ստիպված կլինենք բախվել ազգային գաղափարի իրականացման ճանապարհին։ Սպասվում է դժվարին պայքար...

Վերջերս վիճակվեց լսել ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Հրանտ Մարգարյանի ծրագրային ելույթը, որտեղ նա խոսում էր արտաքին քաղաքական դոկտրինայի «թուրքական ուղղության» մասին։ Ասված էր բավականաչափ հստակ ու որոշակի։ Ես կասեի միայնՙ ոչ բավականաչափ կտրուկ... Հարկավոր է իրերն անվանել իրենց անուններովՙ առանց որեւէ երկմտության։ Դաժան եւ անզիջում կերպով։ Անհրաժեշտ է հայերի համար բախտորոշ այդ գործընթացներին նայել սթափության տեսանկյունից, որը մթագնված չէ ամեն կարգի հայրենական տխմար ամբոխավարների եւ արկածախնդիրների կողմից։

Վստահ եմ, որ հարկավոր է անհամեմատ ավելի սուր, քննադատական եւ անհաշտ լինել սեփական հայտարարություններում ու մոտեցումներում։ Կոմպլեմենտարիզմով մեղմացված սկզբունքայնությունն այսօր պարզապես անթույլատրելի է։ Քանզի հարցը ծառացած է առավել սրությամբ, քան որեւէ մեկին կարող է թվալ։ Հարցը հետեւյալն էՙ կլինե՞ն, թե՞ չեն լինի հայոց պետությունը, հայ ժողովուրդը։

ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ, «Գրանդ հոլդինգի» նախագահ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4