Փետրվարի 9-ին Ստամբուլում տեղի է ունեցել հուղարկավորությունը թուրք ռոք աստղ Չեմ Կարաչայի, որն առաջինը փորձել էր հանդիսատեսին ներկայացնել ավանդական թուրքական ժողովրդական երաժշտությունըՙ համեմված ռոքնռոլի աշխույժ ռիթմով, հաղորդում է «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթը։
Ձախակողմյան հայացքների տեր արվեստագետը, որի մայրը հայ, իսկ հայրըՙ իրանցի է եղել, ընդհարումներ է ունեցել պահպանողական զինվորական շրջանակների հետ եւ փախուստ է տվել Թուրքիայից 1980-ի զինվորական հեղաշրջումից հետո։ Թուրքական կառավարությունը նրան զրկել է քաղաքացիությունից, եւ նա ութ տարի Գերմանիայում աքսորված է եղել, նախքան Թուրքիա վերադառնալը։
«Որպես այլախոհ, նրա երաժշտությունն ու քնարերգությունը շատ կարեւոր են ընդհանրապես թուրքական երաժշտության համար։ Բայց առավել կարեւոր է նրա դերը որպես երիտասարդների շրջանում նոր ալիք ստեղծելու ներկայացուցիչ», ասել է «Աչըք ռադիո» ռադիոկայանի տնօրեն Օմեր Մադրան։
Չեմ Կարաչան 58 տարեկան էր եւ մահացել է սրտի տագնապից։
Հ. Ծ.