Երեկ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի հրավերով ուսանողների հետ հանդիպման էր եկել ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։ Քանի որ նախարարը նոր ոչինչ չուներ ասելու, որոշվեց միանգամից ուսանողներին լսել։
Դահլիճում կանգնելու գրեթե տեղ չկար։ Ուսանողների յուրաքանչյուր հարցին հետեւում էին դահլիճում ներկաների ծափերը, ժամանակ առ ժամանակ էլՙ սուլոցները։ Մթնոլորտն այնքան էլ բարիդրացիական չէր։ Ամեն դեպքում, եղան հարցեր եւ հնչեցին պատասխանները։
Ինչ վերաբերում է օրենսդրական նման նախաձեռնության շարժառիթին, պաշտպանության նախարարը նախ խնդրեց քաղաքական այրերին եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներինՙ նախարարին կամ նախարարությանը մտքեր, բառեր չվերագրել։ Նա հայտարարեց, որ օրենքի նախագիծը ոչ թե ուղղված է կրթության ոլորտում կոռուպցիայի նվազեցմանը, բանակում զինակոչիկների թվի աճին, պատերազմական գործողությունների վերսկսման հնարավորությանը, այլ պարզապես բոլորին հավասար հնարավորություններ տալուն։ Ավելին, նախարարն այս նախագիծը «կիսատ-պռատ» է համարում եւ գտնում է, որ եթե հնարավորություն ունենար, միանգամից օրենքով կսահմաներ զինակոչ 18 տարեկանից։
Պետհամալսարանի արեւելագիտության ֆակուլտետի ուսանող Թադեւոս Չարչյանն առաջարկում էր պրոֆեսիոնալ բանակ ունենալ։ «Երեւի թե ամեն մի պաշտպանության նախարարի փայփայած երազանքն է, որ պետությունն ունենա պրոֆեսիոնալ բանակ, - ասաց Սերժ Սարգսյանը։ - Բայց պրոֆեսիոնալ բանակ ունենալը կախված է երկրում երիտասարդությանՙ բանակում ծառայել-չծառայելու ցանկությունից։ Ես այդքան էլ վստահ չեմ, որ մենք կարող ենք կամավոր հիմունքներով անհրաժեշտ քանակությամբ մարդ հավաքել։
Դա կախված է նաեւ ֆինանսական շատ մեծ միջոցներից։ Ռուսաստանն, օրինակ, 2 մլրդ դոլար է հատկացրել ընդամենը 100.000-անոց պրոֆեսիոնալ բանակի համար»։
Նախարարը նշեց, որ այսօր մեր պետության չափսերի համեմատ մենք իրոք մեծ բանակ ունենք, բայց դա ստեղծված իրավիճակի արդյունք է։ Եթե մեզ վտանգներ չսպառնային, մեր բանակը պետք է 10.000-20.000 լիներ։
Ուսանողները փորձում էին հասկանալ, թե 170 ասպիրանտները թվաքանակի առումով որքա՞ն օգուտ կտան բանակին։ Նախարարը հայտարարեց, որ այսօր մեր բանակը զինծառայողների թվաքանակի խնդիր չունի։ Ըստ նախարարիՙ խնդիրն այն է, որ բանակում պետք է ծառայեն բոլորը։
Ուսանողներից մեկը բողոքեց գիտնականների ցածր աշխատավարձից։ Պրն Սարգսյանն ասաց. «Իհարկե, չափազանց վատ է, որ գիտնականը ամսական 22 դոլար է ստանում, ես էլ եմ շատ բաներից դժգոհ, իհարկե, վատ է, որ Հորադիզում խրամատներում ծառայողը 50 դոլար է ստանում։ Բայց ինչ արած, դա է մեր երկրի վիճակը»։
Ուսանողների այն հարցին, թե ինչու պետք է գիտնականը ծառայի բանակում, ոչ թե գիտությամբ զբաղվի, Սերժ Սարգսյանը հարցով պատասխանեց, թե այդ դեպքում ինչո՞ւ պետք է նկարիչը ծառայի բանակում, չէ՞ որ չի կարելի նկարչությունը ընդհատել, ինչո՞ւ պետք է երաժիշտը, մանկավարժը ծառայեն բանակում, չէ՞ որ նրանց աշխատանքն էլ չի կարելի կիսատ թողնել, բայց այդ դեպքում ո՞վ է այս երկիրը պահելու։
Սա վերջին հարցն էր, որի պատասխանը ստացավ ներկա ուսանողների մի մասը։ Պարզվեցՙ ժամը 14.50 է, եւ նրանք պետք է դուրս գան դահլիճից, քանի որ ժամը 15.00-ին Կինոյի տանը ուսանողները հավաք էին նշանակել։ Սուլոցներով, «դուրս-դուրս» ասելով նրանք լքեցին դահլիճը։
Ինչ վերաբերում է բուհերում ռազմական ամբիոնների վերաբացմանը, նախարարն ասաց, որ կոպիտ սխալ է համարում 90-ականների վերջին պաշտպանության նախարարության կողմից ռազմական ամբիոնների լուծարման որոշում կայացնելը, սակայն այսօր գտնում է, որ մոտակա 10-15 տարիների ընթացքում հնարավոր չէ վերականգնել այդ ամբիոնների նյութատեխնիկական բազան եւ այդ ամբիոններում ստանալ շատ թե քիչ «տանելի» կրթություն։
Մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի ուսանողներին արտոնություններ տալու վերաբերյալ նախարարն առաջարկեց բակալավրիատն ավարտելուց հետո կազմակերպել մագիստրատուրայի ընդունելությունը, տալ ուսանողի ընդունելության հրամանը։ Նա բանակ կգնա, կծառայի, հետո կշարունակի ուսումը։
Վերջին օրերին ուսանողների կազմակերպած դասադուլերի, երեկվա հանդիպմանը ուսանողների նման վերաբերմունքի մասին Սերժ Սարգսյանն ասաց. «Ուսանողները փորձում են իրենց իրավունքը պաշտպանել, այստեղ որեւէ արտառոց բան չեմ տեսնում»։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ նախարարն ասաց, որ հավասարության սկզբունքը միայն մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում չպետք է լինի։ Այսօր հանրապետությունում կան նաեւ այլ բուհեր, որոնց ուսանողները չեն օգտվում տարկետման իրավունքից։ Հավասարության իրավունք նրանք էլ պետք է ունենան։
Ինչ վերաբերում է Կինոյի տանը ուսանողների հավաքին, ապա այնտեղ մարտական տրամադրություն էր։ «1988-ից հետո երբեք այսքան ոգեւորված չենք տեսել ուսանողությանը։ Մենք հաղթելու ենք», ասում էին նրանք։ Բոլորը խոսում էին բանակի կարեւորության եւ ապագա գիտնականներին ծառայությունից ազատելու անհրաժեշտության մասին։ Առաջարկվում էր չհամաձայնել որեւէ տարբերակի քննարկման։
Նրանք ասացին, որ արդեն «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբին տեղյակ են պահել, որ իրենց բողոքին են միանում Մոսկվայի պետական համալսարանի, Մոսկվայի պետական բժշկական ակադեմիայի հայ ուսանողները։ Սպասում են արձագանքների Անգլիայի, ԱՄՆ-ի եւ Մյունխենի պետական համալսարանի հայ ուսանողներից։
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ