Մոսկվայում «Աերոֆլոտի» հովանու ներքո անցկացվող շախմատային փառատոնում առաջինն իրենց մրցավեճն ավարտեցին «B» եւ «C» խմբերում հանդես եկող շախմատիստները։ Ինչպես տեղեկացրել էինք, ավարտականՙ 9-րդ տուրից առաջ «C» խմբում հաղթող ճանաչվելու հիանալի հնարավորություն ուներ Ավետիք Գրիգորյանը, որ 7,5 միավորով միանձնյա ստանձնել էր առաջատարի դերը։ Ցավոք, ողջ մրցաշարում գերազանց հանդես եկած հայ շախմատիստը ձեռքից բաց թողեց առաջին տեղը գրավելու հիանալի հնարավորությունը։ Ավարտական տուրում Գրիգորյանը սպիտակներով պարտվեց 7 միավոր ունեցող Ալեքսանդր Պոտապովին, որն էլ այդ հաղթանակի շնորհիվ արժանացավ հաղթողի կոչմանը։ Իսկ Ավետիք Գրիգորյանը ստիպված էր Միրզանուրովի եւ Զուրաբ Իգրիաշվիլու հետ բաժանել 2-4-րդ տեղերը։ Փաստորեն, միակ պարտությունը Ավետիքի համար ճակատագրական եղավ։ Հայ շախմատիստներից երկրորդ արդյունքն ունի Գարուշ Մանուկյանը, որը հաղթելով Վիկտոր Թահիրովին, 6,5 միավորով տեղ զբաղեցրեց 2-րդ տասնյակում։ Առաջատարների շարքում ընդգրկվելու լավ հնարավորություն ուներ ռուսաստանցի Արսեն Օհանյանցը (6 միավոր), սակայն նա վերջին տուրում զիջեց Օլեգ Յուֆերեւին։ «C» խմբում հանդես եկած մեր մյուս շախմատիստների արդյունքները հետեւյալն են. Հրայր Սիմոնյան, Աշոտ Ավետիսյանՙ 5,5-ական միավոր, Բաբկեն Հարությունյանՙ 5։
«B» խմբի մրցաշարում էլ հաղթելու լավ հնարավորություններ էր պահպանում Վրաստանը ներկայացնող Դավիթ Հարությունյանը։ Ճակատագրի բերումով նա մրցում էր Լեւոն Բաբուջյանի հետ, որը եւս 6,5 միավոր էր վաստակել։ Նրանց մրցավեճում հաղթող ճանաչվեց Դավիթը։ Արդյունքում չորս շախմատիստներՙ Դավիթ Հարությունյանը, Անատոլի Շվեդչիկովը, Ձագայ Ձագաեւն ու Գեորգի Բագատուրովը վաստակեցին հավասարՙ 7,5-ական միավոր եւ բաժանեցին 1-4-րդ տեղերը։ Մրցաշարը գերազանց սկսած Բենիամին Գալստյանը, որը մեկնարկում 6 անընդմեջ հաղթանակ էր տարել եւ հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկն էր, պարզապես տապալեց վերջնագիծըՙ կրելով 3 անընդմեջ պարտություն։ Արդյունքում նա 6 միավորով տեղ զբաղեցրեց միայն 3-րդ տասնյակում։ 6,5 միավոր վաստակեցին Լեւոն Բաբուջյանը, Աշոտ Նադանյանն ու Տիգրան Քոթանջյանը, ընդ որում Նադանյանը վերջին 5 տուրերում իր օգտին գրանցեց 4,5 միավոր։ 5-ական միավոր վաստակեցին Հրանտ Մելքումյանը, Հակոբ Վարդանյանը, Լիլիթ Մկրտչյանը, Նելլի Աղինյանը, Համլետ Թումանյանն ու Վարդան Դանիելյանը։ Ավելի հաջող հանդես եկավ Դավիթ Պետրոսյանը (6 միավոր)ՙ կրելով միայն մեկ պարտություն։ Իր օգտին 4,5 միավոր գրանցեց Արմեն Տոնոյանը։ Թույլ հանդես եկան Լազար Բեգլարյանն ու Յուրի Հայրապետյանըՙ 3-ական միավոր։
Իսկ այժմ անդրադառնանք ուժեղագույնների մրցաշարին։ Այստեղ կայացավ նախավերջինՙ 8-րդ տուրը։ Առաջատարների խմբում գտնվող հայ շախմատիստներից հաջող խաղաց միայն Ռաֆայել Վահանյանը, որը պարտության մատնեց իր երիտասարդ հայրենակից Տիգրան Պետրոսյանին։ Վերջինս առաջին պարտությունը կրեց, իսկ ահա մեր փորձառու գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը շատ վստահ է հանդես գալիս եւ դեռեւս չի արտասանել «հանձնվում» եմ տհաճ բառը։ Վահանյանն ավարտական տուրից առաջ 6 միավորով բաժանում է 2-15-րդ տեղերը։ Վերջին տուրում նա մրցելու է նույնքան միավոր ունեցող ֆրանսիացի գրոսմայստեր Ժոյել Լոթյեի հետ։ Իսկ աղյուսակը 6,5 միավորով շարունակում է գլխավորել ռուսաստանցի Վալերի Ֆիլիպովը, որը ոչ-ոքի խաղաց մրցաշարում ամենաբարձր անհատական վարկանիշն ունեցող Ալեքսեյ Դրեեւի հետ։
Հաղթելու լավ հնարավորություններ էր պահպանում նաեւ Կարեն Ասրյանը, սակայն նա էլ այս տուրում անհաջողության մատնվեցՙ կրելով անդրանիկ պարտությունը։ Կարենը զիջեց Սերգեյ Ռուբլյովսկուն։ Արտաշես Մինասյանն էլ պարտվեց գերմանացի Ալեքսանդր Գրաֆից։ Ասրյանը, Մինասյանն ու Պետրոսյանն ունեն 5-ական միավոր։ Նույնքան միավոր վաստակեցին նաեւ Գաբրիել Սարգսյանն ու Լեւոն Արոնյանըՙ համապատասխանաբար հաղթելով Ալեքսանդր Իվանովին ու Եվգենի Վորոբյովին։ Նրանց շրջանցեց Արա Մինասյանը (5,5 միավոր)ՙ հաղթելով Յան Էլվեստին։ Իր օգտին հաղթանակ գրանցեց նաեւ Արման Փաշիկյանը, իսկ Մովսիսյանը, Գրիգորյանցն ու Էլինա Դանիելյանը պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով։