Հացարտադրողները քաշի վերաբերյալ հայտարարագրեր չեն ներկայացնում
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի այս տարվա հատուկ հրամանով ՀՀ որակի տեսչությունը արդեն 10 օր հացի քաշի, որակի եւ ընդհանրապես մակնշման բոլոր ցուցանիշների հետ կապված ստուգումներ է սկսել վաճառքի եւ արտադրության կետերում։ Հիմնական պահանջն այն է, որ բոլոր վաճառակետերում գնի հետ միասին նշվի նաեւ հացի քաշը։
ՀՀ որակի տեսչության պետ Աշոտ Մանուկյանի տեղեկացմամբ, ստուգումներ են կատարվել արդեն 60 տնտեսվարող սուբյեկտներում, 40-ում արձանագրվել են եւ քաշի, եւ որակի խախտումներ։ Նրանց վարչական տուգանքների ենթարկելու գործողություններն ընթացքի մեջ են։
Նորմատիվ ստանդարտից որեւէ շեղում, ըստ վարչական իրավախախտումների օրենսգրքի, պատժվում է նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով։ Իսկ եթե նույն բնույթի խախտում արձանագրվում է արտադրության մեջ, ապա տուգանքի չափն ավելի մեծ էՙ նվազագույն աշխատավարձի 100-ից 300-ապատիկի չափով։
Որպես համընդհանուր արատավոր գործելաոճ արտադրողները արտադրանքի բեռնագրերում երբեւէ չեն նշում հացի քաշը, եւ ասենք, 120 դրամով հաց գնողը ոչ կարող է իմանալ, թե իրականում ինչքան պիտի լինի այդ արժեքով գնված հացի գինը, ոչ էլ առավել եւս կարող է բողոքել որեւէ շեղում հայտնաբերելու դեպքում։ Այս կարգի խախտում հայտնաբերվել է 10 արտադրողների մոտ։ Ստանդարտների համաձայն քաշի տատանումները չպետք է անցնեն 3 տոկոսի սահմանը։ Փաստորեն ստուգումներ իրականացնող տեսուչները հիմնականում հայտնվել են անհեթեթ վիճակում, քանի որ խախտում կարելի է արձանագրել այն դեպքում միայն, եթե բեռնագրում առկա է քաշի վերաբերյալ հայտարարագիրը։
Գործընթացը շարունակական է լինելու, մինչեւ տարիներ բարձիթողի մատնված այս ոլորտի կարգավորումը։
Խորհրդային տարիներին հացի քաշի ստանդարտային պահպանությունը խստագույն հսկողության էր ենթարկվում։
Ազատական տնտեսության մուտքի հետ արտադրողների ձեռքերն ազատ արձակվեցինՙ սպառողի հետ վարվելու այնպես, ինչպես ուզում են։ Իհարկե, հացի տարբեր տեսակների քաշային տարբերակները իրենք կարող են որոշել, այդպես էլ անում են, առանց, սակայն, այդ մասին սպառողին տեղեկացնելու նեղություն քաշելու։
Ի դեպ, այս բավական ուշացած միջոցառումը կարող է որոշակի թափանցիկություն հաղորդել նաեւ հարկային դաշտին, քանի որ նման սկզբունքներով հաց թխողները ակնհայտորեն ստվերում աշխատելու մեծ պոտենցիալ ունեն։ Զարմանալի է միայն, որ բյուջեն սնելու ունակ այս կարեւոր աղբյուրի այս կարեւոր թերացումը այսքան ժամանակ «վրիպել» է հարկահավաքության նորմերը որոշող ու կիրառող ատյանների ուշադրությունից։ Բայց, ինչպես ասում են, լավ է ուշ, քան ավելի ուշ։ Ստուգումներ իրականացվում են նաեւ հանրապետության մարզերում։ Վարչության պետի հավաստմամբ, իրենց այցելած կետերում անխտիր վերականգնվում են հացի քաշի մակնշման պահանջները, սակայն չի բացառվում նաեւ, որ ստուգումից հետո արտադրողներն ու վաճառողները կրկին անցնեն նախկին աշխատաոճին։ Ուստի ակնկալում են սպառողի աջակցությունըՙ որեւէ խախտում նկատելու դեպքում տեղեկացնել իրենց։ Ի դեպ, տեսուչները պատմում են, որ տնտեսվարողներից 3-ը բավական համառ դիմադրություն են ցույց տվելՙ (Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի համայնքներում) վաճառվող հացը պահելով, վաճառակետը փակելով, խոչընդոտելու այլ միջոցներ ձեռնարկելով։
Տեւական բնույթի հավակնող այս ստուգայցերի մասին, հաց սպառողներն, անկասկած, դեռ չգիտեն, քանի որ հեռուստացույցից զատ լրատվության այլ միջոցից օգտվելու հնարավորություն մեծամասնությունը չունի։ Այնպես որ, հուշենք, փոքրիկ այս տեղեկությունից զատ միջոցառման նախանձախնդիրները լայնորեն պիտի աշխատեն նաեւ հեռուստատեսային տեղեկատվական դաշտում։ Եվ գուցե, ակտիվ սպառողների շարասյանը իրազեկելու դեպքում, իսկապես տեղաշարժեր լինեն վաղուց քարացած արատավոր ավանդույթներով այս ասպարեզում, ուր արտադրողն անպատիժ կամայականությամբ շարունակում է բարձրացնել գները։ Ոլորտը կանոնակարգելու հույսը, ի դեպ, սպառողն արդեն կորցրել է։