Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Ջոն Հոփկինսի համալսարանի իր ելույթում ասել է, որ ինքը շատ ուրախ կլիներ ղարաբաղյան հարցի կարգավորումը տեսնել ԵԱՀԿ շրջանակներում։ Պատասխանելով ադրբեջանցի լոբբիստ Ջեյհուն Մոլազադեի հարցին, թե ինչ դեր է պատրաստվում Վրաստանի նախագահն ունենալ ԼՂ կարգավորման հարցում, Սաակաշվիլին ասել է, որ ինքը նախաձեռնություն չի ունենա, ապա վստահություն է հայտնել, որ փորձառու եւ պատերազմի բովով անցած Ռոբերտ Քոչարյանը եւ «չափավոր» Իլհամ Ալիեւը կարող են գտնել կարգավորում։ Այս տեղեկությունը «Ազգը» ստացել է Ամերիկայի հայկական համագումար կազմակերպությունից։
Փետրվարի 22-27-ը Մ. Նահանգներում գտնվող Վրաստանի նախագահը, ինչպես գրել ենք «Ազգի» նախորդ համարներում, հանդիպումներ է ունեցել նախագահ Բուշի, պաշտպանության քարտուղարի տեղակալ Վոլֆովիցի, ԿՀՎ-ի տնօրեն Մյուլլերի, կոնգրեսականների, ինչպես նաեւ Ամերիկայի հայկական համագումար կազմակերպության ղեկավարության հետ, դասախոսություն կարդացել Ջոն Հոփկինսի համալսարանում։
Հոփկինսի համալսարանի ելույթում Սաակաշվիլին գովաբանել է Զբիգնեւ Բժեզինսկուն եւ նրան անվանել ԽՍՀՄ-ի դեմ պայքարի խորհրդանշան։ Սաակաշվիլին ասել է, որ վարդյա հեղափոխությունը «չի կարող արտահանվել» այլ երկրներ։ Վրաստանի նախագահը խոստովանել է, որ Շեւարդնաձեին իշխանությունից հեռացնելու համար ստացել է Արեւմուտքի օգնությունը, բայց, մյուս կողմից, ճիշտ չեն այն պնդումները, թե հեղափոխությունը CIA-ի կազմակերպած դավադրություն էր։ Սաակաշվիլին ասել է նաեւ, որ ինքը եւ Աջարիայի առաջնորդ Ասլան Աբաշիձեն միմյանց տանել չեն կարող։