Բայց չդատապարտեցին հայ սպայի կացնահարումը
Փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը դանակահարեց, ապա կացնահարեց ՀՀ բանակի սպա Գուրգեն Մարգարյանին։ Այս անմարդկային եւ դաժանությամբ աննախադեպ արարքը դատապարտեցին բազմաթիվ հեղինակավոր միջազգային կազմակերպություններ, տարբեր երկրների դեսպաններ, դիվանագետներ։ Ադրբեջանցու ստոր արարքը դատապարտեցին նաեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, մտավորականներ, տարբեր կուսակցություններ։
Ադրբեջանցի սպային խնայեցին եւ նրան չդատապարտեցին Հայաստանում գործող եւ գերազանցապես օտարերկրյա դրամաշնորհներով սնվող հասարակական կազմակերպություններից շատերը, որոնք դրամաշնորհ են ստանում նաեւ «հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ վստահության մթնոլորտ ձեւավորելու» նպատակով։ Համենայն դեպս, մամուլում, հեռուստատեսությամբ, լրատվական գործակալություններում չհանդիպեցինք նման դատապարտող հայտարարությունների։
Այս մասին թերեւս չարժեր նաեւ գրել։ Սակայն, մյուս կողմից, այս նույն հասարակական կազմակերպություններն են, որոնք պատրաստ են մի քանի կոպեկով աշխարհի զանազանՙ մարդու իրավունքների, համասեռամոլների, Եհովայի վկաների պաշտպան կազմակերպություններին պատմել այն սարսափելի մթնոլորտի մասին, որն արդյունք է Հայաստանի իշխանությունների վարած խտրական քաղաքականության։ Բավական է հայկական բանակում որեւէ դժբախտ պատահար կամ զինվորների միջեւ վեճ, եւ հայրենական հասարակական կազմակերպությունները պատրաստ են լծվել իրենց գործինՙ զբաղվել «ստուկաչությամբ»։ Բավական է որեւէ Եհովայի վկայի կամ համասեռամոլի չոռ ասել, որ, օրինակ, հելսինկյան կոչվող ընկերակցությունն աղմուկ-աղաղակ բարձրացնի, մեղադրի Հայ առաքելական եկեղեցուն եւ համապատասխան գրությամբ տեղեկացնի վերեւներինՙ հավաստիացնելու, թե Հայաստանում իրականացվում է տոտալ տեռոր։ Այս պարագայում խնդիրն այն չէ, որ, իրոք, Հայաստանում կարող են եւ իսկապես ոտնահարվում են մարդու տարրական իրավունքները։ Խնդիրն այն է, որ դաժանաբար սպանվել է մարդ արարած, տվյալ դեպքում հայ սպա, եւ մարդու իրավունքների պաշտպան հորջորջվող կազմակերպությունները չեն դատապարտում այդ անմարդկային արարքը։
Բուդապեշտի կացնահարությունը չարժանացավ նաեւ Հայաստանի ընդդիմադիր դաշտի մի շարք քաղաքական լիդերների ուշադրությանը։ Երեւի թե սրա մասին էլ չարժեր գրել, բայց նույն այս գործիչներըՙ բավական է տրորվեր իրենց կոսմոպոլիտ մտածողությամբ գործընկերների ոտքը, Եվրոպայով, Եվրախորհրդով մեկ ճղճղոց կբարձրացնեին, Էբերտի ու Նաումանի ինստիտուտներն իրար կանցկացնեին։
Փողը, դրամաշնորհը կարո՞ղ են մթագնել տալ հայի դատողությունը։ Պարզվում է, կարող են, եթե դրա համար դրամաշնորհ չկա։
Թ. Հ.